Բազմազավակ մայրերը պետությունից հարգանք են պահանջում

Իրականում նրանք ոչ միայն հարգանքի են արժանի, այլ հոգատար վերարմունքի եւ աջակցության պետության եւ հասարակության կողմից: Մայրության եւ գեղեցկությա օրը մի խումբ բազմազավակ մայրեր դիմել են երկրի նախագահ Սերժ Սարգսյանին՝ մի շարք պահանջներ ներկայցնելով եւ խնդրելով քննարկել ու պատասխանել դրանց:

 

Ըստ դիմումի՝ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում՝ պաշտպանելու բազմազավակ մայրերի իրավունքները, «որոնք Հայաստանում չնչին տոկոս են կազմում և մղվել են հետին պլան»:

 

«Հատկացրել են մի չնչին աղքատության նպաստ, որը (7 500 դրամ մեկ երեխան), մեզ պարգեւատրելու փոխարեն աղքատներ ենք համարվում, արհամարված դպրոցում` մանկավարժների, հիվանդանոցում` բժիշկների եւ առհասարակ հասարակության կողմից եւ հաճախ լսում ենք արհամարական այս բառերը. «Չէիք կարող պահել` չբերեիք» Ինչու, միթե՞  Հայաստանին հարկավոր են այսպիսի ընտանիքներ…»,  – հարց են տալիս բազմազավակ մայրերը:

 

Նրանք  կառավարությունից պահանջում են ընդունել բազմազավակ մայրերի իրավունքների մասին օրենք, բազմազավակ ընտանիքերի բոլոր անդամներին ապահովել անվճար բուժսպասարկմամբ, անվճար ուսուցմամբ մասնավոր դպրոցներում ու բուհերում, զեղջել կամ անվճար դարձնել կոմունալ վարձերը կամ տրամադրել հավելյալ գումար դրանք վճարելու համար, հատկացնել ամենամսյա թոշակ, ապահովել բնակարաններով:
Նրանք նաեւ առաջարկում են տարվա մեկ օրը նշել որպես բազմազավակ մայրերի օր և իրենց պարգևատրել մեդալով ու տալ հերոսուհի-մայր կոչում:

 

Դիմումը ստորագրել են բազմազավակ մայրեր Կարինե Մելքոնյանը (12 երեխա), Արմենուհի Մանուկյանը (11 երեխա), Անգին Խաչատրյանը (10 երեխա), Մարիամ Արմենյանը (10 երեխա), Հասմիկ Կարապետյանը (9 երեխա), Գյոզալ Թամոյանը (9 երեխա), Սառա Մկրտչյանը (8 երեխա), Հասմիկ Հարությունյանը (7 երեխա), Ելենա Գալստյանը (6 երեխա), Քրիստինե Բաբայանը (5 երեխա), Տիգրանուհի Տեր-Աբելյանը (4 երեխա):

 

Հիշեցնենք, որ ՀՀ Վիճծառայության « Աղքատությունը և Սոցիալական Պատկերը» 2011թ. զեկույցի համաձայն՝ Հայաստանում ավելի քան 300.000 երեխաներ կամ 41.4 տոկոսն ապրում են աղքատության մեջ, ընդ որում ամենաղքատն են՝ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքները: Այս ընտանիքներում աղքատության ընդհանուր մակարդակը մոտավորապես 71 տոկոս է:

 

 

Դիտումների քանակը` 5739

Գլխավոր էջ