Ռիո-2016 եւ կանայք. ճանապարհ դեպի Օլիմպոս
Ռիո-2016 Օլիմպիական խաղերին մասնակցող կին մարզիկների թիվը գրեթե 45% է կազմում: Այսօր կանայք մրցում են բացառապես բոլոր մարզաձեւերում: Սակայն դեպի Օլիմպիական խաղեր կանանց մուտքը հեշտ եւ արագ չի եղել:
Կանայք եւ Օլիմպիական խաղերը
Հին հունական Օլիմպական խաղերը անցկացվում էին Հունաստանի ամենաբարձր լեռան վրա՝ Օլիմպոսում: Ի սկզբանե խաղերը կրոնական տոնակատարության մաս են կազմել, որին մասնակցելու իրավունք ունեցել են բացառապես տղամարդիկ: Հանդիսատեսի շարքերում կանանց ներկայությունը եւս թույլատրելի չէր, միայն աղջիկ երեխաները եւ դեռահասները կարող էին դիտել խաղերը՝ տղամարդկանց հետ միասին: Եթե ամուսնացած կնոջը հայտնաբերեին հանդիսատեսի շարքերում, կարող էին լեռից ցած նետել՝ որպես պատիժ:
Այնուամենայնիվ, նույնիսկ այդ ժամանահաշրջանում եղել է ազնվական մի կին, ով կարողացել է ոչ միայն մասնակցել, այլ Օլիմպիական խաղերի հաղթող (օլիմպիոնիկ) ճանաչվել: Խոսքը Սպարտայի թագավոր Ագեսիալուսի քրոջ Կինիսկայի մասին է, ով ձիաբուծությամբ է զբաղվել: Կինիսկայի վարժեցրած չորս ձիերը մասնակցել են օլիմպիական մրցումներին եւ առաջինն են հասել վերջնագծին, ինչի համար նա արժանացել էր «օլիմպիոնիկի» կոչմանը:
Կանայք ժամանակակից Օլիմպիական խաղերում
1896 թվականին, երբ մեկնարկել են ժամանակակից Օլիմպիական խաղերը, ոչ մի կին մարզիկ չի մասնակցել դրանց: Կազմակերպիչները համարել են, որ կանանց մասնակցությունը ոչ պրակտիկ եւ ոչ էսթետիկ կարող է լինել: Սակայն չորս տարի անց՝ հաջորդ Օլիմպիական խաղերին, կանայք իրենց ուժերն են փորձել թենիսում եւ գոլֆում: 1900 թվականին Օլիմպիական խաղերին մասնակցող 997 մարզիկներից միայն 22ն են կին եղել:
Կանանց թիվն աստիճանաբար աճել է: 1984 թվականին մարզիկների 23%ը կին էր, իսկ արդեն 2012ին այդ թիվը անցել է 44%ը: Միջազգային Օլիմպիական Կոմիտեն (ՄՕԿ) վերջին տարիներին ջանքեր է գործադրում գենդերային հավասարակշռություն պահպանելու համար՝ ոչ միայն Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների շրջանում, այլեւ սպորտ կոմիտեներում որոշում կայացնող անձնակազմերում:
Ազգային Օլիմպիական Կոմիտեներին պահանջ էր ներկայացվել որոշում կայացնող մարմիններում ապահովել կանանց առնվազն 20% մասնակցություն: Այսօր 27 պետությունների Ազգային Օլիմպիական Կոմիտեներում ավելի քան 30% կանայք են ներգրավված որոշում կայացնող մարմիններում:
Միջազգային Օլիմպիական Կոմիտեում կանայք դեռեւս 22.6% են կազմում: Նշենք, որ այստեղ կանայք «հայտնվել են» միայն 1981 թվականին՝ ժամանակակից Օլիմպիական խաղերի մեկնարկից գրեթե մեկ դար անց: Այսօր ՄՕԿ-ը մի շարք ծրագրեր է անցկացնում՝ կանանց մասնակցությունը խթանելու եւ նրանց առջեւ ստեղծված խոչընդոտները վերացնելու համար:
Տվյալները՝
Միջազգային Օլիմպիական Կոմիտեի
«Կանայք Օլիմպիական Խաղերում» զեկույցից
Հ.Գ. Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպության գլխավոր քարտուղար կին է դարձել ՝ Ֆաթմա Սամուրան Սենեգալից: Նախկինում Սամուրան ավելի քան 20 տարի աշխատել է ՄԱԿ-ում, զբաղվել է մարդասիրական ծրագրերով: Նշենք, որ գլխավոր քարտուղարը ՖԻՖԱ-ի նախագահից հետո երկրորդ բարձրաստիճան մարդն է:
Ի դեպ, 2015 –ի տվյալներով 28 եվրոպական սպորտային կոնֆեդերացիաներում միայն մեկ կին կա նախագահի պաշտոնում եւ 9 կին փոխնախագահի պաշտոնում 91-ից: Ընդ որում, 28 եվրոպական սպորտային կոնֆեդերացիաներից 9-ը ունեն գենդերային քվոտա՝ բարձրագույն որոշումների կայացման մարմնի կազմում (գործադիր կոմիտեում, նախագահությունում կամ տնօրենների խորհրդում) կանանց ներկայացվածությունը ապահովելու նպատակով: Կանայք 14 տոկոս են կազմում օլիմպիական մարզաձեւերի եվրոպական կոնֆեդերացիաներում: Գենդերային անհավասարակշռությունը նկատվում է եւ սպորտային լրագրության բնագավառում : 2012-ին Լոնդոնի օլիմպիական խաղեը լուսաբանող լրագրողներից ու լուսանկարիչներից միայն 19 %- ն էին կանայք:
Պատրաստեց Արման Ղարիբյանը
Դիտումների քանակը` 3263