Գայանե Հարությունյան. «Մարդը պետք է անտարբեր չլինի իր քաղաքի, շենքի, բակի, այգու հանդեպ»
Եղեգնաձորի ավագանու անդամ Գայանե Հարությունյանն, ով կրկին առաջադրվել է հոյտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում, էությամբ անհանգիստ, նախաձեռնող, մարդկանց և համայնքի խնդիրների նկատմամբ սրտացավ կին է: Ասում է` մարդը հասարակական էակ է և պետք է անտարբեր չլինի իր քաղաքի, շենքի, բակի, այգու հանդեպ: Բոլորի նման նա էլ իր թոռնիկներին տանում է քաղաքային զբոսայգի, խաղահրապարակ ու մտովի հպարտանում, որ իր ներդրումն ունի դրանց կառուցման գործում: Հպարտանում է, որ քաղաքի տարբեր հատվածներում ստեղծվել են ծաղկանոցներ, որ իր համառության արդյունքում շուրջ 36 շենքի տանիքներ, 8 բակ, մանկապարտեզի խոհանոցն ու խմբասենյակները վերանորոգվել են, իսկ որպես բժիշկ նա մշտապես հետևում է հատկապես մանկապարտեզում սննդի որակին …
Այս ընտրություններին Գայանեն մասնակցում է «Հավատով սատարենք կանանց» կարգախոսով: Ասում է , առանց կանանց դժվար է ապահովել համայնքի առաջընթացը, երկրի զարգացումը և նոր սերնդի դաստիարակությունը:
– Կարծում եմ, որ գործունյա կանայք պետք է ընդգրկվեն քաղաքականության մեջ: Շատերն ասում են պետք չէ, իսկ ես պնդում եմ , որ կանայք չեն խուսափում այդ պատասխանատվությունից, մենք էլ հարթում ենք այդ ուղին…
Գայանե Հարությունյանը ծնվել է Վայոց ձորի Արտաբույնք համայնքում: Եղեգնաձորի շրջանային կոմիտեում կադրերի բաժնի վարիչ աշխատող հոր և գրող, հրապարակախոս մոր`Լուսիկ Մկրտչյանի զավակները` դուստրն ու երկու որդիները պետք է ստանային բարձրագույն կրթություն, դա էր ծնողների ցանկությունը: Ուստի դպրոցն ավարտելու հետո երեքն էլ սովորեցին և ավարտեցին երևանյան բուհերը: Գայանեն ավարտեց Երևանի բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը, այնուհետև Եղեգնաձորի Բժշկական կենտրոնում 15 տարի մանկաբույժ աշխատելուց հետո ու մասնակցելով ընտանեկան բժշկության վերապատրաստման դասընթացներին ստացվ ընտանեկան բժշկի որակավորում: Մինչ այսօր աշխատում է Եղեգնաձորի բժշկական կենտրոնում և Մալիշկա համայնքում որպես ընտանեկան բժիշկ: Եղբայրներից մեկը` Ավագ Հարությունյանը Հայաստանի գլխավոր գինեգործն է, մյուս եղբայրը` Արթուր Հարությունյանը Վայոց ձորի սննդի անվտանգության գլխավոր մասնագետն է:
Գայանե Հարությունյանի երկու դուստրերն ու միակ որդին նրան արդեն երջանիկ տատիկ են դարձրել: Ամուսնու հետ Հերմոն գյուղում հիմնել են ձկնաբուծարան, խնամում են 40 մեղու, մեծաքանակ սագեր և բադեր:
– Օրս շատ ծանրաբեռնված է, միաժամակակ հերթապահում եմ ստացիոնար բաժնում, կանչերին եմ արձագանքում, մի խոսքով շատ եմ զբաղված, տանը նույնպես հիվանդներ եմ ընդունում, եթե տուն են գալիս, ոնց չօգնեմ: Տանն էլ ամեն ինչ հասցնում եմ, պահածո, ճաշ, արագաշարժ եմ, համ էլ զրուցասեր եմ,- իր մասին պատմում է Գայանեն:
Ընտանեկան բիզնեսից բացի Գայանեն նաև հասարակական գործունեությամբ է զբաղվում: 2012 թ-ին ավագանու ընտրություններում առաջադրվել և հաղթել է, դառնալով Վայոց ձորի միակ կին ավագանին: Ընտանիքը և հատկապես ամուսինը դեմ էին նրա որոշմանը, սակայն երբ համոզվեցին, որ Գայանեն ամեն ինչ հասցնում է, համակերպվեցին: Փոխարենը դեմ էին առաջիկա ընտրություններին մասնակցելու նրա մտադրությանը:
– Մեր մարզում մարդիկ մի տեսակ հուսախաբ են, ընտրությունների հանդեպ նախկին հավատը չկա, թեև բնակիչները խոստանում են իրենց ձայնն ինձ տալ: Վերջին 4 տարիների ընթացքում հասկացա, որ ավագանու ինստիտուտը դեռևս կայացայց չէ, լավ թիմի պակաս կա: Օրինակ, ցանկացած նիստից առաջ պետք է նախապես ավագանին հավաքվի, հարցերը քննարկվեն, ինչպես ասում են`առաջարկները մի լավ եփվեն, հետո նոր դրանք ներկայացվեն ավագանու նիստում: Մինչդեռ այսօր նիստի օրակարգը խտացվում է, խորքային քննարկում չի արվում, արագ-արագ որոշումներ են ընդունվում ու նիստը համարում փակված,- պատմում է Գայանեն:
Փորձի փոխանակման առիթով Իտալիայից ժամանած ավագանիների հետ հանդիպմանը Գայանեի համար նորություն էր «ավագանու ավագ» կարգավիճակը, որը կոչված է համադասել ավագանու աշխատանքը: Ի տարբերություն մեզ` Իտալիայնում ավագանիների աշխատանքը վարձատրվում է, իսկ « ավագանու ավագ »-ը նախքան նիստ գումարելը ավագանու անդամների ներկայացրած հարցերը քննարկում է քաղաքապետի հետ: Գայանեի համոզմամբ թեև գաղափարը հետաքրքիր է, սակայն դժվար թե այն ներդրվի մեզանում:
– Ես շատ կուզեի, որ մեզ մոտ էլ լիներ այսպես կոչված «ավագանու համարկարգող» հասկացությունը, սակայն մեր օրենսդրությամբ նման պաշտոն նախատեսված չի: Ճիշտ է, այսօր մի երեք հոգով նախապես հավաքվում ենք հարցերին ծանոթանալու, բայց կուզեի, որ հարցերը նախապես քննարկելու համար ավագանու բոլոր 11 անդամներն էլ հավաքվեին, մի բան, որը չի արվում:
Գայանե Հարությունյանը տարիներ առաջ իր հիմնադրած «Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն» ՀԿ-ի միջոցով աջակցում է ավագանու աշխատանքերին: Միաջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում իրականացվել է 20-ից ավելի ծրագիր, վերանորոգվել են պուրակներ, մանկական կոնսուլտացիայի շենքը, լուծվել են աղբահանության և փողոցների լուսավորության հարցերը, առայժմ Եղեգնաձորում չլուծված է մնում ներքաղաքային տրանսպորտի հարցը, հիմնական փոխադրամիջոցը տաքսի ծառայությունն է, որը ոչ բոլորին է հասու: Եղեգնաձորի 6 բանուկ թաղամասերում ավագանու նիստերի, որոշումների մասին և առհասարկ, զանազան նորությունների վերաբերյալ տեղադրել են հայտարարությունների ցուցատախտակ, թեպետ վերջին ժամանակները դրանք հաճախակի չեն թարմացվում: Գայանեի շնորհիվ ձևավորվել է ծննդկան կանանց փոքրիկ փաթեթներ նվիրելու ավանդույթ: Լինելով Հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանեն պաշտպանում է ամուսնալուծված ընտանիքների երեխաների շահերը… Նրա աշխատանքը գնահատվում է , նրա առաջակներին հաճախ ականջալուր են լինում…
Գայանեի համոզմամբ կնոջ պակասն իրոք նկատելի է համայնքային խնդիրների լուծման գործում, թեկուզ միայն այն, որ կինն ավելի հետևողական է, սակայն միայնակ շատ բան հնարավոր չէ անել: Դրա համար էլ ուրախ է, որ այս անգամ իրենից բացի ավագանու թեկնածուների թվում առաջադրվել են ևս երկու կին: Կես կատակ , կես լուրջ ասում է. կարելի է հուսալ, որ նախկինի նման տղամարդիկ ավագանու նիստերին ներկայանալուց հետո չեն շտապի հեռանալ, այլ մինչև նիստի ավարտը կմասնացեն առաջարկների քննարկմանը…
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2711