«Ճգնաժամի եւ նոր կյանքի մաքառման հինգ տարին»
«Ճգնաժամի հինգ տարին. Նոր կյանքի մաքառման հինգ տարին» – այս խորագրի ներքո կայացավ օրերս Երեւանում Արմենիա Մարիոթ հյուրանոցում ՄԱԿ ՓԳՀ-ի և ՕՔՍՖԱՄ-ի համատեղ միջոցառումը: Այն կազմակերպվել էր ՄԱԿ ՓԳՀ-ի՝ «Մենք կանգնած ենք փախստականների կողքին» և ՕՔՍՖԱՄ-ի «Սիրիայի կողքին» քարոզարշավների շրջանակներում :
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, գործարար սիրիահայեր և հյուրեր: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սիրիական պատերազմի զոհերի հիշատակը:
Ողջունելով ներկաներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սիրիահայերին ուղղված իր խոսքում ասաց, որ ուրախ է տեսնել նրանց Հայրենիքում:
– «Ուրախ եմ, որ այստեղ կարողանում եք աշխատել, ստեղծագործել, նվիրվել և ձեր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում: Ուզում եմ հավատալ, որ դժվարությունները ետևում են մնացել: Մենք բոլորս՝ պետությունը, սփյուռքի նախարարությունը, ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային կազմակերպությունները, պետք է անենք ամեն ինչ, որ կարողանաք աշխատել, հզորանալ, հզորացնել մեր Հայրենիքը:
ՕՔՍՖԱՄ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի դիտարկմամբ, սիրիահայերը մեզ համար ոչ թե փախստականներ են, այլ հայրենակիցներ, ովքեր իրենց մշակույթով նպաստում են հայրենիքի զարգացմանը: Նա իր խոսքում մտահոգություն հայտնեց աշխարհում փախստականների թվի ավելացման կապակցությամբ:
– Ցավալի է, որ Երկրրոդ համաշխարհային պատերազմից հետո արձանագրվել է փախստական թվի աննախադեպ գերաճ, նրանց թիվն այսօր կազմում է շուրջ 60 միլն է եւ դա իրոք մտահոգիչ է: Այս միջոցառումը մեկ անգամ ևս առիթ է բարձրաձայնելու մեր բոլորի մտահոգությունը, որպեսզի գերտերությունները կարողանան վերացնել պատերազմի պատճառները, կանխել փախստականների հոսքը, ապահովել նրանց անվտանգությունն ու աջակցել հաղթահարելու դժվարությունները: Հուսանք, որ աշնանը Նյու Յորքում կայանալիք վեհաժողովում գերտերությունները Սիրիայում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ գործնական որոշում կկայացնեն:
ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթմ անդրադարձավ Փախստականների օրվա խորհրդին՝ նշելով, որ օրը նվիրված է այն մարդկանց , ովքեր ստիպված են եղել տեղահանվել և ապահով հանգրվան գտնելու նպատակով ճանապարհ ընկնել:
– Երբ ասում ենք ճգնաժամի 5 տարի, ի նկատի ունենք ոչնչացման, տառապանքի և մահվան տարիները, – իր խոսքում նշեց ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, ընդգծելով, որ Սիրիայի պատերազմի 5 տարին եղել է նաեւ մաքառման 5 տարի: Սիրիահայերին Հայաստանում օգնել են և՛ կառավարությունը, և միջազգային ու հասարակական կազմակերպությունները, և՛ բնակչությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: Այսօր բոլորը կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել սիրիահայերին…
Այնուհետև հնչեցին երգչուհի Զարուհի Բաբայանի և իր Երգի ստուդիայի սաների «Ավե Մարիա», «Կիլիկիա» ստեղծագործությունների հիանալի կատարումները:
Միջոցառումն ավարտվեց ՄԱԿ ՓԳՀ-ի նախաձեռնությամբ հրատարակված <Ճամփաբաժան.Փախստականների պատմությունները Հայաստանում> գրքի շնորհանդեսով: Գրքում տեղ գտած շուրջ 3 տասնյակ ակնարկների հերոսները տարբեր ժամանկներում և տարբեր երկրներից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձինք են: Նրանց կյանքի պատմությունները՝ միմյանց նման ու տարբեր, ուսանելի ու հետաքրքրական են հատկապես վերընձյուղվելու և կյանքի նոր սկիզբ նշանավորելու առումով: Միջացառումը եզրափակվեց սիրիացի ոճաբան Գևորգ Շադոյանի երեխաների հագուստի հավաքածուի ցուցադրմամբ:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ սիրիահայ գործարարների ձեռագործ աշխատանքերի և խոհարարական հմտությունների ցուցադրություն-վաճառք, ինչպես նաև փախստականների թեմատիկ ֆոտո-ցուցահանդես և հիշատակի մոմավառության արարողություն:
Շրջելով ցուցահանդես-վաճառքում WomenNet.am -ը զրուցեց մի քանի սիրիահայ գործարարների հետ:
Զարուհի Համալյանն ամուսնու հետ այս անգամ որոշել է ընդլայնել իր արտադրանքի տեսականին: Նրա արտադրած մահլեբով պանիրն արդեն հայտնի է Երևանում, պատվիրողների թիվը հետզհետե ավելանում է նաև համեղ մանթիի, իշլի քյուֆթայի, կարմիր պղպեղով ու զանազան համեմված կաթնաշոռի ու քամած մածունի շնորհիվ: Համեղ ուտելիքներից բացի Զարուհին զբաղվում է նաև, ինչպես ինքն է ասում՝ կպչարվեստով, սովորական ապակե ծաղկամանն ու սկահակը գունազարդելով գեղեցիկ նախշերով, որի պահանջարկն, ի դեպ, ցուցահանդեսում բավական մեծ էր:
ՕՔՍՖԱՄ-ի կողմից ցուցաբերած աջակցության համար իրենց երախտագիտությունը Րաֆֆի և Յոլանդ Ռշտունի ամուսինները հայտնել են յուրովի: Այս անգամ նրանք պատրաստել և ցուցահանդեսին ներկայացրել էին ՕՔՍՖԱՄ-ի խորհրդանշանով քաղցրավենիքներ:
– Ամեն անգամ փորձում ենք նոր տեսականիով հանդես գալ, ուզում ենք նորություն լինի: Տակավին դեռ դժվարություններ կան, սակայն շարունակում ենք հուսալ ու տոկալ: Գիտեմ, որ հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Առանց հուզմունքի չեմ կարող խոսել, քանի որ Սիրայում վիճակն ավելի է վատանում, քանդվում են հայկական թաղամասերը: Փափագում ենք, որ այնտեղ մնացած հայերը Հայաստան գան, փրկվեն կործանումից, -ասում է Յոլանդը:
Ազնիվ Բերթիկյանն ու ամուսինը՝ Եղիյա Գրիգորյանը առաջին անգամ են մասնակցում ցուցահանդես-վաճառքին: Ամիսներ առաջ են Սիրիայից տեղափոխվել Հայաստան: Բարեբախտաբար իրենց տան ռմբահարման ժամանակ տանը ոչ ոք չի եղել: Ճարահատյալ միակ զավակի հետ եկել են ապաստանելու հայրենիքում:
– Աշխատանքի դժվարություն ունենք, բայց կամաց –կամանց խելքի կգանք, աշխարհին խաղաղություն ենք ցանկանում, միայն խաղաղ ժամանակ կարելի է զարգանալ: Մասնագիտությամբ դասախոս եմ, ամուսինս ինժեներ, սակայն այստեղ մեր կարիքը կարծես թե չկա, թեև ամուսինս հիանալի ինժեներ է: Նրա հետ որոշեցինք զբաղվել խոհարարությամբ: Հուսանք, որ լավ կլինի:
Դեկորատիվ աշխատանքերի իր հարուստ հավաքածուն է ներկայացրել 4 տարի առաջ ամուսնու և երկու զավակների հետ Հայաստանում հաստատված Սիլվա Քալաջյանը: Երիտասարդ ու բազմաշնորհ կնոջ հարուստ երևակայությունն ու դիզայների մասնագիտությունն օգնում են հարսանեկան զգեստների և զանազան առարկաների գեղարվեստական ձևավորմամբ վաստակած գումարով լուծել սոցիալ-կենցաղային բազում հարցեր: Երազում է ամուսնու հետ բացել հուշանվերների խանութ:
– Ես ուրախ եմ, որ մեր հայրենակիցները չեն հուսալքվում, որ սեփական ուժերով, նաև ՄԱԿ ՓԳՀ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ձգտում են հաստատվել հայրենիքում,- ասում է ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը,- Տարեց-տարի մեր համախոհների շարքերն ընդլայնվում են, ՀՀ սփյուռքի նախարարությունն ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացնում ենք Բնակարանային փոխհատուցման ծրագիրը, որի արդյունքում մեր շահառուների թիվը մեծացել է: Սիրիահայ մեր հայրենակիցների ժպիտը ամենամեծ շնորհակալությունն է, ինչը մեզ ավելի է պարտավորեցնում նրանց օգնելու հարցում:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ճգնաժամի եւ նոր կյանքի մաքառման հինգ տարին»
« Նրանք փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն »… / տեսանյութեր
«Աշխարհը չի կարող պասիվորեն հետևել՝ ասես թե անկարևոր կյանքեր են կորսվում…»
Փախստականի համաշխարհային օրվա ուղերձները
Իսկ Դուք կանգնա՞ծ եք Փախստականների կողքին / տեսահոլովակ
Դիտումների քանակը` 3393