Տանյա Մարտիրոսյան. «Անցել են կնոջը փակի տակ պահելու նահապետական ժամանակները»

Քարագլխի և շրջակա գյուղերի բնակչության առողջական խնդիրներով մտահոգ բժշկուհի Տանյա Մարտիրոսյանին սիրում ու հարգում են ամենուր: Նա աշխատում է Շատին համայնքում տեղակայված և  կողքի  12 համայնքերին սպասարկող «Առողջության կենտրոնում»: Քարագլխի ավագանու անդամ  Տանյա Մարտիրոսյանը այս անգամ էլ է առաջադրել իր թեկնածությունը հոկտեմբերի 2-ին սպասվող ավագանու  ընտրություններում: Միակ կինն է  համայնքում առաջադրված 7 թեկնածուներից:  

 

Վայոց ձորի Քարագլուխ համայնքի անունը ճիշտ է  ընտրված, այն  իրոք քարերի  վրա ստեղծված բնակավայր է: Հեղեղի բերած ժայռերի ու քարերի կույտերի վրա հիմնված տների ու  հողատարածքների սահմանները թեև հարևաններն աչքաչափով են  որոշում, բայց  դա  չի  խանգարում նրանց  միջև հաշտ ու համերաշխ հարաբերությունների հաստատմանը: Մարդիկ ապրում են  մեկմեկու հոգսով,  միմյանց  օգնելու  պատրաստակամությամբ, իսկ  բարի ու աշխատասեր  համագյուղացիների  հետ կարելի է  հաղթահարել ցանկացած դժվարություն: Նրանց  համար  և  նրանց աջակցությամբ այդպես էլ  վարվում է 2012 թվականին համայնքի ավագանու անդամ  ընտրված Տանյա Մարտիրոսյանը:

 

–         Երբ առաջին անգամ ցանկացա առաջադրվել ավագանու թեկնածուի  ընտրություններում, կար մի  հանգամանք, որի պատճառով ամուսինս`Քարագլխի համայնքապետ Արթուր Ստեփանյանը դեմ էր  իմ որոշմանը: Ասում էր, ես  համայնքապետ եմ, եթե դու էլ  ավագանու անդամ  լինեսազգակցականբարեկամական  հարաբերությունները  կխանգարեն  գործին: Ասում էր, որպես  բժշկուհի  համայնքում  ճանաչված և հարգված եսկայացած մարդ ես արդենգուցե դա  բավական է, ամուսինների համատեղ  աշխատելը որքանո՞վ է  ճիշտ, և հետո առանց ավագանու անդամ դառնալու էլ բոլոր հարցերում  ինձ  օգնում ես: Սակայն Եղեգնաձորի Կանաց ռեսուրս  կենտրոնի  ղեկավար Կարինե Մովսիսյանը  կարողացավ  համոզել  ամուսնուս, որ այնուամենայնիվ  առաջադրվեմ, – պատմում է Տանյան:

 

Քարագլխում խնձորի առատ  բերք է  լինում, սակայն մեծաքանակ մթերքի իրացումը ժողովրդի  համար  մեծ գլխացավանք է: Վաճառքի  կամ փոխանակման  համար մոտակա  Գեղարքունիք կամ Վարդենիս  բնակավայրեր  տանելը ծախսատար է, իսկ  գյուղացին չունի այդ  հնարավորությունը: Մինչդեռ  մարդկանց  օգնել է  պետք:  Տանյան  առաջարկեց այդ  տարի Արենիում  անցկացվող բերքի տոնին   հրավիրված  գյուղնախարարին դիմել համագյուղացիների  բերքի  իրացման  հարցում աջակցելու խնդրանքով: Թեև   հույսը մեծ չէր, սակայն  մեծ էր զարմանքն ու ուրախությունը, երբ օրեր անց բեռնափոխադրող «Սպայկա» կազմակերպության ավտոմեքենաները  մտան  գյուղ և օգնեցին 110 տոննա  խնձորի բերքը գյուղացուն հարմար  գնով Քարագլխից  տեղափոխել  հարևան  մարզ:

 

Տանյայի նախաձեռնությամբ ասֆալտապատվել է գյուղի մուտքից  մինչ գյուղամեջ տանող  դժվարանցանելի ճանապարհը, «Դիակոնյա. ԲՀԿ-ի սոցիալ- բարեգործական  ծրագրով համայնքի կարիքավոր 7 ընտանիքի  հատկացվել է աջակցություն:

 

Սակայն  համայնքի  բյուջեն  բավարար չէ բազմաթիվ հարցերի լուծման, այդ  թվում  նաև փողոցների  լուսավորման համար: Մարդիկ դժվարանում են մթնով տեղաշարժվել, անգամ  հարևանի  տուն  գնալը խնդիր է, քանի որ  գիշերը թափառող  շներից ու երբեմն էլ մոտակա  անտառներից  գյուղ իջնող արջերից  վախենում են: Իսկ  դրանց  դեմ  պայքարելու համար դարձյալ  գումարներ են  պետք: Թեև  գյուղը  չունի թեկուզ  փոքր մակերեսով  հարթ  տարածք, սակայն խաղահրապարակի կամ  հավաքատեղի ստեղծելու  անհրաժեշտություն  կա, որտեղ  երեխաները խաղալու հնարավորություն  կունենան, ազատ  ժամերին տարեցներն ու երիտասարդները  կհավաքվեն այդտեղ: Իսկ անմխիթար  վիճակում  հայտնված  մշակույթի տանը կազմակերպվող  միջոցառումները  կբացահայտեն  համայնքի շնորհալի երեխաներին, որոնց  շարքում  շատ են երգող ու պարող, ասմունքող ու նկարող երեխաներ,  բացի դա, Երևանից, Գյումրուց ու  մոտակա  շրջաններից  Քարագլուխ հյուրախաղերի  եկած  համույթների առջև ամոթով  չեն  մնա: Վատ  չէր  լինի հարևան որոշ  համայնքերի  օրինակով Քարագլխում  նույնպես  ստեղծել գյուղմթերքների արտադրության կոոպերացիա, որտեղ  կընդգրկվեն  կանայք: Կոոպերացիան  հնարավորություն  կտա ոչ միայն  լուծել զբաղվածության  հարցը, այլև կանայք մի քանի ժամով  կկտրվեն տնային  միապաղաղ և անվերջանալի աշխատանքից: Սրանք  Տանյա Մարտիրոսյանի առաջիկա ծրագրերն են, որոնք  ցանկանում է իրագործել աշնանը ավագանու անդամի  ընտրություններում  ինքնաառաջադրվելուց և  վերընտրվելուց  հետո:

 

Համոզված է, որ  համագյուղացիների աջակցությամբ ի զորու է  իրականացնել համայնքի զարգացման  հետ  կապված ծրագրերը: Ժամանակի  հարգն  իմացող բժշկուհին և ավագանու անդամը ժամանակն անիմաստ  վատնել  չի սիրում, ուստի  հասցնում է  կատարել  օրվա  ընթացքում  նախատեսված  գործերը: Բժշկի աշխատաժամանակից  դուրս նա ունենում է  նաև  տնային  կանչեր և իր և մոտակա  գյուղերի բնակիչներից: Իհարկե,  օրվա  պլանավորածը հասցնում է սկեսրոջ աջակցությամբ, ում Տանյան  շնորհակալ է որդու  խնամքի և տնային  տնտեսության հոգսերն  իր  հետ կիսելու համար:

 

ՀՀ  սահմանադրությանն ու օրենքերին  քաջատեղյակ Տանյա Մարտիրոսյանը հորդորում է այլ կանանց ավելի համարձակ լինել և ինքնառաջադրվել ընտրություններում , իսկ  տղամարդկանց  խորհուրդ է տալիս ուսումնասիրել  և մյուսներին էլ  տեղեկացնել  կանանց  և տղամարդկանց իրավահավասարության  վերաբերող  պետական քաղաքականության  մասին, որպեսզի մարդիկ հասկանան, որ անցել են  «կնոջը փակի  տակ  պահելու» նահապետական  ժամանակները, որ  կինը  տղամարդուն  հավասար  կարող է  լուծել ոչ միայն  իր տնտեսության, այլև  համայնքային  նշանակության  հարցերը:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 3145

Գլխավոր էջ