Վանաձոր-2016. թեկնածուների գրեթե մեկ երրորդը կանայք են/ ինֆոգրաֆիկա
Հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրություններին 8 կուսակցություն է մասնակցելու: Նրանց նախընտրական ցուցակներում, ընդհանուր թվով 326 թեկնածու է ներկայացված, որոնցից 93-ը կամ 29% -ը կանայք են: Հիշեցնենք, որ օրենքով սահմանված պահանջով, կուսակցությունները պետք է ապահովեին իրենց նախընտրական ցուցակներում սեռերի 25/75 համամասնությունը:
Վանաձորում առաջադրված կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածությունը տատանվում է 25% -ից իշխող ՀՀԿ -ի և «Բարգավաճ Հայաստանի» դեպքում մինչև 33% «Համախմբում» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ցուցակներում: ՀՅԴ-ն ներկայացրել է 32 % կին, «Հայ ազգային կոնգրեսի ցուցակում կանայք 27 % են և «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում ՝ 28.5 %: «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակում օրենքի պահանջը՝ յուրաքանչյուր քառյակում մեկ կին, պահպանված է, սակայն ընդհանուր թվով կանայք 23 տոկոս են:
Վանաձորում առաջադրված կուսակցություններից չորսը ներկայացրել են կին թեկնածուներին ցուցակի առաջին եռյակում, երկրորդ կեսը՝ 4-րդ համարից սկսած: Ցուցակներից միայն մեկն է կին գլխավորում՝ Այծեմնիկ Օհանյանը ԲՀԿ-ից:
Ներկայացնենք առաջադրումներն ավելի մանրամասն.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Վանաձորի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որի ընտրական ցուցակը գլխավորում է կին թեկնածուն: Ի դեպ, ԲՀԿ ղեկավարությունը նման որոշում է կայացրել սոցիոլոգիական հարցման հիման վրա, որի արդյունքները ցույց են տվել, որ ԲՀԿ անդամ, Վանաձորի Բժշկական կենտրոնի տնօրեն Այծեմնիկ Օհանյանը , ավելի նախընտրելի թեկնածու է քաղաքի բնակիչների համար: Այսպիսով, ԲՀԿ-ի հաջողության դեպքում Վանաձորը կունենա առաջին կին քաղաքապետը:
ԲՀԿ ընտրական ցուցակում ներկայացված 28 թեկնածուներից 7-ը կին են կամ 25%-ը: Առաջին տասնյակում երկու կին թեկնածու կա` ցուցակը գլխավորող Այծեմնիկ Օհանյանից հետո հաջորդը 8-րդ հորիզոնականում է ՝ Վանաձորի խնամքի կենտրոնի փոխտնօրեն Մարիամ Ապերյանն է: Այնուհետ կանանց ներկայացվածության առումով գործում է «ամեն քառյակում մեկ կին» սկզբունքը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ղեկավարվող կուսակցությունը Վանաձորի ընտրություններին է մասնակցում 35 –հոգանոց ընտրական ցուցակով, որը գլխավորում է պատգամավորի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը: Ցուցակում ընդամենը 8 կին թեկնածու կա (23%) , որոնք ներկայացված են յուրաքանչյուր քառյակում մեկ կին սկզբունքով: Առաջինը 4-րդ հորիզոնականում է՝ Կարինե Ղուկասյանը («Հույս Հայաստանի համար» բարեգործական կլինիկա-բժիշկ պատասխանատու, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն), հաջորդը 8-րդում տեղում՝ Անահիտ Կարապետյանը (ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղ-դասախոս: Վանաձորի քաղաքապետարանի Գր. Հախինյանի անվան «Հորովել» երգի-պարի համույթ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն) եւ այլն :
«Համախմբում» կուսակցություն
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել՝ նախընտրական ցուցակում 33 թեկնածու ներառելով: Կանանց թիվը այս ցուցակում 11-ն է կամ 33 %: Առաջին տասնյակում նրանք դարձյալ երկուսն են՝ Արաքսի Մխիթարյանը («Հանս և Գինուշ» ՍՊԸ-մենեջեր,Համախմբում) 3-րդ հորիզոնականում և Կարինե Բեկչյանը (չի աշխատում, Համախմբում)՝ 7-րդ տեղում:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված է 33 թեկնածու, նրանցից 9-ն են կին: Առաջին կին թեկնածուն ներկայացված է 3-րդ հորիզոնականում՝ Անահիտ Մաթևոսյանը (չի աշխատում, անկուսակցական): Հաջորդը Լաուրա Գրիգորյանն է (չի աշխատում, ՀԱԿ անադամ )՝ 7-րդ հորիզոնականում: Այնուհետ՝ ըստ քառյակների:
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
ՀՅԴ-ի նախընտրական ցուցակում, որը գլխավորում է Նելսոն Մամուլյանը, ներկայացված է 38 թեկնածու, որոնցից 12-ն են կին: Առաջին տասնյակում երկու կին թեկնածու, մեկնարկը 3-րդ հորիզոնականից ազդարարում է Արմենուհի Կյուրեղյանը (ՎՊՀ, դոցենտ, ՀՅԴ անդամ, Համալսարանական կրթության ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի նախագահ), հաջորդը 7-րդ հորիզոնականում՝ Արևիկ Լոքյանն է (ՎՊՀ քոլեջ, տնօրեն, անկուսակցական):
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
ՀՀԿ նախընտրական ցուցակում 68 թեկնածու է ընդգրկված: Ցուցակը գլխավորում է Մամիկոն Ասլանյանը, ով ՀՀԿ-ին անդամագրվել է միայն այս տարի: Կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդամենը երկու կին թեկնածու է ներկայացված: Առաջինը 4-րդ հորիզոնականում է՝ անկուսակցական Գայանե Քալանթարյանը («Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ, տնօրեն, Անկուսակցական ): Հաջորդը՝ 8-րդ հորիզոնականում՝ ՀՀԿ-անդամ Անահիտ Փոլադյանը (Վանաձորի թիվ 5 ՆՈՒՀ, ՀՈԱԿ, տնօրեն):
Ընդհանուր առմամբ ՀՀԿ ցուցակում 17 կին է ընդգրկված կամ 25%-ը: Բոլորը ներկայացված են յուրաքանչյուր 4-րդը սկզբունքով:
«Հայկական վերածնունդ» կուսակցություն
Կուսակցությունը Վանաձորում ներկայացրել է պատկառելի թվով ընտրական ցուցակ՝ 70 անուն: Այն գլխավորում է Արկադի Փելեշյանը, կանանց թիվը ՝ 23 կամ 33%: Առաջին կին թեկնածուն ներկայացված է 4-րդ հորիզոնականում՝ «Հայկական վերածնունդ » կուսակցության անդամ Մերի Եղիազարյանն է («Աջակցություն հղի կանանց» ծրագիր, սոցիալական աշխատող), երկրորդ կին թեկնածուն 8-րդ հորիզոնականում՝ կուսակցության անդամ Հասմիկ Խլոպուզյանն է (չի աշխատում):
Ուշագրավն այն է, որ եթե ցուցակի սկզբում կուսակցությունը պահպանում է ամեն քառյակում մեկ կին սկզբունքը, ապա ցուցակի կեսերից այդ համամասնությունը խախտվում է, կանայք ընդգրկված են ամեն եռյակում: Իսկ ցուցակի վերջում ընդհանրապես կին թեկնածուների շքերթ է՝ 60-65-րդ հորիզոնականներում միայն կանայք են ներկայացված:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ցուցակում ներկայացված է 21 թեկնածու, որոնցից միայն 6-ն են կանայք: Առաջին կին թեկնածուն տեղակայված է միայն 4-րդ հորիզոնականում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Շուշանիկ Ոսկանյանն է («Օպտիմում Դենտ» ՍՊԸ բուժքույր), երկրորդ կին թեկնածուն կուսակցության անդամ Արաքսյա Գաբոյանն է՝ 8-րդ հորիզոնականում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում կայանալիք ավագանու ընտրությունները առաջին անգամ են անցկացվելու համամասնական ընտրակարգով: Ընտրական նոր օրենսգրքի անցումային դրույթներով ( ԸՕ հոդված 144 –ի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետեր) Գյումրիում և Վանաձորում անցկացվող այս ընտրություններում գործում է 25-տոկոսանոց գենդերային քվոտան, ինչը նշանակում է, որ առաջադրվող կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը: Օրենսգրքի մեկ այլ դրույթով երշախվորվում է քվոտայի պահպանումը ընտրություններից հետո՝ մանդատից հրաժարվելու դեպքում: Մասնավորապես, եթե ինքնաբացարկի արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա մանդատը տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2839