Երիտասարդները Հայաստանում. թվեր և փաստեր

Ըստ «ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի»` երիտասարդ են համարվում բնակչության 16-30 տարեկան ներկայացուցիչները: Հայաստանում երիտասարդները կազմում են բնակչության 27,9 %-ը:

 

 

Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության դրույթների համաձայն` երիտասարդները հասարակության կարևոր ներուժն են և պետք է նրանց ազատ, բազմակողմանի զարգացած, առողջ և պատասխանատու քաղաքացիներ դառնալու հնարավորություն ընձեռել, իսկ գերակայություններից մեկը ընտրվել է « Երիտասարդների զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները»: Չնայած երիտասարդության և նրա զբաղվածության կարևորության այդպսի ռազմավարական մոտեցմանը, ՀՀ-ում դեռևս բարձր է գործազրկությունը երիտասարդության շրջանում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում պատրաստված «Երիտասարդների զբաղվածությունը Հայաստանում» զեկույցի տվյալներով 2009-2013 թվականների ընթացքում Հայաստանում երիտասարդների գործազրկության մակարդակը տատանվել է 40,8-42,8 տոկոսի սահմաններում, ընդ որում, կանանց շրջանում այն ավելի բարձր է, քան տղամարդկանց: Ի դեպ, զեկույցը մշակվել էր Հազարամյակի զարգացման նպատակների արագացման գործընթացի շրջանակներում:  Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) փորձագետների կողմից պատրաստած 2013-ի հունվարին լույս տեսած զեկույցի համաձայն ԱՊՀ-ում մինևչ 2017 թվականը երիտասարդների գործազրկության ամենաբարձր մակարդակը կլինի Հայաստանում` 39,1 տոկոս:

 

 

Յուրաքանչյուր տարի ՀՀ աշխատաշուկա են մտնում շուրջ 21 հազար բարձրագույն կրթություն և 10 հազար նախնական և միջին մասնագիտական կրթություն ունեցող երիտասարդներ: Սակայն ըստ «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի»` մեր աշխատաշուկայի և մասնագիտական կրթական համակարգի միջև առկա է շատ մեծ անհամապատասխանություն: Մասնավորապես, իրենց մասնագիտությամբ չեն աշխատում բարձրագույն կրթությամբ երիտասարդների 42,7%-ը և միջին մասնագիտական կրթությամբ երիտասարդների 66,0%-ը:

 

Բացի աշխատատեղերի բացակայությունից և գործազրկությունից, երիտասարդները կանգնում են բազում այլ խնդիրների առջև, որոնց թվում կրթության անհասանելիությունն է, բնակարանի բացակայությունը, առողջապահական ծառայությունների, այդ թվում, վերարտադրողական առողջության հետ կապված ծառայությունների մատչելիությունը…

 

Այս ամենի հետևանքով ` երիտասարդների շրջանում բարձր են միգրացիոն տրամադրվածությունները: Երիտասարդները շատ ավելի ծանր են տանում սոցիալական անարդարության դրսևորումները: «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտության տվյալներով,  հարցվածների 31%-ը մոտակա ժամանակներում պատրաստվում է մեկնել Հայաստանից՝ աշխատելու նպատակով, 45%-ը վաղ, թե ուշ մեկնելու է, 16%-ը հավանաբար մի օր կմեկնի, 8%-ը ոչ մի դեպքում չի մեկնի Հայաստանից աշխատանքի նպատակով: Արտերկիր մեկնել ցանկացողների 39%-ը իգական, 61%-ը՝ արական սեռի են:

 

Փորձագետների գնահատականներով` պետության աջակցությունը երիտասարդների հիմնախնդիրներին բավարար չէ, թեպետ մի շարք նպատակային ծրագրեր են մշակվում և իրականացվում, բայց ոչ այնքան արդյունավետ:

 

Սոցիալ-տնտեսական հանգամանքներով է պայմանավորված նաև երիտասարդների ընտանիք կազմելու դիրքորոշումը: Այս հարցում  երիտասարդներից շատերը սկսում են առաջնորդվել ժամանակակից աշխարհում ընդունված հաջողակ կյանքի մոդելով, ըստ  որի մարդ պետք է ուսում ստանա, կարիերա ստեղծի, որոշակի հաջողությունների հասնի, այնուհետև միայն մտածի ընտանիք կազմելու մասին:

 

Ըստ «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի»` հայ երիտասարդների շրջանում ամուսնացած չեն 27-29 տարեկանների ավելի քան մեկ երրորդը, իսկ 30 տարեկաններից` յուրաքանչյուր 4-րդը:

 

25-30 տարեկանների խմբում առաջիկա 2 տարիներին չեն պատրաստվում ամուսնանալու աղջիկների 39%-ը և տղաների 27%-ը: Չամուսնանալու տնտեսական պատճառներն առավել բնորոշ են տղամարդկանց, իսկ մշակութային պատճառները` կանանց: Աղջիկների 25%-ը չամուսնանալու պատճառ է նշում սովորելը, 23%-ը` տարիքը, կարծում է, որ վաղ է, և 20%-ը նշում է, որ ընտրյալ չունի: Տղաների դեպքում` 18%-ը նշում է, որ վաղ է, 16%-ը` լավ աշխատանք և 14%-ը` փող չունի:

 

Եվս մեկ` անմիջականորեն երիտասարդ ընտանիքներին վերաբերող հանգամանք: ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով` մեր հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաների միայն 21,6%-ն է մանկապարտեզ հաճախում, իսկ գյուղական համայնքներում` ընդամենը 10,5%-ը: Այս պաշտոնական թվերը ընդամենը փաստում են, թե որքան դժվար է երիտասարդ մայրերին համատեղել աշխատանքն ու ընտանիքը: Ընդ որում, այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում կնոջ չաշխատելու տարբերակը չի էլ դիտարկվում, այլապես երիտասարդ ամուսինները չեն կարողանա ո՛չ ընտանիքի գոյատևման հարցը լուծել, ո՛չ էլ մեկից ավելի երեխա ունենալ…

 

Ի՞նչ չափով են հայ երիտասարդները պատրաստ փոխել կյանքը: Ըստ զեկույցի` հայ երիտասարդների 53,1%-ը հետաքրքրված է երկրի ներքաղաքական կյանքով, սակայն հարցված երիտասարդների միայն 11,6%-ն է եղել որևէ կուսակցության կամ դրա երիտասարդական թևի անդամ: Երիտասարդների 76,2%-ը համարում է, որ Հայաստանում չկա այնպիսի կուսակցություն, որն արտահայտի իրենց շահերը: ՀՀ-ում գործում են 600 երիտասարդական հասարակական կազմակերպություններ, որոնցից, սակայն, 60-70-ն են ակտիվ:

 

Դիտումների քանակը` 4027

Գլխավոր էջ