Անգին Արշակյան. «Պետք է գիտակցես՝ ու՞ր ես գնում, ո՞րն է լինելու քո անելիքը, ի՞նչ ես ուզում փոխել մարդկանց կյանքում»

«Ավագանու անդամը չի ընտրվում միայն խոստումներ տալու, այլ աշխատելու համար: Լինի կին թե տղամարդ՝ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ պատահականորեն մուտք չեն գործում քաղաքականություն: Պետք է գիտակցես՝ ու՞ր ես գնում, ո՞րն է լինելու քո անելիքը, ի՞նչ ես ուզում փոխել մարդկանց կյանքում»,- այսպես  է պատկերացնում ընտրվելու դեպքում իր  աշխատանքը  ավագանիում  մեր զրուցակից՝ Էջմիածնի պետական քոլեջի  դասախոս,  Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղի նախագահ  Անգին Արշակյանը, ով ինքնաառաջադրվել է սեպտեմբերի 18-ին կայանալիք իր քաղաքի ավագանու ընտրություններին: 

 

Օրվա բոլոր ժամերին, իսկ երեկոյան առավել ևս Անգին Արշակյանի նախընտրական շտաբում քաղաքացիների հոսքը չի դադարում: Նրանք դիմում են սոցիալական տարբեր խնդիրներով, համոզված, որ Էջմիածնում իր ակտիվ հասարակական գործունեությամբ բավականին ճանաչված ու հարգված Անգին Արշակյանը ավագանու անդամ ընտրվելու դեպքում կարող է նպաստել իրենց խնդիրների լուծմանը:
– Բոլորն ուրախ են, որ առաջադրվել եմ, սպասում են, որ պետք է ընտրվեմ: Չէի կարծում, որ այդքան համախոհներ կունենամ, թեև գիտեի, որ ինձ ճանաչում են քաղաքում: Իսկ համախոհներն իմ ուսանողներն են, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղի անդամները, իմ ընտրատեղամասի բնակիչներն ու իհարկե  հարազատներս ու բարեկամներս:  Սա ինձ համար նաև փորձություն է, անկախ նրանից թե արդյունքերն ինչպիսին կլինեն, համարում եմ ինձ հաղթանակած, քանի որ «համարձակվել եմ»  առաջադրվել ավագանու 21 տղամարդ թեկնածուների հետ: Ինձ հետ առաջադրվել է ևս մի կին թեկնածու, – ասում է Անգինը:

«Վստահեք  կանանց ներուժին,  նրանց  գիտելիքներին ու կարողություններին»

 

Անգին Արշակյանի նախընտրական  պայքարի գլխավոր կարգախոսն է «Վստահեք  կանանց ներուժին,  նրանց  գիտելիքներին ու կարողություններին»: Անգինը  գտնում է  նաև, որ պետք չէ սպասել, թե  երբ է  երկիրը փոխվելու, որպեսզի  քաղաքականության  մեջ ստեղծվեն  հավասար  պայմաններ կանանց  համար, այլ կանանց  մուտքով  պետք է  փոխվի  երկիրը:

 

 

Նրա  համոզմամբ  անցել են այն  ժամանակները, երբ  տղամարդիկ խեթ աչքով էին  նայում հասարակական ակտիվությամբ աչքի  ընկնող  կնոջը: Այսօր արդեն  միանշանակ  ընդունում են, որ  կնոջ ներկայությունը քաղաքականության  մեջ անհրաժեշտ է: «Կնոջ աչքը սուր է,  նա  շատ  բաներ է  տեսնում,ինև  տղամարդկանց  աչքից  վրիպում է,  ի վերջո,  կնոջ ներկայությունը նիստերում,  սթափեցնում է  տղամարդկանց թեկուզ  իրենց արտահայտություններում»:

 

 

Իր խոսքով, ծնվել-մեծացել է պատրիարքալ կարծրատիպերին հավատարիմ  ընտանիքում, երեք եղբայրներից հետո չորորդ  երեխան էր: Նրա նկատմամբ հոր խստությունը  զգալի էր, քանի որ նա  կնոջ և աղջկա տեղը համարում էր  ընտանիքն ու խոհանոցը: Սակայն մասնագիտությամբ բժշկուհի մայրն ամեն ինչ անում է, որպեսզի դուստը կրթություն ստանա, կյանքում գտնի իր տեղն ու դիրքը:
Բնավորությամբ կենսուրախ, համարձակ Անգինին գիտելիքների հանդեպ անզուսպ ծարավը դպրոցից ուղղորդեց Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկում, այնուհետև Պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ: Ներկայումս դասավանդում է Էջմիածնի պետական քոլեջում և Երևանի Ֆինանսական ակադեմիայում: Երկար տարիներ առողջապահության և կրթության ոլորտում աշխատել է որպես գլխավոր հաշվապահ: Այսօր նույն մասնագիտությամբ աշխատում է կրթության ոլորտում:

 

 

– Կրթությունը գիտելիքների քանակը, չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի,  ինչ գիտես: Իսկ  եթե  բնակիչը տեսնի ու համոզվի, որ քո  խոսքը  նաև  գործ է,  նա կվստահի քեզ  ու  կփորձի  ինքն էլ ինչ-որ բանով աջակցել քեզ, թեև  ինձ  համար  մարդկանց   վստահությունն արդեն  ամեն  ինչ է,- ասում է Անգինը:

 

 

«Ուրախ եմ, որ կարողացել եմ  այդքան կանանց ներգրավել մեր ՀԿի կազմում»

 

Բազմազբաղ Անգին Արշակյանը ժամանակ է գտնում մասնակցել նաև Էջմիածնում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղի աշխատանքներին՝  2000-ին ընտրվելով այդ մասնաճյուղի  նախագահ: Սոցիալական տարբեր շերտերի հետ մշտական շփումների շնորհիվ առավել մոտիկից է ծանոթ կանանց խնդիրներին: Կարելի է ասել, որ նրան հաջողվում է Էջմիածնի կանանց  շատերին կտրել տնային գործերից ու խոհանոցից և մասնակից դարձնել հասարակական գործունեությանը, այդ թվում Ասոցիացիայի ծրագրերի շրջանակում Էջմիածնում    կազմակերպվող Լիդերության դպրոցներին:

– Կանանց  հետաքրքրում է տարբեր ոլորտներին առնչվող հարցերի շուրջ ակտիվ քննարկումները,  տարբեր փորձագետների հետ շփումները: Նրանք ոչ միայն մտքեր են փոխանակում, այլ հանդես են գալիս առաջարկություններով ու նախաձեռնություններով: Ուրախ եմ, որ կարողացել եմ այդքան կանանց ներգրավել մեր ՀԿ-ի կազմում: Մեր ասոցիացիան խրախուսում է քաղաքի գործունյա կանանց ՝ առիթների դեպքում պատվելով և գնահատելով նրանց ծավալած գործունեությունն ու կատարած աշխատանքը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը խրախուսում և աջակցում է Ասոցիացիայի գործունեությունը, – ասում է Անգինը՝ նկատելով, որ քաղաքապետի դիրքորոշումն  ավագանիում  կանանց ներգրավման հարցում ակնհայտ  է  նաև  ընտրություններում:

 

–         Նա մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն  շեշտել է.  բնակչության  հետ  տարվող աշխատանքում ակտիվ,  գործունյա ու կիրթ  կանանց   ներգրավածությունը պարզապես անհրաժեշտություն  է: Կարծում եմ, այդ դիրքորորշման շնորհիվ կանայք, իրենց հերթին, նրան կաջակցեն, հատկապես, որ տեսնում են. քաղաքի բարեկարգման հարցում վերջին տարիներին  շատ բան է արվել:

 

Անգինի  համար  գերնպատակ է  ազնիվ ու սրտացավ  հասարակության  ստեծումը, այնպիսի  հասարակության, որտեղ ամեն  մեկն  իր գործով ու սրտացավ  վերաբերմունքով կնպաստի  հարազատ  քաղաքի զարգացմանը: Չի  դժգոհում, քաղաքապետարանն այսօր ապահովում է քաղաքի  աղբահանությունն ու  մաքրությունը, այդ  հարցում Էջմիածինը  գերազանցում է  շատ  քաղաքների,  սակայն  եթե քաղաքացին իր շրջապատը մաքուր չպահի, քաղաքապետարանը 1000 մեքենա էլ  եթե  տրամադրի,  քաղաքը աղբի մեջ կկորի:

Իր  նախընտրական  ծրագրում  Անգին Արշակյանը  կարևորում է վերահսկողության իրականացումը քաղաքի   բյուջեի  և զարգացման  ծրագրի կատարողականության  նկատմամբ, հասարակական  կազմակերպությունների մասնակցությունը ավագանու նիստերին համայնքի  կենսական  հարցերի քննարկմանը, սոցիալապաես անապահով ընտանիքներին,  միայնակ  մայրերին,  դժվար  իրավիճակում  հայտնված  կանանց  աջակցությունը:

 

– Իմ  կարգախոսներից  է  նաև «Որտեղ միասնություն, այնտեղ հաղթանակ»,  եթե միասնական լինենք, հաղթանակն անխուսափելի է: Քանի որ Էջմիածինը  սուրբ քաղաք է,  կարծում  եմ, որ այստեղ  պետք է զարգանա զբոսաշրջությունը, հյուրանոցային  համալիրներ լինեն, որոնք կհարստացնեն մեր քաղաքի բյուջեն: Մեր բնակչության մեծ մասն անվճարունակ է, ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Երազում եմ, որ մեր  քաղաքում  լինեն այնքան աշխատատեղեր, որ  էջմիածինցին  չարտագաղթի,  մնա ու շենացնի  իր  քաղաքը, ու կփորձեմ անել դրա համար հնարավորինն, ինչ կարող եմ , – ասում է Անգին Արշակյանը:

 

 

«Ինձ  ոգևորում  և «պարտավորեցնում են», որ  պետք է  հաղթեմ»

 

Իր բոլոր նախաձեռնություններում Անգին Արշակյանը  իր ընտանիքի աջակցությունն է ունեցել: Ամուսինն ու երկու զավակներն միշտ իր կողքին են եղել: « Նաև հիանալի  հարս ունեմ,  ճեմարանն ավարտած գրագետ ու բանիմաց  փեսա,  հաճախ եմ  կրկնում, գոհ եմ Աստծուց, որ  ինձ երջանիկ  կին, մայր, զոքանչ ու սկեսուր լինելու բախտ է  նվիրել: Այսօր,  ընտրարշավի այս օրերին նրանց  հետ իմ  կողքին են  նաև խնամիներս, ընկերուհիներս, մեր  ՀԿ-ի  կանայք, իմ  նախկին ու ներկա  ուսանողները, ովքեր  ինձ  ոգևորում  և « պարտավորեցնում են», որ  պետք է  հաղթեմ,-   ժպիտով  պատմում է  Անգինը:

 

Բազմազբաղ ու միշտ կենսախինդ  Անգինի տանը ուրախությունն անպակաս է,  դրսի  աշխատանքի  հետ  մեկտեղ նա  նաև  հոգատար տատիկ է երեք  հրաշք թոռնիկների համար,  հիանալի  տնային  տնտեսուհի է, տանն ամեն  ինչ  հասցնում է`  ճաշը,  թխվածքը, զանազան պահածոները,  նույնիսկ հասցնում է  խնամել  տնային  կենդանիներին`  հավերին ու հնդկահավերին, ու եթե այդքանից  հետո ժամանակ է  մնում, թղթին է  հանձնում մորը, հայրենիքին,  սիրուն  նվիրված բանաստեղծական  տողեր:

 

 

Ահա, այսպիսին է Էջմիածնի ավագանու թեկնածու Անգին Արշակյանը, ով  համոզված է, որ ցանկացած  գաղափար սերմ է, և միայն աշխատանքն է  տալիս  նրան  աճելու հնարավորություն:

 

Անուշ Ներսիսյան

Լուսնկարները՝ թեկնածուի անձնական արխիվից 

Դիտումների քանակը` 3320

Գլխավոր էջ