Թրամփը կարող է ձայներ կորցնել իր կնատյաց արտահայտությունների պատճառով

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի  ու միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփի միջեւ  մրցապայքարը գնահատվում է Ամերիկայի պատմության մեջ ամենասկանդալայինը, որի ընթացքում  մրցակիցներն արդեն իսկ  հասցրել են  անցնել    անձնական վիրավորանքների սահմանը : Հատկապես  Թրամփն է աչքի  ընկել  իր մրցակցի եւ ընդհանրապես կանանց հասցեին  հնչեցված  անհարգալից արտահայտություններով եւ համարվում է  երկրի  պատմության մեջ  ամենակնատյաց  թեկնածուն :

 

Հեռուստատեսյին  բանավեճերից մեկի  ժամանակ    Թրամփը  ծրագրի հաղորդավարուհի Մեգան Քելիին մեղադրել է այն բանի մեջ, որ իբր նա անարդար հարցումներն է  ուղղում նրան եւ ակնարկել, որ լրագրողուհին  երեւի  ամսականի հետ կապված խնդիրներ է ունեցել: «Արյուն է կաթում նրա աչքերից կամ ուրիշ տեղից» ,   – ասել է Թրամփը:

 

Այս խոսքերը   հնչել են է  այն բանից  հետո,  երբ Քելին  հարցրել է Թրամփին,  թե ինչու ընտրողներն իրենց ձայնը պետք է տան մի մարդու, ով կանաց անվանել է «ճարպոտ խոզեր, շներ, փնթիներ և զզվելի կենդանիներ» և այլ անհարգալից  բնութագրումներ օգտագործել մի շարք հայտնի կանանց հասցեին:   Թրամփն, ըստ էության,  խուսափել է   պատասխանից՝ վիրավորելով  Քելիին :

 

Բանավեճից հետո  Թրամփը  հանդես է եկել հավաստիացումներով, որ ինքը հարգում է կանանց, բայց այնումենայնիվ  ներողություն չի խնդրել լրագրողուհու հասցեին արված արտահայտության համար, թեպետ  մյուս հավակնորդ-հանրապետականները Թրամփից պահանջել են ներողություն խնդրել իր արտահայտությունների համար, իսկ հեղինակավոր ֆորումը չեղյալ է հայտարարել նրա ելույթը:

 

Թրամփը  պնդել է, որ միայն «հիվանդ մարդը» կարող էր որպես վիրավորանք   մեկնաբանել իր ասածը, ու   որ գործնական միջավայրում իր հարաբերությունները կանանց հետ միանգամայն նորմալ են: «Նրանք արտակարգ են: Ես բազմաթիվ կին թոփ-մենեջերներ ունեմ: Նրանք արտակարգ են կատարում իրենց աշխատանքը, և ես նրանց հսկայական գումարներ եմ վճարում: Նրանք փող են վաստակում իրենց համար, ինձ համար: Եվ շատ դեպքերում նրանք իրոք տաղանդավոր են»,- ասել է Թրամփը  ABC-ին տված հարցազրույցում:

 

Մինչդեռ  The New York Times –ը հոդված է հրապարակել  կանանց նկատմամբ  Թրամփի վերաբերմունքի մասին՝ նշելով, որ աշխատանքի տեղում  նա աչքի է ընկել սեռական ոտնձգություններով  եւ կանանց հանդեպ խտրականությամբ: Իսկ  նրա  հեռուստատեսային զրույցների և թվիթերյան գրառումների վերլուծությունից  պարզ է դառնում , որ նա  երկար ժամանակ է ինչ կանանց մասին խոսելիս կոպիտ արտահայտություններ է կատարում:

 

Ամերիկյան քաղաքական գործիչներ, հոլիվուդյան մի շարք  աստղեր   խիստ քննադատության են ենթարկել Թրամփին ՝ մեղադրելով նրան կնատյացության  մեջ:  Թրամփի այդ պահվածքը դժգոհության  ալիք է  առաջացրել կանանց շրջանում եւ որոշ փորձագետներ՝ հղում անելով հարցումներին,   նշում են, որ իր սեքսիստական պահվածքի պատճառով նա զգալիորեն  կորցնում է կին ընտրողների ձայները : Ըստ երեւույթին , այս հանգամանքն առիթ հանդիսացավ , որ  Թրամփի  նախընտրական շտաբն  ակնարկի թե , հնարավոր է, նրա  փոխնախագահի  թեկնածուի դերում   կին  հանդես  կգա …

 

Նշենք, որ Թրամփը հայտնի է նաեւ աբորտների նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ, իսկ այդ հարցը միշտ էլ   լուրջ գործոն է հանդիսացել  ԱՄՆ ընտրություններում:  Մասնավորապես, Թրամփը ՝ հակադրվելով  ԱՄՆ-ում տարվող  այսօրվա քաղաքականությանը,  առաջարկել էր խիստ պատժել աբորտի դիմող կանանց եթե դրանք արգելվեն:

 

Ի դեպ, սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում  մեծ հավանության է արժանացել  այս տարվա  մարտին  ստեղծված     #VoteTrumpGetDumped  խեշ-թեգը , որը կոչ է անում կանանց  չհանդիպել Թրամփի կողմնակից տղամարդկանց հետ, քանի որ նրանք, ամենայն հավանակությամբ, կիսում են միլիարդատերի հայացքները սեռերի փոխհարաբերությունների մասին:  Հետագա հարցումները ցույց տվեցին , որ կանանց  միայն  մեկ երրորդն է պատրաստ  մտերիմ հարաբերություններ ունենալ Թրամփի կողմնակիցների հետ:  Դրան ի պատասխան,  հատուկ  ծանոթությունների կայք ստեղծվեց, որի նպատակն էր  օգնել Թրամփի կողմնակից կանանց ու տղամարդկանց գտնելու  իրար…

 

 

Օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը, ով հայտնի է իր ֆեմինիտական հայացքներով,  օրերս  ծաղրի է ենթարկել նրան ՝ անսպասելիորեն  հայտնվելով  հանրության առջեւ Դոնալդ Թրամփի կերպարով։ Դա տեղի է ունեցել Նյու Յորքի հանրային թատրոնում՝ Ուիլյամ Շեքսպիրի պատվին ամենամյա տոնի ժամանակ:  Դերասանուհու դիմահարդարումը եղել է մուգ նարնջագույն, որը հիշեցրել է միլիարդատիրոջ  մաշկի գույնը։ Սթրիփը հայտնվել է կոստյումով՝ վառ կարմիր փողկապով / եւ  դերասանուհի Քրիստին Բարանսկիի հետ երգել է Brush Up Your Shakespeare  երգն այն մասին, թե ինչպես հոգ տանել կանանց մասին…

 


 

Հիշեցնենք, որ մինչ այս պահը  ընթանում էին  նախնական ընտրությունները, այսպես կոչված  պրայմերիզը, եւ   Քլինթոն-Թրամփ  բուն  մրցավազքը  դեռ առջեւում է… Նշենք նաեւ, որ   նույնիսկ այն ժամանակ երբ նախագահի երկու թեկնածուներն էլ  տղամարդ են եղել,  դեմոկրատների կուսակցությունը ԱՄՆ-ում միշտ էլ   կատակով  անվանել  են   մայրիկների կուսակցություն, իսկ հանրապետականներին՝ հայրիկների:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հիլարի Քլինտոն . «Իմ հաղթանակը պատմական իրադարձություն է կանանց իրավունքների համար պայքարում »

Մադլեն Օլբրայթ. «Դժոխքում տեղ կգտնվի այն կանանց համար, ովքեր չեն քվեարկի Հիլարի Քլինթոնի օգտին»

WomenNet.am- ը առաջարկում է դիտել «Սուֆրաժիստուհին» ֆիլմը

Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է

Ռոմնիի՝ կանանց մասին արված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց

Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին

Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

 

Դիտումների քանակը` 3941

Գլխավոր էջ