Տղամարդիկ ընտանիքը պահողներն են, իսկ կանա՞յք
Հայաստանի աշխատանքային շուկայում կանանց և տղամարդկանց միջին աշխատավարձի միջև տարբերությունը կազմում է 34 տոկոս: Իսկ եկամուտների մասով տարբերությունն էլ ավելի մեծ է եւ հասնում է 40 տոկոսի: Համեմատության համար, ԵՄ անդամ երկրներում այս տարբերությունը միջինում 15.9 տոկոս է, իսկ աշխարհի միջինացված ցուցանիշը՝ 22.9 տոկոս է…
Փորձագետները բացատրում են կանանց ու տղմարդկանց շխատանքի վարձատրության շոշափելի խզումը աշխատանքի շուկայում առկա ուղղահայաց (կարիերայի հիերարխիայի անհավասար հասանելիություն) և հորիզոնական (ըստ մասնագիտությունների և զբաղվածության ոլորտների) խտրականությամբ: Դրա հետ մեկտեղ առկա էին նաեւ կարծրատիպային բնույթի հիմնավորումներ, որոնք արդարացնում են կնոջ աշխատանքի ստորադասումը տղամարդու կատարած աշխատանքին, հատկապես վարձատրության առումով: Դրանցից մեկը ՝ «տղամարդը տուն պահողն է»…
… Արմինեին հայաստանյան մասնավոր ընկերություններից մեկում պատասխանատու աշխատանք է վստահված: Օրական 9-11 ժամ աշխատող կինը պատմում է, որ օրեր են եղել, անգամ ընդմիջելու ժամանակ չի ունեցել: «Աշխատել եմ միշտ նվիրված, որևէ անգամ որևէ դժգոհություն չի եղել: Գործատուն էլ , տնօրեն էլ միշտ գովեստով են խոսել իմ կատարած աշխատանքի մասին»,-WomenNet. am-ին պատմում է Արմինեն:
Աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ նրա առաջարկին, սակայն պատասխանել են, առայժմ չեն կարող՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով: Ընկերության աշխատակիցները չգիտեն, թե ով ինչքան աշխատավարձ է ստանում:
Մի անգամ պատահաբար Արմինեն պարզում է, որ ընկերության մեկ այլ աշխատակից, ով իր աշխատանքի ծավալի 1/3-ն էլ չի կատարում, իր չափ աշխատավարձ է ստանում:
«Իմ աշխատանքային պարտականությունների մեջ մտնում է նաև մրցակից ընկերությունների աշխատանքի մոնիտորինգի իրականացում, թերացումների դեպքում ես պետք է խոսեմ այդ մասով պատասխանատու աշխատակիցների հետ :ու հանձնարարություններ տամ նրանց: Պարզվում է իմ տղամարդ գործընկերը, ում հնարավորություն են տվել նաև երկրորդ աշխատանք ունենալու, ով օրվա կեսը գրասենյակում էլ չի լինում, ստանում է իմ չափ աշխատավարձ: Ես ասում եմ, գիտե՞ս, հարգելի գործընկեր, այս աշխատանքը լավ չես կատարել, ինչի հետևանքով մեր ընկերությունը այս մասով հետ է ընկել մրցակիցներից, նա ինձ պատասխանում է՝ 300 հազար դրամ աշխատավարձով դու էդքան բան կանե՞ս»,-պատմում է կինը:
Նա իր դժգոհությունը ներկայացնում է գործատուին: Տղամարդ աշխատակցի «բերանբացության» պատճառով գործատուն նրա վրա բարկանում է, բայց Արմինեի աշխատավարձն այդպես էլ չի բարձրանում…
Արմինեն խոստովանում է, նախկինում չէր հավատում, որ աշխատավարձերի չափերում հնարավոր է գենդերային ճեղքվածք: Գործատուի հետ խոսակցությունից հետո մի քանի փոքրիկ ուսումնասիրություն է անում ու որոշ եզրակացությունների գալիս:
«Գիտե՞ք, կարծում եմ, իրոք դժվար է կոտրել կարծրատիպերը: Երևի մտածում են, կինը չէ, որ ընտանիքի հոգսը պետք է թեթևացնի: Այլ մեկնաբանություն չեմ գտնում, թե ինչու տղամարդ աշխատակիցը, ով իմ կեսի չափ էլ չի աշխատում ու մասնագիտական ունակություններով շատ է զիջում ինձ, պետք է «տուն պահող» դիտվի ու ավելի բարձր աշխատավարձ ստանա, ո՞վ ասաց, որ ինձ վրա դրված չէ ընտանիքը պահելու առաքելությունը»,-ասում է նա:
Ի՞նչ են փաստում հետազոտությունները
Օքսֆամի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակներում ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից իրականացված «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության հեղինակները նշում են, որ հայ հասարակությունում ընտանիքի նյութապես ապահովումը հիմնականում դրված է տղամարդու վրա: Սակայն այս դիրքորոշումն առավել տարածված է տղամարդկանց, քան կանանց շրջանում: Այսպես, տղամարդկանց 67.8%-ը պատասխանել է, որ տղամարդն է նյութապես ապահովում ընտանիքը, 2.5%-ը՝ կինը, 29.1%-ը՝ հավասարապես: Կանանց 56%-ը պատասխանել է, որ տղամարդն է նյութապես ապահովում ընտանիքը, 15%-ը՝ կինը, և 28.3%-ը՝ հավասարապես: Հատկանշական է , որ տղամարդկանց միայն 2.5%-ն է նշում, որ ընտանիքը նյութապես կինն է ապահովում այն դեպքում, երբ կանանց 15%-ն է նշել այդ պատասխանը: Հետաքրքրական է նաև, որ մոտավորապես 29%-ը նշել է, որ հավասարապես և՛ կինը, և՛ տղամարդը մասնակցություն ունեն ընտանիքը նյութապես ապահովելու գործում:
Հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանում պատանիները, որոշ դեպքերում՝ նաև աղջիկները, գտնում են, որ կնոջ աշխատելու պարագայում անպայմանորեն պետք է տղամարդու աշխատավարձի չափն ավելի բարձր լինի, քան կնոջը, քանի որ հակառակ դեպքում կինը կարող է օգտագործել այդ հանգամանքը՝ ցուցաբերելով «անհնազանդություն» ընտանեկան հարաբերություններում:
… Արմենն ու Կարինեն 14 տարի ամուսնացած են, երկու երեխա ունեն: Ամուսինը պետական համակարգում է աշխատում՝ 3 օր տանն է, չորրորդ օրն աշխատում է 24 ժամ: Ազատ օրերին տաքսի է քշում: Կարինեն վարսավիր է: Աշխատում է տանը՝ առանձնացված սենյակում: Ամսական կտրվածքով ամուսնուց շատ է վաստակում: Հարցնում եմ, երբևէ ավելի շատ գումար աշխատելն առիթ հանդիսացե՞լ է, որ ամուսնուդ չհնազանդվես: Ծիծաղում է:
«Ընդհակառակը, լիարժեքության զգացում եմ ունենում: Չէ՞ որ դժվար ժամանակներում կարողանում եմ օգնել ընտանիքիս: Ամուսնուս աշխատած գումարը կբավականացնի մեր սնվելուն էլ, հագնելուն էլ: Բայց միթե դրանով կյանքը սահմանափակվո՞ւմ է»,-ասում է կինը:
Արմենն ավելացնում է, որ կինն իրեն միշտ գլուխ գովալու առիթ է տալիս. «Ես միշտ ասում եմ, քեզ մի ծանրաբեռնի: Բայց տեսնում եմ, որ հաճույքով է իր գործն անում»:
Ի՞նչ է փաստում վիճակագրությունը
Ինչպես փաստում են «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության հեղինակները, ըստ ՀՀ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում 2010-2014 թվականների ընթացքում տնտեսական գործունեության բոլոր տեսակներում կանանց աշխատավարձը միանշանակ ավելի ցածր է եղել , քան տղամարդկանց աշխատավարձը:
Կանանց և տղամարդկանց միջին ամսական աշխատավարձերի ամենափոքր տարբերությունը (12 357 ՀՀ դրամ) նշված ժամանակահատվածում գրանցվել է միայն կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտներում: Նշված ժամանակահատվածում աշխատավարձերի միջին ամենամեծ տարբերությունը գրանցվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ կազմելով՝ 170 050 ՀՀ դրամ:
Չնայած տեղեկատվության և կապի ոլորտում կանայք նույնպես, ինչպես տղամարդիկ, ունեն համեմատաբար բարձր աշխատավարձ, միևնույնն է, նրանց աշխատավարձերի միջև տարբերությունը զգալի է և նշված տարիների ընթացքում կազմել է միջինում 72 213 ՀՀ դրամ:
Հատկանշական է, որ 2010-2014 թվականների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձերը բարձրացել են, սակայն մասնավորապես կանանց դեպքում աշխատավարձերի աճը զիջում է տղամարդկանց աշխատավարձի աճին: Կանանց աշխատավարձը, ըստ տնտեսական գործունեության տեսակների, 2010 թվականի 79 919 ՀՀ դրամից 2014 թվականին ավելացել է մինչև 124 441 ՀՀ դրամ, իսկ տղամարդկանց աշխատավարձը համապատասխանաբար 124 757 ՀՀ դրամից դարձել է 188 737 ՀՀ դրամ:
Արդյունքում, նշված ժամանակահատվածում աճել է նաեւ կանանց և տղամարդկանց միջև միջին անվանական աշխատավարձերի տարբերությունը՝ կազմելով 64 296 ՀՀ դրամ:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ընտանիքն ու աշխատանքը. համատեղելու հնարավորություններ
Կանայք Հայաստանի աշխատանքի շուկայում. միայն թվեր եւ փաստեր
Որո՞նք են տղամարդկանց և կանանց եկամուտների միջև եղած տարբերությունների պատճառները
Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում
Դիտումների քանակը` 3902