Նկարում են լրագրողները. այցելե՛ք բարեգործական ցուցահանդես-վաճառքը

Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ   օգոստոսի 27-ից Հովհ. Շարամբեյանի անվան  Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (Աբովյան 64) գործում է   «Հինգշաբթի» խորագիրը կրող լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: 

 

Ցուցահանդեսին մասնակցում են թվով 12 լրագրողներ  հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից, ովքեր շուրջ 6 ամիս շարունակ յուրաքանչյուր հինգշաբթի հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի:

«Յուրաքանչյուր հինգշաբթի մենք մի քանի ժամ ստեղծագործել ենք միասին, անցկացրել վարպետության դասեր մասնակիցների համար, և վերջապես յուրաքանչյուր հինգշաբթի մեր կենտրոնում լրագրողներն ունեցել են հնարավորություն՝ մոտենալու արվեստին և ծանր աշխատանքային օրվանից հետո նաև լիցքաթափվել»,- ասում է  Մուղդուսյան արվեստի կենտրոնի տնօրեն Մարիամ Մուղդուսյանը:

 

Նրա  խոսքով, արվեստի կենտրոնը նախաձեռնելով այս դասընթացը՝ նպատակ չի ունեցել ցուցահանդես-վաճառք իրականացնել, պարզապես ցանկացել են մի քանի լավ ժամ պարգևել լրագրողներին: «Այնուհետև լրագրողներն առաջարկել են անել բարեգործական ցուցահանդես-վաճառք»,- հավելում է  նա:

 

 

Լրագրողների իսկ առաջարկով ցուցահանդեսի ընթացքում ցանկացողները կարող են գնել ցուցադրվող աշխատանքները, որից գոյացած հասույթի մի մասը կփոխանցվի Մուղդուսյան արվեստի կենտրոնին, որտեղ հաճախում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներ:

 

 

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Տպավորություն այնպիսին է, որ բավականին հաջող է ստացվել:  Կարծում եմ՝ կկարողանամ ընտրություն կատարել: Լավ նախաձեռնություն է,  հատկապես բարեգործական բնույթը»,- ասաց նախարարը:

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 3-ը:

 

Կարդացեք թեմայի  շուրջ  մեր կայքում.

 

«Որոշեցի, ի հեճուկս իրավիճակի, պայքարել ու չփակել կենտրոնը »…

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

«Ո՞վ ասաց, որ պետք է տղամարդու պես նկարես, որ լավ ստացվի»…

 

 

Դիտումների քանակը` 3608

Գլխավոր էջ