«Ոչ լիարժեք կանանց» մասին Էրդողանի հայտարարությունը բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում
Ստամբուլում և Անկարայում բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կանանց հասցեին արված վիրավորական հայտարարությունից հետո: «Կանայք եւ ժողովրդավարությունը» ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ կինը, ով մերժում է մայրությունը, լիարժեք կին չէ, փոխանցում է BBC-ն:
Էրդողանի խոսքով՝ մայրությունից հրաժարվելով՝ կինը սպառնալիքի տակ է դնում մարդկության գոյությունը: «Կինը, ով հայտարարում է` «ես մայր չեմ լինի, քանի որ աշ խատում եմ», իրականում հրաժարվում է իր կանացիությունից:»,- ասել էր Էրդողանը: Նրա խոսքով՝ հրաժարվելով մայրությունից եւ տնային աշխատանքից կինը կիսատ մարդ է դառնում, անկախ նրանից ինչ չափով է հաջոված իր կարիերան:
Էրդողանի արտահայտությունները վրդովմունքի ալիք են առաջացրել: Մասնավորապես՝ Ստամբուլում և Անկարայում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց կարգախոսը դարձել է նախագահին ուղղված դիմումը՝ «Կինը կին է, նա «կիսատ է » միայն քո գլխում»:
Մի շարք փորձագետներ քննադատել են Էրդողանին նաև այն բանի համար, որ իր խոսքում նա հայտարարել է, թե կինը պետք է առնվազն 3 երեխա ունենա: Նրանց խոսքերով՝ գոյություն չունի ոչ մի կրոնական դոկտրին, որտեղ ասվում է, թե որքան երեխա պետք է ունենա կինը:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ընտանիքի պլանավորումը և պաշտպանվելը չեն համապատասխանում մուսուլման ընտանիքներին:
Դիտումների քանակը` 3088