Հայաստանը 67-րդն է Սոցիալական առաջընթացի վարկանիշում

The Social Progress Imperative միջազգային հետազոտական կազմակերպության վերլուծական խումբը հրապարակել է 2016 թվականին սոցիալական առաջընթացի վերաբերյալ վարկանիշը(The Social Progress Index):  Հայաստանը 160 երկրների շարքում զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը՝ հավաքելով 66,05 միավոր: 

 

Վարկանիշը համալիր ցուցանիշ է, որը դիտարկում է երկրների նվաճումները հասարակական բարեկեցության և սոցիալական առաջընթացի տեսանկյունից: Այն կյանքի որակը գնահատելու նոր մոտեցում է, քանի որ չի ներառում երկրների տնտեսական զարգացման ցուցանիշները, այլ միտված է գնահատելու այս կամ այն երկրում հասարակական բարեկեցության  աստիճանը  այլ ցուցանիշների հիման վրա: Այս առումով, վարկանիշն, օրինակ,  բացահայտում է, որ նույնիսկ  ՀՆԱ-ի և տնտեսական զարգվածությամբ   մոտ երկրներ կարող են տարբեր կերպ լուծել  սոցիալական առաջընթացի հետ կապված խնդիրները:

 

Գնահատումը կատարվում է 0-ից -100 սանդղակով (որքան շատ են միավորները, այնքան մեծ է կայունությունը):  Հաշվի է առնվում ավելի քան 50 ցուցանիշ, որոնք միավորվում են 3 անվանակարգում` մարդու հիմնական պահանջներ, բարեկեցության հիմքեր(wellbeing) , հնարավորություններ(opportunity):  

 

Հայաստանն ընդհանուր առմամբ հավաքել է 66.05 միավոր: Ընդ որում, մարդու հիմնական պահանջներ կատեգորիայում  ` 85,26, բարեկեցության հիմքեր ` 69,26, հնարավորություններ ` 43, 63 միավոր:

 

«Մարդու հիմնական պահանջները»  կատեգորիայում  մեր երկրի ցուցանիշները հետևյալն են` սննդի և առաջին բուժօգնության մատչելիություն` 96,35, ջրի և սանիտարական ծառայությունների մատչելիություն` 96,39, ապահովվածություն բնակտարածքով` 75,78, անձնական անվտանգության աստիճան` 72,52:

 

«Մարդու բարեկեցության հիմքերը» անվանակարգում ցուցանիշները հետևյալն են` հիմնարար գիտելիքների հասանելիություն` 88,60, տեղեկատվության և հաղորդակցության միջոցների հասանելիություն` 75,35, առողջապահության մատչելիություն` 51,16, բնապահպանական կայունություն` 61,91:

 

«Մարդու զարգացման հնարավորություններ»  բաժնում Հայաստանն ունի համեմատաբար  ցածր ցուցանիշներ. անձնական իրավունքների մակարդակ` 39,73, անձնական ազատությունների մակարդակ` 48,16, հանդուրժողականություն և ներգրավվածություն` 39,96, առաջատար կրթության հասանելիություն` 46,68:

Այս բաժնի ցուցանիշները  ցույց են տալիս,   որ ցանկացած անհավասարության կամ անհանդուրժողականության դրսևորում, ցանկացած խտրականության առկայություն  անմիջական  ազդեցություն  է թողնում սոցիալական առաջընթացի վրա: Այդ թվում հաշվի են առնվում  նաև գենդերային անհավասարության  դրսևորումները,    խտրականությունը և կանանց նկատմամբ  բռնությունը,  կանանց ներուժն  իրագործելու հնարավորությունները…

 

ԱՊՀ երկրների թվում Սոցիալական առաջընթացի ցուցանիշով Հայաստանից առաջ են Ուկրաինան (63-րդ տեղ) և Բելառուսը (66-րդ տեղ): Մոլդովան 73-րդն է, Ռուսաստանը` 75, Ղազախստանը` 76-րդն է, Ադրբեջանը` 77-ը: Տարածաշրջանի երկրներից լավագույն ցուցանիշներն ունեն Վրաստանը, որը 54-րդն է, ևԹուրքիան, որը 58-րդ տեղում է: Իրանը 93-րդն է:

 

Վարկանիշը գլխավորում է Ֆինլանդիան 90,06 ցուցանիշով: Առաջին 5-ում են Կանադան (89,49), Դանիան (89,39), Ավստրալիան (89,13) և Շվեյցարիան (88,87): Վարկանիշը եզրափակում են Չադը, Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:

 

Նշենք, որ վարկանիշը մշակվել է 2013-ին` Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Փորթերի ղեկավարությամբ, ով մեծ  ներդրում ունի մրցակցային ռազմավարության, մրցունակության, ազգերի, պետությունների և տարածաշրջանների տնտեսական զարգացման ոլորտում։

 

Վարկանիշի վերաբերյալ  մանրամասներին կարելի է ծանոթանալ  այստեղ

 

 

Դիտումների քանակը` 2815

Գլխավոր էջ