Ներկայացվել են «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության արդյունքները
– Կանայք չվճարվող աշխատանքի (տնային տնտեսության և ընտանիքի խնամքի) վրա ծախսում են 5 անգամ ավելի շատ ժամանակ, քան տղամարդիկ:
– Տղամարդկանց 62%-ը և կանանց 56%-ը լիովին համաձայն են այն դատողությանը, որ երբ աշխատատեղերը քիչ են, տղամարդիկ պետք է ունենան աշխատանք ձեռք բերելու ավելի ընդարձակ իրավունքներ, քան կանայք:
– Պատանիները, որոշ դեպքերում՝ նաև աղջիկները, գտնում են, որ կնոջ աշխատելու պարագայում անպայմանորեն պետք է տղամարդու աշխատավարձի չափն ավելի բարձր լինի, քան կնոջը, քանի որ հակառակ դեպքում կինը կարող է օգտագործել այդ հանգամանքը՝ ցուցաբերելով «անհնազանդություն» ընտանեկան հարաբերություններում:
Այս եւ ուշագրավ այլ դիտարկումներ են արվել Օքսֆամ և «ՕքսԵՋեն» հիմնադրամի «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակներում իրականացված «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության հեղինակների կողմից: Հետազոտությունն իրականացվել է Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի կողմից: Հետազոտության արդյունքների ներկայացումը տեղի ունեցավ հունիսի 27-ին Երեւանի պետական համալսարանում:
Հետազոտության նպատակն էր վերլուծել սոցիալ-տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց գործունեության հիմնախնդիրները, ինչպես նաև բացահայտել կանանց տնտեսական առաջընթացի և նրանց քաղաքական ակտիվության միջև եղած կապը:
Հետազոտության շրջանակում, մասնավորապես ուսումնասիրվել են.
– աշխատաշուկայում կանանց և տղամարդկանց ներգրավվածության առանձնահատկությունները
– գենդերային տարբերությունները հանրապետության աշխատանքի շուկայի պետական, մասնավոր և հասարակական հատվածներում
– աշխատաշուկայում կանանց ցածր ներգրավվածության կառուցվածքային և մշակութային պատճառները
– կանանց և տղամարդկանց տնտեսական և քաղաքական կապիտալի հարաբերակցությունը:
Հետազոտության հիմք են հանդիսացել 2010-2015 թթ.-երի ընթացքում աշխատանքի շուկայի վերաբերյալ ՀՀ վիճակագրության տվյալները և փորձագիտական հարցումները:
Առանձնահատուկ ուշադրության են արժանացել աշխատաշուկայում կանանց ներգրավման վրա ազդող սոցիալ- մշակութային գործոնները: Դիտարկվել է այն դրական փորձը, որը ցույց է տալիս կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման և նրանց քաղաքական մասնակցության միջև առկա կապը:
Հետազոտության ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ
Դիտումների քանակը` 7291