Ողբերգություն, որը կարելի էր կանխել…

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը՝

Շենգավիթում տեղի ունեցած արյունալի սպանության կապակցությամբ

Հուլիսի 08-ին, ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի  աստիճանահարթակում 35-ամյա Վ. Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և  Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և  Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Վ. Մարտիրոսյանըի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»,  ստեղծվել է քննչական խումբ:

 

Դեպքի առիթով  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»  հանդես է եկել հետեւյալ  հայտարարությամբ.

 

… Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցաել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն:

 

Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

 

Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Դատարանն ապացուցված է համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Չկիրառման հարցում իր դերակատարումն  է ունեցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ով որոշել է պայմանական ազատ արձակել վերջինիս՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու:

 

Այստեղ մենք ակնհայտորեն գործ ունենք դատական սխալի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունեցել այս ողբերգությունը: Թագուհի Մանուկյանը բազմիցս դիմել է նաև ոստիկանությանը, սակայն ոստիկանության գործողությունները բավարար չեն եղել նրան բռնարարից պաշտպանելու համար:

 

Թեև Շենգավիթի ոստիկանությունը ներգրավված է եղել ԵԱՀԿ կողմից ոստիկանության վերապատրաստման ծրագրերում և ստացել է անհրաժեշտ գիտելիքներ ընտանեկան բռնության դեպքերում ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններ կատարելու վերաբերյալ: Այս ամենը վկայում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը չի կարողանում բավարար կամք դրսևորել կանանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը պաշտպանելու համար:

 

Չենք կարող չանդրադառնալ նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ազդեցությանը, որը հրավիրելով Վ.Մարտիրոսյանին տաղավար և մարդու իրավունքների տեսանկյունից բազմաթիվ խախտումներ թույլ տալով, անտեսելով նրա բռնարար բնույթն ու բազմաթիվ հանցագործությունները, հորդորում էր միանալ կնոջ հետ, և կասկածելի հոգեբանի շուրթերով հիացմունք հնչեցնում բռնարար տղամարդու հասցեին:

 

Վստահեցնում ենք՝ եթե լիներ պատժելիության մթնոլորտ, պատշաճ ուշադրություն զոհի նկատմամբ և դեպքերի որակյալ լուսաբանում , այլ ոչ մակերեսային և կարծրատիպային շոուների միջոցով բռարար տղամարդու կերպարի գովերգում, շատ և շատ դեպքերում ողբերգական նմանատիպ ավարտ չէր լինի:

 

Դիմում ենք՝ ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` պահանջելով կարգապահական վարույթ հարուցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ: Պահանջում ենք՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակին վերանայել և գնահատել ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը:

 

Հորդորում ենք՝ ՀՀ կառավարությանն  նախաձեռնել  «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա իրականացնել ընտանեկան բռնության արդյունավետ կանխարգելումը և ապահովել ընտանեկան բռնության զոհերի նպատակային պաշտպանությունն ու աջակցությունը: Իսկ զանգվածային լրատվության միջոցներին խորհուրդ ենք տալիս նման դաժանության դեպքերին անդրադառնալ բազմակողմանիորեն, վեր հանելով ընտանեկան բռնություն երևույթի վտանգավորությունն ու հանրության շրջանում ամրացնել բռնության անթույլատրելիության գիտակցումը, այլ ոչ մակերեսային և կարծրատիպային շոուների միջոցով բռնարար տղամարդու կերպարի գովազդով զբաղվել:

 

Նշենք, որ այս  դեպքի առթիվ հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»,  ստեղծվել է քննչական խումբ:

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ողբերգություն, որը կարելի էր կանխել…

Կացնահարված արդարադատություն

Փաստաբանը կանխատեսել է նման ելք ամուսինների հարաբերություններում…

Դիտումների քանակը` 3492

Գլխավոր էջ