Արմենուհի Կյուրեղյան.« Մենք թիմ ենք»

WomenNet.am-ի զրուցակիցն է  Վանաձորի ավագանու ՀՅԴ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում ներկայացված  ՀՅԴ անդամ  Արմենուհի Կյուրեղյանը:  Նա  ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, ՎՊՄՀ ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ, նաեւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճ յուղի  ղեկավարը: Արմենուհին  ՏԻՄ եւ խորհրդարանական  ընտրությունների մասնակցության փորձ ունի:  2007-ին ինքնաառաջադրվել է Վանաձորի ավագանու ընտրություններին, սակայն բավարար ձայներ չի հավաքել:  2012-ին առաջադրվել էր խորհրդարանական  ընտրություններում   ՀՅԴ համամասնական ցուցակով:  Այս անգամ եւս  առաջադրվել է Վանաձորի ավագաոնու ընտրություններում  կուսակցության որոշմամբ:

 

– Տիկին Կյուրեղյան,  ՏԻՄ ընտրությւններում առաջադրվելու Ձեր երկրորդ փորձը ինչով է պայմանավորված:

 

–         Այս անգամ, Վանաձորում   ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են  համամասնական ընտրակարգով, ինձ կուսակցությունն է առաջադրել , ես ինքնս էլ դեմ չեմ եղել այդ գաղափարին: Բացի այդ   Համալասրանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ակտիվիստներից եմ եւ մեր ծրագրերի  մեծ մասն ուղղված է  ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության բարձրացմանը: Բնականաբար, խոսել դրա անհրաժեշտության մասին եւ հրաժարվել, երբ ինքդ ստանում ես այդ առաջարկն ու առաջադրանքը , ճիշտ չէր լինի:

 

-Ի՞նչ կարող եք փոխել համայնքի կյանքում ավագանի ընտրվելուց հետո, ինչպե՞ս եք տեսնում Ձեր ներուժի իրացումը:  

 

–         Ես չէի առանձնացնի ինձ թիմից: Համամասնական ընտրակարգը եթնթադրում է թիմային մասնակցություն եւ թիմային աշխատանք: Մեր թիմը  հզոր, ինտելեկտուալ թիմ է, որտեղ իրենց ոլորտներում կայացած ու փորձառու  մարդիկ են ներգրավված: Բոլորս Վանաձորից ենք , բոլորս շատ լավ գիտենք մեր քաղաքի հիմնախնդիրները: Թիմից յուրաքանչյուրն իր տեղում ինչ-որ հաջողությունների է հասել  եւ ընդհանուր առմամբ, թիմը կարող ուժ է: Խոստումներ չենք շռայլում, լուծումներ ենք առաջարկում : Մի խոսքով,  ունենք թիմ, անհրաժեշտ մտավոր ռեսուրսներ, քաղաքական հենարան` ի դեմս մեր կուսակցության, ունենք կամք` անելու ավելին ու ավելի լավ, քան արվում է։

 

-Իսկ  թիմում հե՞շտ է լինել կին գործիչ:

 

–         Գիտեք, սկիզբն էր դժվար, բայց հիմա ես որեւէ դժվարություն չեմ տեսնում, ես թիմում ունեմ իմ տեղը, իմ դերը եւ թիմն ինձ նայում է որպես թիմի անդամ` մենք չենք զգում տարբերությունը, կին, թե տղամարդ, արդեն հասել ենք դրան, մենք մեկ թիմ ենք:

-Ի՞նչ խնդիրներ է առաջնահերթ համարում ձեր թիմը, հատկապես որ ոլորտներում եք փոփոխության անհրաժեշտություն տեսնում: 

 

–         Բնականաբար, մեր գործունեությունն ուղղված է լինելու Վանաձոր քաղաքը ապրելու, աշխատելու, գործարար կապերը  զարգացնելու համար գրավիչ քաղաք դարձնելուն:  Այստեղից էլ մեր կարգախոսն է` «Վանաձորը կիրթ, բարեկեցիկ, գրավիչ»:  Մենք հնարավոր ամեն ինչ անելու ենք, Վանաձորում ձեռնարկատիրությանն աջակցելու, աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու համար:  Աջակցելու այն արդյունաբերական ձեռնարկություններին, որոնք կփորձեն զարկ տալ արտադրությանը  երբեմնի արդյունաբերական քաղաք համարվող Վանաձորում:  Մենք  նպատակ ենք դնում դարձնել  Վանաձորը զբոսաշրջային կենտրոն, ինչը շատ իրատեսական է, պարզապես  ցանկություն եւ մտավոր ու կարող ներուժ է հարկավոր,  իսկ մենք դա ունենք: Ձգտելու ենք   բարելավել քաղաքի ֆինանսական կառավարումը` այն ավելի թափանցիկ դարձնելով: Սակայն առաջին հերթին,  աշխատելու ենք  մասնակից  դարձնել   քաղաքի բնակիչներին  իրենց    իսկ վերաբերող  որոշումների կայացմանը: Այդ նպատակով  կտեղծվի քաղաքապետին կից Հասարակական խորհուրդ , որում  կընդգրկվեն քաղաքացիական  հասարակության ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների առաջատար և ճանաչված փորձագետներ: Այն  կդառնա բաց, անկաշկանդ ու շահագրգիռ քննարկումների հարթակ:  Մասնակցային  ժողովրդավարության զարգացման  միջոցով  փոխելու ենք   կառավարման որակը, ինչը նախադրյալներ կստեղծի   վանաձորցիների բարեկեցությունը բարձրացնելու  համար:

 

– Իսկ որպես կին քաղաքական գործիչ ի՞նչ կասեք  կանանց  ակտիվությունը խոչընդոտող կարծրատիպերի մասին, դրանք  հաղթահարվե՞լ են:

 

–         Ես չէի ասի, որ կարծրատիպերն ամբողջությամբ կոտրված են, բայց , որ  որոշակի փոփոխություն Վանաձորում կա, տեսնում եմ , որովհետեւ 20 տարի շարունակ մեր Ասոցիացիան  աշխատել է այդ ուղղությամբ : Մենք ամեն օր մի փոքր քայլ ենք  արել կարծրատիպերը հաղթահարելու համար  եւ ամեն օր ինչ-որ բան փոխվել է: Այսօր  ականատես ենք դառնում, որ  այո, վանաձորցին պատրաստ է  նաեւ  առաջին հորիզոնականներում   տեսնել կին գործիչներին:  Խնդիրներն, իհարկե, ամբողջությամբ լուծված չեն, բայց անլուծելի էլ չեն, գոնե Վանաձորում մոտեցումները փոխվել են: Մեր  կուսակցությունում կանանց  մասնակցությունն խնդիր չէ, մեր  ցուցակի առաջին հնգյակում   2 կին է ներկայացված՝   3-րդ   եւ  5-րդ տեղում, թեպետ  կուսակցությունների մի մասը օրենքի մինիմալ պահանջով է առաջնորդվել՝ ներկայացնելով կանանց 4-րդ հորիզոնականից: Եթե անգամ օրենսդրական պահանջն էլ չլիներ, վստահ եմ, մեր կուսակցության ցուցակում կանայք կլինեին առաջին շարքերում:

 

 – Ինչպե՞ս եք գնահատում կառավարման համակարգում , որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության մակարդակը: Արդյո՞ք կանանց ռեսուրսն այսօր մեր երկրում արժանիորեն օգտագործվում է:

 

–         Բնականաբար, որոշումների կայացման բոլոր մակարդակներում` ՏԻՄ-երից սկսած մինչեւ Ազգային  ժողով,  կանանց ներկայացվածությունը  շատ ցածր է:  Եթե   Ընտրական օրենսգրքով կուսակցությունների ցուցակներում  առնվազն  25 տոկոս կանանց ներկայացվածության պահանջ է դրված , ապա  պետք  է  ասենք, որ կանանց ռեսուրսը մեր երկրում շատ ավելին է: Բարձրագույն կրթություն ունեցող անձանց   6օ տոկոսից ավելին կաայք են:  Այս  փաստի հետ  պետք է հաշվի նստել: Այդ ներուժի անտեսումը   մեծ շռայլություն է մեր երկրի համար: Այնպես որ 25 տոկոսի պահանջը իհարկե բավարար չէ, բայց  նաեւ  քայլ է, որը հասարակության մեջ  մոտեցումներ  պետք է փոխի: Ի դեպ,  կարեւորում եմ օրենսդրական այն փոփոխությունը, ըստ  որի  ինքնաբացարկի դեպքում սեռերի հարաբերակցության  պահանջը պետք է պահպանվի:   Սա կարծում եմ  շատ բան է փոխելու, նաեւ   կանանց  քաղաքական մասնակցության   առումով ;

 

-Եվ ինչ պետք է անել կանանց  մուտքը  քաղաքականություն ապահեվելու համար…

 

–         Հարկավոր է կանանց առաջընթացը ապահովող  աշխատանք կուսակցությունների ներսում: Ես դա իմ հասարակական գործունեության փորձից եմ ասում:  Վանաձորի  օրինակով  զգացի, որ կուսակցությունները խնդիր ունեն  իրենց ցուցակներում կանանց ներգրավվածությունն ապահովելու առումով:  Իրականում նրանք   պետք  է ոչ միայն ընտրությունների  նախաշեմին, այլ  ավելի շուտ  մտահոգվեն  իրենց շարքերում կայացած, բանիմաց կանանց ներկայությունն ապահովելու հարցով:  Այդպիսի կանանց պակաս Հայաստանում չկա,  ու եթե նրանք կուսակցություններում չեն , ապա դա կուսակցությունների խնդիրն է:

 

Զրուցեց Մարիաննա Ղահրամանյանը

 

 

 

Դիտումների քանակը` 2974

Գլխավոր էջ