Գենդերային բյուջետավորման դասընթացներ. ինչի՞ համար են դրանք անհրաժեշտ
Կանանց ռեսուրսային կնետրոն հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Ժողովրդավարական ազգային ինստիտուտի (NDI) հետ համատեղ կազմակերպում է հունիսին դասընթացներ կանանց և գենդերային հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների անդամների/աշխատակիցների, ինչպես նաև թեմայով հետաքրքրված անհատների համար` նվիրված գենդերային բյուջետավորմանը և տարբեր մակարդակներում բյուջեների գենդերային վերլուծությանը:
Ի՞նչ է գենդերային բյուջետավորումը
Գենդերային բյուջետավորումը անփոխարինելի գործիք է հանդիսանում սոցիալական և գենդերային արդարության խնդիրներով զբաղվող մասնագետների ձեռքում:
Գենդերային բյուջետավորումը միջոցառումների շարք է, որոնք ուղղված են բյուջեի բաղադրիչների այնպիսի ձևավորմանը և վերլուծությանը, որպեսզի դրանք հնարավորինս հաշվի առնեն տարբեր սոցիալական խմբերի պատկանող կանանց և տղամարդկանց շահերը և կարիքները: Ընդ որում, գենդերային զգայուն և պատասխանատու բյուջեն այն մասին չէ, թե արդյո՞ք կանանց և տղամարդկանց համար հավասար գումար է ծախսվում: Կարեւորը պարզելն է արդյո՞ք ծախսված բյուջետային միջոցները համապատասխանում են կանանց և տղամարդկանց կարիքներին:
Գենդերային բյուջետավորման գործնթացը ենթադրում է գենդերային վերլուծություն, որը հնարավորություն է տալիս որոշել կանանց և տղամարդկանց տարբերությունները կախված նրանց գործունեությունից, կյանքի և կենսագործունեության պայմաններից, կարիքներից, ռեսուրսների հանդեպ ունեցած վերահասկողությունից և դրանց հասանելիությունից, ինչպես նաև զարգացման և որոշումների կայացման վրա ներազդելու նրանց հնարավորություններից:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գենդերային զգայուն բյուջետավորումը կարևոր խթան է հանդիսանում պետական, հասարակական և մասնավոր հատվածների բոլոր մակարդակներում գենդերային հիմնախնդիրների լուծման համար: Դասընթացների շրջանակում մասնագետները ներկայացնելու են Ավստրիայում, Շվեդիայում, Իսպանիայում, ինչպես նաև Հնդկաստանում իրականացված գենդերային բյուջետավորման ծրագրերի հաջող և ակնհայտորեն արդյունավետ փորձը եւ ցույց են տալու թե ինչպես կարելի է տեղայնացնել այդ փորձը նաև Հայաստանում: Հետսովետական երկրները, ինչպիսիք են Ղրղզստանը և Ղազախստանը, նույնպես կարող են օրինակ ծառայել գենդերային բյուջետավորման իրականացման տեսանկյունից:
Հաջողված փորձ
Գենդերային բյուջետավորման հաջողված օրինակ է հանդիսանում GenderAlp-ը տրանսազգային ծրագիրը, որն իրականացվում է Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Սլովենիայում և ուղղված է բյուջետային ռեսուրսների ծախսերի օպտիմալ պլանավորմանը: Ծրագրի նպատակն է իրականացնել հանրային ծախսերի գենդերային զգայուն վերլուծություն ազգային, տեղական և տարածաշրջանային մակարդակներում: Վերլուծության համար հիմք են հանդիսանում երկու կարեւոր հարցադրումները.
1.Որո՞նք են կին և տղամարդ քաղաքացիների կարիքները:
2.Ինչպես են հանրային կառավարման մարմինները արձագանքում կանանց և տղամարդկանց կարիքներին (հիմնվելով քաղաքական որոշումների, իրականացված տնտեսական միջոցառումների և մատուցած ծառայությունների վրա):
Բնակչության կարիքները դիտարկվում են 3 հիմնական ուղղություններով. երեխաների և դեռահասների խնամքի կազմակերպումը, վարձատրվող և տնային աշխատանքի հարաբերակցությունը, տարեցների խնամքի և աջակցության կազմակերպումը:
Գենդերային վերծուծությունը կատարվում է հետեւյալ չափորոշիչների միջոցով. առկա գենդերային հիմնախնդիրները, անուղղակի կամ թաքնված գենդերային հիմնախնդիրները, միջավայրային գենդերային հիմնախնդիրները:
Նշված մոտեցումների շնորհիվ GenderAlp-ը տրանսազգային ծրագիրը նպաստում է գենդերային հավասարության և արդարության ապահովմանը:
Ինչպե՞ս մասնակցել գենդերային բյուջետավորման դասընթացներին
Դասընթացները կազմակերպվելու են Երևանում և ՀՀ մարզերում և, կախված լսարանի փորձից ու գիտելիքներից, կլինեն մեկօրյա կամ երկօրյա:
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն համապարփակ գիտելիք գենդերային բյուջեի, տարբեր ոլորտներում և մակարդակներում բյուջետավորման գործընթացների եւ գործող բյուջեների գենդերային վերլուծություն իրականացնելու մասին:
Դասընթացները վարելու են համապատասխան թեմաներով ԱՄՆ Ժողովրդավարական ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստում անցած մասնագետները՝ Սիրան Հովհաննիսյանը և Քնարիկ Մկրտչյանը:
Առաջիկա դասընթացը տեղի է ունենալու հունիսի 25-ին, ժամը 11:00 – 17:00 Կանանց ռեսուրսային կենտրոնի գրասենյակում:
Մասնակցելու համար անհրաժեշտ է.
նախօրոք գրանցում qnarik@womenofarmenia.org էլ. հասցեով
կամ 094 56 56 26 հեռախոսահամարով:
Գրանցման վերջնաժամկետը հունիսի 23-ն է:
Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվեն վկայականներ:
Կանանց ռեսուրսային կենտրոն
Դիտումների քանակը` 4107