Կյա՞նք, թե ռեյթինգ. բողոքի ակցիա ընդդեմ «Կիսաբաց լուսամուտների»

Օգոստոսի 9-ին  “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան” բողոքի ակցիա  էր կազմակերպել  «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության դիմաց՝ մտահոգություն հայտնելով   «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի վտանգավոր դերակատարմամբ Երեւանում տեղի ունեցած  ընտանեկան  բռնության հողի վրա  ողբերգական դեպքի հարցում:

 

Հիշեցնենք, որ  սույն թվականի հուլիսի 8-ին Երևանում դաժան սպանություն էր տեղի ունեցել, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Կացնահարվեց մի ամբողջ ընտանիք, որի մայրը զոհ գնաց փեսայի՝  Վլադիկ Մարտիրոսյանի հերթական հարձակմանը: Դեպքից մի քանի ամիս առաջ, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարն իր «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և բռնարար հորը՝ Վլադիկ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես տուժող, հորդորել էր ամեն գնով վերականգնել ընտանիքն ու միանալ կնոջ հետ:

 

Ըստ ակցիայի մասնակիցների՝ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը թույլ է տվել մարդու իրավունքների տեսանկյունից կոպիտ սխալներ, միաժամանակ հաղորդաշարի կողմից թույլ տված բազմաթիվ խեղաթյուրումներն ու իրավիճակի սխալ նկարագրումը ոչ միայն հանրային սխալ ընկալում է ստեղծել դեպքի ու ընտանիքի վերաբերյալ, այլև մարդկային կյանքեր է արժեցել, որի պատասխանատվությունն է կրում նաև «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը:

“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի” դիրքորոշումը պարզաբանող  հաղորդագրության մեջ, մասնավորապես,  ասված է.

 

« Էժանագին շոուներով եթերը լցնող հաղորդաշարի պատասխանատուները ամենևին չեն գիտակցում, որ նման հոգեկերտվածքի մարդիկ ամեն խրախուսանքից մոտիվացվում ու նոր դրսևորումներով են ցուցաբերում իրենց բռնարար վարքը: Վլադիկ Մարտիրոսյանին՝ հաղորդաշարի ընթացքում ներկայացնելով որպես տուժող, միևնույն ժամանակ կրճատելով ու խեղաթյուրելով նրա նախկին զոքանչի հետ հեռախոսային զրույցը, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը թույլ է տվել մարդու իրավունքների տեսանկյունից կոպիտ սխալներ, միաժամանակ չի անդրադարձել Վլադիկ Մարտիրոսյանի դատվածությանը: Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Դատարանն ապացուցված է համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման ու չնայած վճիռը՝ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի կամայական որոշմամբ ի կատար չի ածվել, սակայն հաղորդաշարն իրավունք չուներ չանդրադառնալու նրա դատվածության փաստին: 

 

Այսպիսով, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի կողմից թույլ տված բազմաթիվ խեղաթյուրումներն ու իրավիճակի սխալ նկարագրումը ոչ միայն հանրային սխալ ընկալում է ստեղծել դեպքի ու ընտանիքի նկատմամբ, այլև մարդկային կյանքեր է արժեցել, որի պատասխանատվությունն է կրում նաև «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը: Բերելով բռնարարին տաղավար, ստեղծելով հոգատար հոր կերպար,պատկերացնում եք արդյոք որտե՞ղ էր այն հոգատար հոր կերպարը, երբ Վլադիկը երկամյա փոքրիկի ներկայությամբ կացնահարում էր երեխայի մորն ու հարազատներին:«Կիսաբաց լուսամուտներ» շոու ծրագրի ժամանակ Վլադիկը կարծես վստահեցնում էր, որ իր շարունակական հետապնդումների միակ դրդապատճառը որդուն տեսակցելն էր և որդու խնամքը ստանձնելն էր:

 

Հաղորդաշարի Վլադիկասեր անդամներ, արդյո՞ք ուսումնասիրել էիք դեպքի մանրամասները, գետեի՞ք արդյոք, որ նա ծեծում և նվաստացնում էր կնոջը՝ երբ վերջինս անգամ հղի էր, իսկ երեխայի աչքի առաջ էլ կացնահարեց մի ողջ ընտանիք: 

 

Ինչու՞ եք մշտապես արդարացնում բռնարարին և էլ ավելի քարկոծում զոհին: Ու սա առաջին անգամը չէ, նմանատիպ մոտեցումը դարձել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի մոտեցումն ու գործելաոճը»:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ո՞վ է հաջորդը» եւ «Անտարբեր մեղսակից» . ակցիաներ կնասպանության դեմ

«Ընտանեկան բռնությունների աճը օրենքի բացակայության հետևանք է»…

Ողբերգություն, որը կարելի էր կանխել…

Կացնահարված արդարադատություն

Փաստաբանը կանխատեսել է նման ելք ամուսինների հարաբերություններում…

 

Դիտումների քանակը` 3139

Գլխավոր էջ