«Ընտանեկան բռնությունների աճը օրենքի բացակայության հետևանք է»…

Շենգավիթում տեղի ունեցած ողբերգական սպանությունը կրկին վեր հանեց Հայաստանում «Ընտանեկան բռնության» մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը, իրավական համակարգի բացերը, դրանց կարգավորման ուղղությամբ օր առաջ քայլեր ձեռնարկելու հրամայականը:

 

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 08-ին՝ ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի  աստիճանահարթակում 1985 թ. ծնված Վ.Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և  Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

 

 

Կնասպանություն. վիճակագրություն

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ոստիկանությունը ոչ է ասում բռնության ցանկացած տեսակի, այդ թվում ընտանեկան բռնությանը, և պատրաստ է պայքարել այդ երևույթի դեմ:

 

Ոստիկանության ներկայացուցչի վիճակագրության համաձայն, այս տարվա վեց ամիսների ընթացքում Հայաստանում ընտանեկան բռռնության դեպքերի թիվն ավելացել է:

 

«2016-ի վեց ամսիների ընթացքում արձանագրվել է  ընտանեկան բռնության 373 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 342 դեպք: Այս տարվա ընթացքում այդ հիմքով հարուցվել է 60 քրեական գործ, որից 19-ն ուղարկվել են դատարան, 41-ը կարճվել են»,-ասաց Ն. Դուրյանը:

 

Այս տարվա վեց ամիսների ընթացքում ոստիկանություն գրանցվել է կենակցի կողմից բռնության երեք դեպք, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 244 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 7 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 32 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 45 դեպք:

 

«Կենակցի կողմից բռնության դեպք նախորդ տարի չենք ունեցել, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 205 դեպք էր գրանցվել, իսկ կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության 4 դեպք էր գրանցվել, ծնողի կողմից զավակի կատմամբ՝ 29 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 50 դեպք»,-համեմատության համար թվեր ներկայացրեց ոստիկանության գնդապետը:

 

Ընտանեկան բռնության հետևանքով այս տարի  արձանագրվել է սպանության 4 դեպք: Բոլոր դեպքերում էլ սպանվածները կանայք են: Երկու սպանության դեպքում նախկին ընկերներն են սպանել ընկերուհիներին, մեկ դեպքում դուստրը սպանել է մորը և օրեր առաջ Շենգավիթում տեղի ունեցած կացնահարությունը, երբ նախկին ամուսինը կացնահարելով սպանել է կնոջ մորը, ստացած վնասվածքներից կինն ու կնոջ հայրը հիվանդանոցում են՝ վերակենդանացման բաժանմունքում:

 

Այս պահին Ոստիկանությունում ընտանեկան, կենցաղային ոլորտի իրավախախտումներ թույլ տրված և հաշվառված 544 ընտանիք կա, նախորդ տարվա 402-ի դիմաց. 219-ը հաշվառված է Երևանում, 99-ը՝ Կոտայքում, 67-ը՝ Շիրակում, 66-ը՝ Լոռիում:

 

«Ինչպես տեսնում եք, 142-ով ավելացել է այս թիվը, սա խոսում է այն մասին, որ ոստիկաննեն ավելի շատ են սկսել հայտնաբերել ու պաշտպանել այդ ընտանիքներին»,-ասաց Դուրյանը:

 

 

«Մարդիկ չեն տեսնում, որ խոշտանգման, ծեծի համար պատիժ կա»… 

 

Նելլի Դուրյանի կարծիքով, ոստիկանության կողմից ընտանեկան բռնությունների  գրանցված դեպքերի թվի ավելացումը խոսում է ազգաբնակչության իրավագիտակցության, ոստիկանության նկատամամբ վստահության բարձրացման, հասարակական կազմակերպությունների ակտիվ աշխատանքների իրականացման մասին:

 

Քննարկման մասնակից իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը բռնությունների թվի աճի մասին հարցի պատասխանը տալիս մատնացույց արեց սպանության վերջին դեպքը:

 

«Մենք գործ ունենք իրավական խնդրի հետ: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունը պարտավորված է պաշտպանելու մարդու հիմնարար՝ կյանքի իրավունքը, որն այս դեպքում չի կատարվել»,-ասաց իրավապաշտպանը:

 

Զ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս պարագայում գործ ունենք մի ընտանիքի հետ, որը բազմաթիվ անգամներ ահազանգելէ  իրավապահ մարմիններին՝ տեղեկացնելով ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող բռնությունների մասին: Հստակ տվյալներ կան, թե ինչպես է այդ գործը հասել դատարան, կայացվել ամուսնուն վեց ամսվա ազատազրկման դատապարտելու վճիռը:

 

«Այն ի կատար չի ածվել, ինչո՞ւ:  Ընտրովի որոշումներ են կայացվում, կոնկրետ Նելլի Բաղդասարյան դատավորի կողմից: Ինչո՞ւ պետությունը հանձ չի առնում այդ դատավորներին պատասխանատվության ենթարկելու գործը»,-հարցեր հնչեցրեց Զ. Հովհաննիսյանը:

 

Նա նշեց, որ ոստիկանությունն այսօր կատարում է այն, ինչ իրեն տրված է օրենքով, իսկ օրենքով իրավապահ այդ մարմնին կանխարգելման իրավասություններ տրված չեն:

 

«Քանի տարի է՝ մենք բարձրաձայնում ենք ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության ներդրման անհրաժեշտության մասին: Այն ձգգվում է անընդհատ: Մենք այսօր նամակներ ենք հղել արդարադատության նախարարությանը՝ ընդգրկվելու այն խմբում, որը պատրաստում է օրենքի այդ նախագիծը: Անտարբերությունը, փակ համակարգը, ՀԿ-ների, պետության, արդարադատության նախարարության սահմանազատումն են պատճառը, միասնական ջանք չի գործադրվում խնդրի լուծման ուղղությամբ»,-ասաց իրավապաշտպանը:

 

Ինչ վեաբերում է հասարակական ընկալման ու մշակութային համատեքստում ընտանեկան բռնության խնդրին, Զ. Հովհաննիսյանը բերեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման օրինակը.

«Ընդամենը մի քանի ամիս առաջ այդ բռնարարին կանչում են հաղորդմանը հյուր և մի այնպիսի գովերգում են կազմակերպում, տեսեք՝ ինչ օրինակելի հայր է ու նրան թույլ չեն տալիս երեխային տեսնել: Բայց այդ նույն հոր նկատմամբ եղել է դատական վճիռ, որը անտեսվում է»:

 

Նա նշեց, որ դեպքից հետո էլ ադեկվատ հանրային արձագանք չի տեսնում:

 

«Կանանց աջակցման կենտրոնի» հիմնադիր Մարո Մաթևոսյանն էլ նշեց, որ այսօր որևէ մի կառույց, այդ թվում եկեղեցին չդատապարտեց կնոջ սպանությունը:

 

«Մեզ խանգարում ենք նաև հասարակության մեջ առկա կարծրատիպերը, երբ տղամարդը արտոնյալ է, դրա համար բռնությունների աճ կա: Աճը ոչ թե ոստիկանության լավ աշխատանքի, վստահության ու իրազեկման բարձրացման հետևանք է, այլ օրենքի բացակայության հետևանք է, մարդիկ չեն տեսնում, որ խոշտանգման, ծեծի համար պատիժ կա: Գանը վնասում են 150 հազար դրամի տուգանքի են ենթարկվում, կատարվում է սպանություն, նշում են, հուզական վիճակում է եղել ամուսինը, նշանակում են 3 տարվա ազատազրկում: Սրանք պատիժներ չեն, ժողովուրդ»,-ասաց Մաթևոսյանը:

 

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Աղաբեկյանն էլ ներկաների ուշադրությունը հրավիրեց դեպքի վերաբերյալ արձագանքներին ու նախորդող դեպքերին:

 

«8-րդ զանգից հետո ոստիկանություն են տարվել կինն ու նրա մայրը, տղամարդը մնացել է շքամուտքում կանգնած»,-ասաց նա, ավելացնելով, որ դժվար է բռնության ենթարկված կնոջ համար սիրալիր երեխային տանել ու նստել հետևել ինչպես է երեխան տեսակցում  բռնարար հոր հետ: Նա նշեց, որ դեպքեր են եղել, երբ կինը տարել է երեխային, հայրը չի բարեհաճել ներկայանալ:

 

«Հիմա բժշկական հանձնաժողովը ենթադրություններ է անում, վայ, երևի այսպիսի կին էր, որ նման բան է եղել: Կարևոր չի, թե ինչպիսի կին էր, փաստն այնէ , որ ինքն ամուսնացել է, ունեցել է երեխա, այսօր պառկած է հիվանդանոցում, մայրը սպանված է, հայրը պառկած է: Եղել է հանցագործություն, որի համար կան մեղավորներ»,-ասաց նա:

 

Ինչո՞ւ չի ընդունվում Ընտանեկան բռնության մասին օրենքը:

 

Նելլի Դուրյանն ասաց, որ  միջգերատեսչական խումբն աշխատում է օրենքի մշակման ուղղությամբ:

 

«Մենք պետք է օրենքը ունենանք, որովհետև մենք վավերացրել ենք Կանանց նկատմամաբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան: Այսինքն, մենք վերցրել ենք պարտավորություն ունենալու «Ընտանեկան բռնության մասին» օրենքը»,-ասաց Դուրյանը: Նրա խոսքով, եթե այս պահին օրենքն իրավական ուժ ունենար, ապա ոստիկանությունը կարող էր ամուսնուն արգելել տուն մտնել, բռնարարին տանից հեռացնել:

 

Դուրյանն ասաց, որ հիշյալ ընտանիքի վերաբերյալ մինչ սպանությունը, ունեցել են 8 ամփոփագրեր, որից չորսի դեպքում ահազանգը վերաբերել է ամուսնու կողմից կնոջ ծեծելուն, երկու ահազանգ եղել է ամուսնու կողմից, ըստ որի կինն ու զոքանչն իրեն են ծեծում, 7-րդ ահազանգի հեղինակը աներն է եղել, ըստ որի, ամուսինը ծեծում է  դստերը, 8-րդը փոխադարձ ահազանգեր են եղել:

 

«Այստեղ սահմանված  է եղել ժամեր ու օրեր, երբ ամուսինը դատարանի որոշմամբ կնոջ ներկայությամբ կարող էր տեսակցել երեխայի հետ, հետագայում, ըստ ամուսնու և ըստ ԴԱՀԿ ներկայացրած բողոքների, կինն ամեն կերպ խոչընդոտել է իրենց տեսակցությանը»,-ասաց Դուրյանը, ավելացնելով, որ բոլոր ահազանգերի հետքերով օպերատիվ խմբեր են մեկնել դեպքի վայր, դրանց ընթացք են տրվել, դատաբժշկի ուղեգրեր են տրվել:

 

«Կանանց աջակցման կենտրոնի» հիմնադիր Մարո Մաթևոսյանի խոսքով, օրենքի ընդունման հարցում քաղաքական կամքի պակաս կա,  քանի որ օրենքը լրացուցիչ ծախսեր է  պահանջում : Օրենքը  կանխարգելում է ենթադրում,   ապաստարաններ են պետք:   «Այսինքն՝ ֆինանսական միջոնցների հետ է կապված: Դրա համար ձգձգում են այս ամբողջ պրոցեսը: Ինչպես միշտ կնոջը երկրորդական նշանակություն է տրվում»,- նշեց նա:

 

Ըստ Մ. Մաթևոսյանի, «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքը կօգնի փոխել մարդկանց մտածելակերպը, որ ընտանեկան բռնությունը քրեական հանցագործություն է:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ողբերգություն, որը կարելի էր կանխել…

Կացնահարված արդարադատություն

Փաստաբանը կանխատեսել է նման ելք ամուսինների հարաբերություններում…

 

Դիտումների քանակը` 3977

Գլխավոր էջ