Բլից-2 . Տեսնու՞մ եք արդյոք կանանց ու տղամարդկանց միջեւ անհավասարությունը

WomenNet.am-ը շարունակում է  զրուցել Ազգային ժողովի պատգամավորների հետ կանանց ու տղամարդկանց  հավասարության, այդ թվում կանանց քաղաքական մասնակցության  խնդիրների շուրջ… Այս անգամ մեր զրուցակիցներն են պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Հովհաննես Սահակյանը,  Ռուզաննա Մուրադյանը,  էդմոն Մարուքյանը …

 

 

Էդմոն Մարուքյան,

Անկախ պատգամավոր,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ .

 

«Հասարակության ընկալումները ժամանակի ընթացքում փոխվում են »…

 

–         Ինչու սահմանադրորեն ամրագրված կանանց ուտղամարդկանց  իրավահավասարության պարագայում մենք այնուամենայնիվ բախվում ենք    անհավասարության …

–         Օրենսդրական մակարդակում խնդիր  չեմ տեսնում: Սահմանադրական մակարդակում ոչինչ չի պակասում, բայց իրավակիրառ պրակտիկայում տարբեր իրավունքների, այդ թվում կանանց եւ տղամարդկանց հավասարության պաշտպանության առումով, խնդիր իսկապես  ունենք: Ավելին, ընդունված պրակտիկա է, ամեն ինչ բարդել օրենսդրության վրա, ասել, որ Սահմանադրությունը չէր կարգավորում, հիմա կկարգավորի: Մեր խնդիրների 99 տոկոսը իրավակիրառ պրակտիկայում են, մեր քաղաքացիների եւ պաշտոնատար անձնանց ընկալուների մեջ են` ինչպես են նրանք ընկալում այդ երաշխիքները:

 

–         Օրինակ,   ժամանակին`  տասը տարի առաջ,   երբ կինը բռնության դեպքով ոստիկանություն էր դիմում,  նրա բողոքը լուրջ չէր ընկալվում եւ ընթացք չէր ստանում: Մոտեցումն այսպիսին էր` ամուսինները վիճել են, կհաշտվեն: Այսօր, նման բողոքները ոստիկանությունում գրանցում եւ ընթացք են ստանում: Սա  վկայում է այն մասին, որ հասարակության մեջ ընկալումները ժամանակի ընթացքում փոխվում են,  թեեւ նախկին պրակտիկայի հնարավորությունն այսօր էլ չի կարելի բացառել:

 

–         Դուք պատգամավորներից  առաջինն էիք, որ մատնանշեցիք   կանանց ինքնաբացարկների խնդիրը՝ առաջարկելով  մանդատը վայր դնելու դեպքում պահպանել ընտրված կանանց տեղերը կանանց համար:  Ուրիշ ի՞նչ խնդիրներ  եք տեսնում կանանց  քաղաքական մասնակցության հետ կապված:

 

–         Օրենդսդրական դաշտում խնդիր չեմ տեսնում,  խնդիրը քաղաքական համակարգի մեջ է, այն իմաստով, որ կանանց մասնակցությունը չի խրախուսվում, մյուս կողմից  փորձ է արվում արհեստականորեն դա խրախուսել, ինչը ցանկալի արդյունքը չի տալիս: Կանայք  ոչ թե  պարտադրված պետք է ներգրավվեն ցուցաներում, այլ արժեքային մոտեցում պետք է լինի,  ոչ թե ձեւական: Այսինքն, կանանց  քաղաքական մասնակցությունը  պետք է գնահատվի, ինչը իրապես շատ կարեւոր է, կանանց մասնակցությունը  կարող է նոր գաղափարներ բերել քաղաքական համակարգ եւ թարմացնել այն:

 

Մյուս կողմից էլ, որպես նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչ եմ ասում, խնդիր  կա, որ կանայք ու երիտասարդ աղջիկներն այնքան էլ հակված չեն քաղաքականությամբ զբաղվելու, մենք էլ ենք այդ խնդրին բախվում: Պատճառն այն է, որ Հայաստանում ընդհանուր մոտեցում է ձեւավորված, որ քաղաքականությունը կեղտոտ բան է, կարիք չկա դրա մեջ մտնել , կեղտոտված հատուկ մարդիկ կան, որոնք քաղաքականությամբ կզբաղվեն ձեր փոխարեն: Այս առումով, քաղաքական սերնդափոխության օրակարգի անհրաժեշտություն եմ տեսնում,   որտեղ նաեւ կանանց քաղաքական մասնակցությանը, նրանց դերի գնահատմանն ու կանանց ներուժի օգտագործմանը առաջնային նշանակություն է տրվելու:

 

 

Լյուդմիլա Սարգսյան,

ՎՍԴՀԿ նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ.

«Եթե  ինքդ քեզ հարգում ես և գիտես, որ  հավասար ես՝ ոչ ոք չի կարող քեզ դնել անհավասար վիճակի մեջ:

 

–         Ինչպե՞ս եք գնահատում կանանց և տղամարդկանց միջև անհավասարության իրավիճակը Հայաստանում:

 

–         Ծանոթ եմ միջազգային  գնահատականներին, բայց չեմ  կարծում, որ Հայաստանն այն աֆրիկական կամ արաբական երկրների շարքին է դասվում, որտեղ կնոջ իրավունքներն հիմնովին ոտնահարված են: Հայ կինը միշտ ազատ է եղել, միշտ կարողացել է հասնել իր նպատակներին և միշտ կարողացել է ապավենը լինել ընտանիքին: Հետևաբար նման ուժեղ հատկություններով օժտված կնոջ իրավունքները չեն կարող լինել ոտնահարված: Ես իհարկե  չեմ բացառում, որ Հայաստանում շատ կանայք սեփական իրավունքների համար պայքարելու  ունակություն չունեն կամ չեն պատկերացնում, թե ինչ կերպ պետք է պայքարեն, որպեսզի  հավասար լինեն: Կան նաև շատ դեպքեր, երբ իրոք կանանց իրավունքները ոտնահարվում են և դա օրենքով պետք է պաշտպանվի, բայց ես կարծում եմ, որ բոլոր այն կանայք, ովքեր իրենց մեջ ուժ են գտնում, ունակություններ են գտնում սեփական կարողություններն իրագործելու՝ այդ կանայք միանշանակ կարող են պաշտպանել իրենց իրավունքները: Իմ կարծքով, մարդու տեսակից է կախված, թե ինչքան կոտնահարվեն նրա իրավունքները, այդ թվում և տղամարդկանց: Եթե դու ինքդ քեզ սիրում ես ու հարգում ես և գիտես, որ  հավասար ես՝ ոչ ոք չի կարող քեզ դնել անհավասար վիճակի մեջ:

 

–         Այդուհանդերձ տեսնում ենք, որ կանայք գրեթե չկան քաղաքականության մեջ, որոշումներ  կայացնող մակարդակում…

 

–          Սա այլ խնդիր է: Միանշանակ, հայ տղամարդը պահպանել է իր մենթալիտետը առաջնային լինելու հարցում և այո, պաշտոնների բաշխման հարցում կա նկատելի անհավասարություն: Ես այն կարծիքին չեմ, որ բոլոր այն կարևորագույն օղակներում, որտեղ տղամարդիկ են աշխատում, նրանք շատ ավելի լավ են կատարում իրենց պարտականություններն ի նպաստ երկրի, քան կարող էին կանայք: Ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր գրագետ, ինքնաբավ ու կայացած կին այդ ոլորտները շատ ավելի լավ կարող էր և աշխատացնել, և վերահսկել ու ավելի մեծ պատասխանատվությամբ: Ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց ամբիցիաները մի փոքր ավելի առողջ են, քան տղամարդկանց դեպքում, կանայք ավելի պատասխանատու են:

 

–         Դուք, որպես կուսակցապետ, նաև ԱԺ պատգամավոր, երբևիցէ խտրական դրսևորման հանդիպել եք…

 

–         Կուսակցության ղեկավար լինելը ինձ հնարավորություն է տալիս հավասարը հավասարի լինել նաև  մեծ անցյալ են ունեցող տղամարդկանց հետ: Իմ կարգավիճակը ինձ այդ հնարավորությունը տալիս է և ես ինքս միշտ դա փորձել եմ պաշտպանել ու պահպանել: Դրա հետ մեկտեղ չէի ասի, որ իմ կյանքում ամեն ինչ հեշտ է եղել, հակառակը՝ շատ դժվար է եղել, բայց ես միշտ գիտակցել եմ, որ ինքնուրույն պիտի կարողանամ հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնք իմ ճանապարհին կհանդիպեմ: Իհարկե, ավելի ուժեղ ես դառնում ՝ ունենալով նաև թիմի աջակցությունը…

 

–         Հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են և դարձյալ Ընտրական օրենսգրքում ամրագրվում է քվոտա կանանց մասնակցությունն ապահովելու համար, ակնկալո՞ւ եք այս իմաստով դրական տեղաշարժ:

 

–         Հիշենք մի բան՝ քաղաքականության մեջ բոլոր կանայք չէ, որ իրենց տեսնում են, իսկ կայացած կին  քաղաքական գործիչների թիվն էլ այնքան մեծ չէ: Դրա համար առայժմ անհրաժեշտ է քվոտավորումը: Ես կարծում եմ, որ քանակով չի պայմանավորված կանանց դերը Ազգային Ժողովում, այլ որակով: Քանակը իհարկե պետք է պահպանել, քանի որ ժամանակի ընթացքում դա նաև որակ է տալու… Բայց ամեն մի կին, որ հայտնվում է Ազգային Ժողովում, պիտի գիտակցի, թե դա ինչ ամբիոն է, պիտի դա ճիշտ օգտագործի և ոչ թե պատեհ-անպատեհ, տեղին –անտեղին երևալու խնդիր լուծի:

 

 

Հովհաննես Սահակյան,  

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ  պատգամավոր. 

 

«Պետք  է ճիշտ կանայք ճիշտ տեղում լինեն»…

 

–         Ինչպե ՞ ս եք պատկերացնում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունը:

 

–         Երբ, օրինակ,  ասում ենք պատգամավորները հավասար իրավունք ունեն, վարորդները հավասար իրավունք ունեն, տարբերակում չենք դնում, կին է, թե տղամարդ: Կինը եւ տղամարդը մարդ արարած են եւ ունեն բնական, ի վերուստ տրված իրավունքներ, որոնք անքակտելի են: Եթե մասնավորեցնենք կենցաղում, կյանքում, այս կամ այն հարաբերություններում,  օրինակ,  աշխատանքի վայրում, ընտանիքում, ապա  ավելի շատ սովորութային նորմերի մասին պետք է խոսել, հատկապես մեր տիպի երկրներում: Հայկական մենթալիտետը հաշվի առնելով, կարծում եմ, հայ ընտանիքներում կինը շատ ավելի մեծ դերակատարություն եւ իրավունքներ ունի, ավելի փառաբանված ու մեծարված է, քան այլ հասարակություններում…

 

 

–         Ականատես եղե՞լ եք այս կամ այն ոլորտում կնոջ եւ տղամարդու միջեւ անհավասարության դրսեւորման:

 

–         Իմ կենսափորձից ասեմ, աշխատանքային վայրս վերցնենք. մեր հանձնաժողովի փորձագետները, կանայք եւ տղամարդիկ, ունեն հավասար իրավունքներ, որեւէ մեկի վրա հավելյալ արտոնություն կամ հավելյալ պարտականություն դրված չէ: Վերցնենք Ազգային ծողովի  կին եւ տղամարդ պատգամավորներին, հիշենք այն փաստը, որ ԱԺ փոխնախագահներից մեկը տղամարդ է, մյուսը` կին, միթե՞ դա  հավասարություն չէ: Մի խոսքով,  որեւէ սահմանափակում կին պատգամավորների  համար չկա, ընդհակառակը կանանց ներգրավվածությունը այս կամ այն պատվիրակություններում ու խմբերում՝  միջազգային չափանիշներից ելնելով, միայն խրախուսվում է: Բացի այդ օրենքով սահմանված է, որ կանայք ընդգրկված  լինեն ընտրացուցակներում:  Այնպես որ,  չեմ կարծում, որ անհավասարության խնդիր գոյություն ունի…

 

 

–         Ձեր կարծիքով, Կանանց իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքն այսօր Հայաստանում լիարժե՞ք է գործում :

 

–         Գիտեք, հավասար իրավունքները գրելով չէ, որ պետք է իրականացվեն, այդ առումով արհեստական քննարկումները չեմ կարծում, որ ճիշտ են: Եթե օրինակ, կնոջ եւ տղամարդու աշխատանքի վայրի մասին ենք խոսում, այնտեղ Աշխատանքային օրենսգրքով կամ համապատասխան իրավական ակտերով սահմանված են  բոլորի իրավունքներն ու պարտականությունները:  Այնպես որ  այսօր ունենք հավասար իրավունքներ եւ հավասար պայմաններ տարբեր ոլորտներում: Իհարկե , որոշակի իրավունքներ պետությունը պետք է կարգավորի, պայմաններ ստեղծի, բայց կնոջ եւ տղամարդու հավասարությունը, կարծում եմ,  սոցիալական  ընկալման, պատկերացումների, մենթալիտետի խնդիր է:

 

 

–         Իսկ քաղաքական դաշտում կանանց ներգրավվածությունը բավարա՞ր  եք համարում:

 

–         Դա արհեստականորեն չպետք է արվի: Պետք  է ճիշտ կանայք ճիշտ տեղում լինեն եւ ճիշտ գործառույթ իրականացնեն: Ունենք կին քաղաքական  գործիչ, որ հարյուր տղամարդու  գործ է անում, ունենք կին պատգամավոր, որ բացի կնոջ բամբասանքից, այլ գործով չի զբաղվում, ցավոք:  Նույնն էլ տղամարդկանց դեպքում է, օրինակ, աշխատող պատգամավորն աշխատում է, չաշխատողը` չի աշխատում, այսինքն, դա անհատական հատկանիշներով պետք է պայմանավորել, ոչ թե սեռային հատկանիշով:

 

 

 

Ռուզաննա Մուրադյան,

ՀՀԿ խմբակցության անդամ.

«Կին քաղաքական գործիչներին խոշորացույցի ներքո են նայում»…

 

–         Դուք երբևէ առնչվել եք կանանց ու տղամարդկանց  անհավասարությանը կամ սեռի հատկանիշով   խտրական դրսևորումներին

–         Ես անձամբ չեմ առնչվել, բայց նման երևույթները, ցավոք սրտի, առկա են մեր իրականությունում:

 

–         Կա՞ն արդյոք մեզանում կանանց ու տղամարդականց հավասարությանը հասնելու   նախադրյալներ   

–         Ես համամիտ չեմ «կանանց և տղամարդկանց  հավասարություն»  ձևակերպմանը: Մենք պետք է ձգտենք ստեղծել հավասար հնարավորություններ կանանց և տղամարդկանց ներուժի իրացման համար հանրային կյանքի բոլոր ոլորտներում, պետական տարբեր կառույցներում, քաղաքականության մեջ և այլն: Կարծում եմ,  մեր երկիրը գնում է այդ հնարավորությունները զարգացնելու ճանապարհով: Չմոռանանք, որ 2010թ.-ին ՀՀ կառավարությունն ընդունեց   Գենդերային քաղաքականության  հայեցակարգ, որն ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բոլոր քաղաքացիների համար  հավասար իրավունքների  և հավասար  հնարավորությունների ապահովմանը` անկախ սեռից։

 

–         Եվ ի՞նչ պետք է արվի անհավասարությունը մեղմելու համար

 

 –         Պետք է  ստեղծել  տարբեր ոլորտներում հավասար պայմաններ  և հնարավորություններ կանանց  և տղամարդկանց ինքնադրսևորվելու համար: Ասեմ, որ 2011-ին ընդունված ՀՀ գենդերային քաղաքականության ռազմավարական ծրագրի շրջանակներում  հատուկ միջոցներ են ձեռնարկվում  կանանց ներկայացվածությունը  օրենսդիր և  գործադիր իշխանության մարմիններում, ՏԻՄ-երում, առհասարակ    որոշումների  ընդունման մակարդակում ապահովելու,  կանանց  ձեռնարկատիրական  գործունեությանը աջակցելու եւ խթանելու համար: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ շեշտադրումը պետք է լինի ավելի շատ  կարողությունների զարգացման  վրա, այլ ոչ միայն  սեռի վրա՝ իհարկե հնարավորություններ ստեղծելով կանանց համար էլ, որպեսզի նրանք ևս կարողանան իրենց ներուժը իրացնեն համապատասխան ոլորտներում:

 

–         Ձեր կարծիքով  ո՞ր ոլորտներում է կանանց և տղամարդկանց անհավասարությունը առավելապես արատահայտված:

 

–         -Ինչպես արդեն նշեցի, կանանց ընդգրկվածությունը ավելի քիչ է օրենսդիր ոլորտում, գործադիր ոլորտի բարձրագույն  պաշտոններում: Ընտրական օրենսգրքով ամրագրված  քվոտայի շնորհիվ, կարծում եմ,  հաջորդ ԱԺ ընտրությունների արդյունքում  կին պատգամավորների թիվը կավելանա:

Ասեմ, որ  ՀՀԿ-ն  մշակել է կուակցության ներսում  ռազմավարական ծրագիր, որն ուղղված է կանանց դերի բարձրացմանն,  ինչպես նաև Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածության ավելացմանը: Ուղղակի,   այսօր ցավոք մեր մշակույթում դեռ կա, երբ կնոջը, հատկապես կին քաղաքական գործիչներին խոշորացույցի ներքո են նայում։ Կանայք հենց իրենք էլ կանանց նկատմամբ ավելի խստապահանջ են․ ամեն ինչ ուշադրության կենտրոնում է՝ մասնակցությունը քննարկումներին, ընտանիքը, վարվելաձևը, հագուստը, անգամ ձայնի ինտոնացիան։ Նման խնդիր, օրինակ երբեք չունեն տղամարդ քաղաքական գործիչները։  Սակայն եթե կինը, իրոք, որոշում է կայացրել, որ պետք է մասնակիցը դառնա քաղաքական զարգացումներին, ակտիվ գործունեություն ծավալի, ապա նրան այս ամենը պետք է երբեք ետ չպահի…»

 

 

Զրուցեցին ՝  Լիա Խոջոյանը,  Մարիաննա Ղահրամանյանը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Բլից. Ինչպե՞ս եք դուք պատկերացնում կանանց ու տղամարդկանց հավասարությունը

«Մեկ քայլ առաջ դեպի հավասարություն…» / լրացված

«ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավ

«ՀԱՎԱՍԱՐ» ցուցահանդեսը Ազգային ժողովում

Ռուզաննա Մուրադյան. «30/70 համամասնության ամրագրումն երաշխիք է ու մեծ ձեռքբերում»

Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»

Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…

Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ

Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3025

Գլխավոր էջ