Հիլարի Քլինթոն. «Ես կարող եմ դառնալ ԱՄՆ-ի առաջին կին նախագահը, բայց ոչ վերջինը»

Հուլիսի 26-ն այսուհետ պատմական օր էր  Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Երկրի 240-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում կին թեկնածու առաջադրվեցԵրկրի նախկին պետքարտուղար, նախկին առաջին տիկին, 68-ամյա Հիլարի Քլինթոնը դարձավ Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆի նախագահի թեկնածու առաջադրված առաջին կինը: «Ես առաջինն եմ, բայց խոստանում եմ՝ վերջինը չեմ լինի»-, հայտարարեց Հիլլարի Քլինթոնը:

 

 Ուղերձ աղջիկներին

 

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ առաջադրումը հնարավոր դարձրին: Եվ եթե ինչ-որ տեղ կան աղջիկներ, ովքեր քնած չեն ու հետևում են ինձ, կասեմ հետևյալը` ես կարող եմ դառնալ ԱՄՆ-ի առաջին կին նախագահը, բայց ձեզնից մեկը կարող է լինել հաջորդ ղեկավարը»,- ասել է Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության հավաքի մասնակիցներին:

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր աջակցությունն է հայտնել դեմոկրատ Հիլարի Քլինթոնին ԱՄՆ կայանալիք ընտրություններում:  «Ես նրա հետ եմ»,- հայտարարել է Միշել Օբաման՝ ելույթ ունենալով Ֆիլադելֆիայում դեմոկրատների համագումարում:

«Նրա շնորհիվ իմ դուստրերը հիմա ընկալում են այն փաստը, որ կինը կարող է դառնալ ԱՄՆ-ի նախագահ՝ որպես ինքնին մի բան: Մենք պետք է ներդրենք այս երկրի նկատմամբ մեր ուժերի, կրքի, մեր սիրո յուրաքանչյուր կաթիլը այն բանի համար, որ Հիլարի Քլինթոնին ընտրենք նախագահ»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը:

Նա նաև քննադատել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա դիմում է «ատելության լեզվին»:

 

Ինչ է խոստանում Քլինթոնը

 

Մինչ Օբամայի ելույթը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը հաստատել էր նախընտրական ծրագիրը: Նախընտրական ծրագրում շարադրված են հիմնական խնդիրները, որոնցով զբաղվելու է Քլինթոնի ադմինիստրացիան նախագահ ընտրվելու դեպքում: Ընտրվելու դեպքում, Քլինթոնը խոստանում է առաջին հերթին լծվել զենքի նկատմամբ վերահսկողության խստացմանը, սանձել «Ուոլ Սթրիթ»-ը և շարունակել երկրում սոցիալական հավասարության հաստատմանն ուղղված քաղաքականությունը:

 

Այս խոստումների կատարմանը թերևս ամենաշատը հավատում է Քլինթոնի մերձավորագույն կողմնակիցը՝ նրա ամուսինը՝ Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը: Ելույթ ունալով իր տիկնոջ համակիրների առջև, նախկին նախագահը հայտարարել է ՝ «Իմ կինը սոցիալական արդարության համար պայքարող վաղեմի մարտիկ է, նա լավագույն նախագահի թեկնածուն է, որի կարիքն այսօր ունի Միացյալ Նահանգները»։

 

Խոսելով իր քառասուն տարվա ուղեկցի՝ «կյանքի լավագույն ընկերոջ» մասին, Բիլ Քլինթոնը հայտարարել է ՝ «Այդ կինը միշտ ձգտում է առաջ շարժվել: Եթե դուք լինեիք իմ փոխարեն և լսեիք այն ամենը, ինչ ես լսում եմ ընթրիքի, զբոսանքի ժամանակ, դուք էլ կասեիք, որ Հիլարին երբեք չի բավարարվում ստատուս քվոյով և ոչ մի հարցում: Նա միշտ ձգտում է առաջ շարժվել: Նա այնպիսինն է, ինչպիսին որ կա»,- երեկ կեսգիշերին Հիլարի Քլինթոնի համակիրներին պատմել է Սպիտակ տան նախկին ղեկավարը, ով իր կնոջ հաղթելու դեպքում կդառնա Միացյալ Նահանգների առաջին «առաջին տղամարդը»: «Իմ փորձից կարող եմ ասել, որ Հիլարիի խորհուրդներին հետևելը խելացի քայլ է»,- պնդել է ԱՄՆ նախկին առաջնորդը:

 

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում նախագահի ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Պայքարն ընթանալու է Քլինթոնի և հանրապետական Դոնալդ Թրամփի միջև:

 

 

Դիտումների քանակը` 3583

Գլխավոր էջ