Ցեղասպանությունից հետո . «Կանայք եւ տղամարդիկ տարբեր կերպ են վերապրում ցեղասպանական փորձը»
Երեւանում սեպտեմբերի 17-19-ը անց է կացվւմ ցեղասպանությունը գենդերային տեսանկյունից դիտարկող միջազգային համաժողով: Այն կրում է «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» խորագիրը: Սա իր տեսակի մեջ թվով երրորդ համաժողովն է: Առաջին երկուսն անց են կացվել Լիբանանում ու Բոսնիա եւ Հերցեգովինայում: Երեւանյան գիտաժողովը հյուրընկալել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), որի գրասենյակում էլ տեղի ունեցավ համաժողովին նվիրված անդրանիկ մամուլի ասուլիսը:
Համաժողովը կազմակերպել է «Women in War» կազմակերպությունը՝ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀԲԸՄ Հայաստանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի ( DVV International) հետ համագործակցությամբ։
Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել բանախոսներ ամբողջ աշխարհից՝ Ռուանդայից, Բոսնիայից, Իսրայելից, Պաղեստինից եւ այլ երկրներից: Բանախոսների թվում են ֆեմինիստ մտածողներ, ակտիվիստներ, պատմաբաններ, սոցիոլոգներ, մարդաբաններ, հոգեբաններ եւ իրավաբաններ, ովքեր քննարկելու են ցեղասպանության անձնական , քաղաքական և սոցիալական հետևանքները գենդերային տեսանկյունից: «Իրականում հարցը երկու ակունք ունի՝ առաջինը ինքը ցեղասպանությունն է, և երկրորդը, որ ավելի կարևոր է՝ հետցեղասպանության շրջանի կյանքը։ Մենք խոսելու ենք ցեղասպանությունից հետո ընկած ժամանակահատվածի մասին՝ փորձելով պատասխանել, թե կանայք ու տղամարդիկ ինչպես են վերապրում ցեղասպանության տրավմաները»,- ասուլիսի ժամանակ ասաց համաժողովի կազմակերպիչ , «Women in War» հասարակական կազմակերպության տնօրեն Կարոլ Մանը:
«Հայերը շատ լավ գիտեն, թե դա ինչ է, ավելի քան հարյուր տարի մենք ապրում ենք ցեղասպանության հետեւանքների հետ»,- հայտարարեց ՀԲԸՄ գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը՝ ընդգծելով, որ ՀԲԸՄ-ն ցեղասպանությունից հետո ստեղծել է աղջիկների որբանոցներ, նրանց ապահովել է կրթությամբ եւ օգնել է կանանց սերունդներին դառնալ անկախ: «Մենք հավատում ենք, որ կանայք կարող են դառնալ վերածնման եւ վերակառուցման գործակալները»,- նշեց Կազանջյանը:
ԴՎՎ ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Լուսինե Խառատյանի կարծիքով՝ համաժողովի կարեւորությունը նրանում է, որ այն առաջին անգամ է գենդերային տեսանկյունը բարձրացնում եւ այդ դիտանկյունից է անդրադառնում ցեղասպանական տրավմային»: Նրա խոսքով՝ կանայք եւ տղամարդիկ տարբեր կերպ են հիշում եւ տարբեր կերպ են փոխանցում ցեղասպանական փորձը:
Իսկ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Նոնա Շահնազարյանն իր խոսքում նշեց, որ չափազանց կարեւոր է, որ այս միջոցառումը տեղի է ունենում Երեւանում, քանի որ հայ ժողովուրդը դառը պատմական փորձառություն ունի: «Կարծիքների փոխանակում է տեղի ունենալու, Հայաստանի գիտական միտքն էլ ասելիք ունի այս համաժողովում»,- ասաց Շահնազարյանը:
Մամուլի ասուլիսին մասնակցում էր նաեւ թուրքահայ Լերնա Էքմեքչիողլուն, ով դասախոսում է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում: Նա պատմեց, որ հատուկ առարկա է դասավանդում՝ «Կինը և պատերազմը», որի շրջանակում ուսումնասիրում են տարբեր ժամանակահատվածներում և վայրերում պատերազմի ժամանակ կնոջ խաղացած դերը. «Օրինակ մեր թեմաներից մեկն է կանանց՝ դեպի խաղաղություն միտված գործունեությունը և այս դեպքում ուսումնասիրում ենք Լիբերիան: Կանայք և հեղափոխությունը թեմայի ժամանակ ուսումասիրել ենք 1979 թվականի Իրանի Իսլամական հեղափոխությունը: Կանայք եւ բանակը թեմայի շրջանակներում անդրադառնում ենք ԱՄՆ-ի զինված ուժերում կանանց ծառայությանը, ինչպես նաև նրանց զինակից գործընկերների կողմից բռնությունների ենթակվելու փաստերին »:
Էքմեքչիողլուն նշեց, որ «Կինը եւ պատերազմի» կուրսի ընթացքում ինքն ընդամենը մեկ դասաժամ է կարողանում նվիրել հայոց ցեղասպանությանը, քանի որ շատ քիչ անգլալեզու գրականություն է առկա այդ թեմայով: «Ես հուսով եմ, որ այս համաժողովը կնպաստի, որպեսզի նման քննարկումներ ծավալվեն Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս»:
Մամուլի ասուլիսից հետո ՀԲԸՄ գրասենյակում բացվեց «Քարտեզագրելով ինքնությունը. կերպարներ, սահմաններ եւ ազգություններ» ցուցահանդեսը: Այն ներկայացնում է հայտնի արվեստագետ եւ մարդաբան Դանա Ուոլրաթի աշխաըտանքների ընտրանին: Ցուցահանդեսը Երեւանում կգործի մինչեւ նոյեմբերի 1-ը:
Արման Ղարիբյան
Հ.Գ. Ցուցահանդեսի մասին.
«Քարտեզագրելով ինքնությունը. կերպարներ, սահմաններ և ազգություններ»-ը հայտնի արվեստագետ, հեղինակ և մարդաբան Դանա Ուալրաթի հեղինակած գրքերը, նկարները և ձեռակերտ թղթի վրա արված աշխատանքները: Մասնանվորապես, Ուոլրաթի «Հայացք բարձունքից» ցուցադրությունը ներկայացնում է ցեղասպանության չորրորդ փուլն՝ ապամարդկայնացումը: Շարքը բաղկացած է ձեռագործ գրքերից, որորնք անդարադառնում են վերջին 500 տարիների ընթացքում տեղի ունեցած 9 ցեղասպանություններին (ամերիկյան հնդկացիների, աֆրոամերիկացիների, Ավստրալիայի բնիկների, հայերի, Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Բոսնիայի և Մյանմարում Ռոհինգիայի ցեղասպանությունը) : Ձեռագործ գրքերը ինտերակտիվ են. դրանք ստիպում են մարդկանց էջերը թերթելիս իրենց բառացիորեն մեղսակցի դերում զգալ։ Այս նմուշները կցուցադրվեն ՀԲԸՄ-ում՝ ի թիվս նրա «Հայկական քարտեզներ» շարքի, թղթի վրա արված ավելի ծավալուն աշխատանքների, որոնք վերհանում են ազգայնականության ինքնությունը և ֆետիշացումը:
Դիտումների քանակը` 2927