Գեղեցիկը սահմաններ չունի

Գեղեցկության 6-րդ հանրապետական ֆոտոմրցույթին, որը կազմակերպել էր «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը  հաշմանդամություն ունեցող կանանց համար, մասնակցեցին  Երևանից, մարզերից, ԼՂՀ-ից, ինչպես նաև Ջավախքից 46 կանայք եւ աղջիկներ, ներկայացնելով վերջին տարում արված իրենց մեկ կամ երկու լուսանկար:  Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը :

 

Մրցույթի գերնպատակն է  ապացուցել հանրությանը, որ գեղեցկությունը սահմաններ կամ «սահմանափակումներ»  չունի:

 

«Մեր նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել և ցույց տալ, որ հաշմանդամությունը չի խոչընդոտում ապրելու նորմալ լիարժեք, գեղեցիկ և ակտիվ կյանքով, առավել եւս չի նվազեցնում կնոջ հմայքն ու գեղեցկությունը: Ինձ թվում է մենք ապացուցեցինք, որ կարող են մրցել «Միսս Հայաստանի» հետ»,- ասաց «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

 

«Ուզում ենք, և կարծում եմ կարողացանք նաև որոշ կարծրատիպեր կոտրել, որ կան հասարակությունում սահմանափակ հնարավորություններով մարդկանց նկատմամբ»,-հավելեց «Ունիսոն»-ի  հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը:

 

Հայտ ներկայացնող գեղեցկուհիներից 2-րդ փուլ  անցան  10 լավագույնները, որոնք եւ արժանացան  գլխավոր եւ խրախուսական մրցանակների: Ժյուրիի կազմում ընդգրկվել են ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (ժյուրիի նախագահ), ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշը և հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

 

«Միսս Գեղեցկություն 2012» գլխավոր մրցանակին  արժանացավ Անահիտ Աբաջյանը Ախալքալաք քաղաքից: «Վիցցե Միսս» տիտղոսը բաժին ընկավ ժանետա Հայրապետյանին, Երևանից:

 

«Միսս Հմայք» մրցանակը ստացավ  Քրիստինե Փիրուզյանը ,Ալավերդու շրջանից, քաղաք Ախթալա:  «Միսս Կամք» մրցանակը, հանձնեցին Անահիտ Խալաթյանին Ապարանի շրջանից, գյուղ Երնջատապ: «Միսս Ունիսոն» անվանակարգում մրցանակը հասավ  Հոկտեմբերյանի շրջան գյուղ Նորապատից Մերի Մլհամյանին:

 

«Ես մի տարի էլ եմ մասնակցել, բայց չեմ հայտնվել լավագույն տասնյակում.. այս տարի էլ որոշեցի մասնակցել և ի ուրախություն ինձ` այս անգամ հայտնվեցի ոչ միայն լավագույն 10-յակում, այլև արժանացա «Միսս Ունիսոն 2012» տիտղոսին»,-ասաց Մերի Մլհամյանը:

 

«Միսս Գեղեցկություն 2012» գլխավոր մրցանակին արժանացած  20 ամյա Անահիտ Աբաջյանի համար հաղթանակը անակնկալ էր:

 

« Ամենևին չէի մտածում, որ պետք է հաղթեմ, ինձ համար կարևոր էր մասնակցությունը,բայց փաստորեն հաղթեցի, որի համար անչափ ուրախ եմ»« – ասաց Անահիտն ու ավելացրեց, որ պատրաստվում էր ընկերների հետ կիսել իր հաղթանակն ու պարել խնջույքի ժամանակ:

 

Հաղթանակած 10 գեղեցկուհին էլ արժանացան բազում նվերների` հովանավորների ու աջակիցների կողմից(«Զիգզագ» խանութ, «Նոյյան տապան» գրախանութ, «Նուշիկյան ասոցիացիա», «Պասիֆլորա», «Mobile centre»), ինչպես նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրամական պարգևներին:

 

Ունիսոն» ՀԿ-ի տնօրենը Արմեն Ալավերդյանը նշեց, որ մրցույթը, որն անց է կացվում երկու տարին մեկ, մյուս անգամ կկոչվի ոչ թե հանրապետական այլ՝ համազգային, քանի որ մասնակիցների թիվը չի սահմանափակվում միայն Հայաստանի ներկայացուցիչներով:

Նինել Հովհաննիսյան

Դիտումների քանակը` 4095

Գլխավոր էջ