«Ես ինձ վիրավորված կզգամ, որ հաղթեմ կնոջը»…
«Գայանե Առուստամյանը կին է, եւ ես ինձ վիրավորված կզգամ նրան բանավեճում հաղթելով, քաղաքական բանավեճի կմտնեմ միայն նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ցանկացած ժամանակ ես պատրաստ եմ Տեր-Պետրոսյանի հետ մտնել բանավեճի»,- այս մասին NEWS.am –իn ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով նույն ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածուԳայանե Առուստամյանի` իրեն բանավեճի հրավիրելու առաջարկին:
Ռուբեն Հայրապերյանի ակնհայտ սեքսիստական բնույթի մեկնաբանությունները դրանով չսահմանափակվեցին: Նա հայտարարեց, որ «վախենում է Գայանե Առուստամյանից, վախենում է, որ կարող է ծեծել իրեն»: «Լավ է բռնցքամարտի մրցման չի հրավիրել», – ասաց նա:
Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, լրագրող, Հայ ազգային կոնգրեսի անդամ Գայանե Առուստամյանը իրեն քաղաքական մրցակից է համարում նույն ընտրատարածքում առաջադրված, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրան հրավիրել էր բանավեճի: Այս մասին նա հայտարարել էր երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Թող գա հրապարակ, թող գա խոսենք, թող ներկայացնի իր պատկերացումները խորհրդարանում աշխատելու ծրագրերի մասին, թող ընտրողը կողմնորոշվի, ընտրի ինձ կամ իրեն», – ասաց Առուստամյանը:
Ինչ վերաբերում է այս ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածու Ստյոպա Սաֆարանին, ապա նրա հետ բանավիճելու խնդիր Առուստամյանը չունի: Սակայն, եթե Սաֆարյանին հանդիպի էլ, ապա նրա հետ «հաճույքով» կխոսի «ընդդիմության և ընդդիմադիր լինելու փիլիսոփայության մասին»:
P.S. Հիշեցնենք, որ քաղաքական բանավեճը կեղծ ջենտլմենական դաշտ տեղափոխելու անընդունելի փորձերը առաջին անգամ չէ, որ արվում են մեր քաղաքական դաշտում: Ժամանակին Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքի տեղական ընտրություններում իրեն մրցակից կնոջ՝ ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանի հասցեին հայտարարել էր. «Ամոթ է կնոջը պարտվելը»…
Կարդացեք նաեւ բլոգում՝
Կինը՝ «նիխտ պոլիտիկ». Ռուբեն Հայրապետյանը` սեքսիստ
Դիտումների քանակը` 4429