Բլից. Ինչպե՞ս եք դուք պատկերացնում կանանց ու տղամարդկանց հավասարությունը

WomenNet.am-ը զրուցում  է  կանանց ու տղամարդկանց հավասարության  խնդիրների   շուրջ  Ազգային ժողովի  պատգամավորներ ՝ Կարինե Աճեմյանի, Տիգրան Ուրիխանայանի, Մարգարիտ Եսայանի, Լեւոն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի հետ: 

 

 

 

Կարինե Աճեմյան,  

ՀՀԿ խմբակցության պատգամավոր.

«Հայաստանում  անհավասարությունն այդ չափերի չի հասնում, ինչպես այլ երկրներում»

 

–         Ձեր կարծիքով՝ կա՞ կանանց և տղամարդկանց միջև անհավասարություն մեր երկրում:

–         Այդ խնդիրը բոլոր երկրներում գրեթե գոյություն ունի և միջազգային հարթակներում մենք մշտապես լսում ենք և կանանց հանդեպ բռնության մասին, և կանանց և տղամարդկանց միջև անհավասարության մասին: Բայց կարծում եմ, որ ՀՀ-ում անհավասարությունն այդ չափերի չի հասնում, ինչպես այլ երկրներում, քանի որ  մենք ունենք ազգային յուրահատուկ հոգեկերտվածք և մեզանում  կանանց նկատմամբ տղամարդկանց վերաբերմունքը միշտ եղել է բարձր մակադակի, կանայք միշտ հարգված ու մեծարված են եղել:

–         Իսկ ի՞նչ կասեք  Ազգային Ժողովում կանանց  ներկայացվածության մասին

–         Ես այն կարծիքին եմ, որ քաղաքականության մեջ երբեք չպետք է տարանջատել ու ասել, որ մի սեռի ներկայացուցիչները պետք է ավելի շատ լինեն, քան մյուսինը: Իմ խորին համոզմամբ, հատկապես Ազգային Ժողովում պետք է լինեն այն մարդիկ, որոնք այնտեղ կլինեն իրենց տեղում: Իհարկե, ցանկալի է, որ կանայք ավելի շատ ներգրավված լինեն, բայց ամբողջ աշխարհում է այդպես, քաղաքականությունը համարվում է տղամարդկանց ոլորտ:

–         -Ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր երկրում կանանց և տղամարդկանց միջև առկա անհավասարությունը մեղմվի:

–         Դա  միջոցների լայն կոմպլեքս է, որը ներառում է  և դաստիարակության, և մտածելակերպ, և հասարակությունում կարծրատիպերի վերացման խնդիրներ: Կինը իր ուսերին ընտանիքի բեռ է կրում՝ հաճելի, բայց բեռ  և շատ դեպքերում դա իրեն կարիերայից, աշխատանքային գործունեությունից ետ է գցում:  Կյանքը ցույց է տալիս, որ հաջողությունների են հասնում բոլոր այն կանայք, ովքեր իրենց թիկունքում ունեն կայացած, առողջ ընտանիք,  սատարող տղամարդիկ: Որպեսզի մեր հասարակությունն  ընդունի այն կանանց, ովքեր աշխատանքային գործունեության մեջ հաջողությունների են հասել, ամրապնդի հարգանքը նրանց նկատմամբ,  դա պետք է, առաջին հերթին,  գա հենց ընտանիքներից:

 

 

 

Տիգրան Ուրիխանյան,

«Ալյանս» կուսակցության նախագահ.

 

«Ինտելեկտուալ պաշար ունեցող կանայք անպայման իրենց տեղը կգտնեն»

 

–         Չե՞ք կարծում  , որ քաղաքականություն մտնող   կանանց  առջեւ  կարծես արհեստական խոչընդոտներ են շարունակ ստեղծվում:

–         Կարծում եմ,  որ լուրջ պատրաստված, հմտություններ ունեցող, քաղաքական գործունեությանը ծանոթ, համապատասխան ինտելեկտուալ պաշար ունեցող և կամային հատկանիշներ ունեցող կանայք անպայման իրենց տեղը կգտնեն, որովհետև մենք դաշտում զգում ենք կանանց պակասը: Այսօր կադրային սովը կուսակցություններում ակնհայտ է, առավել , քան երբևէ: Նոր իրականության, իշխանական բուրգի ապամոնտաժում կոչվող սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ընկած ժամանակահատվածում և Ընտրական նոր օրենսգրքով պայմանավորված քաղաքական պայմաններում լուրջ ու որակյալ կադրերի խնդիրը առավել սուր է կանգնած: Հետևաբար ես վստահ եմ, որ եթե դաշտում գործող կամ նոր քաղաքական դաշտ մտնող կին գործիչները ցանկություն ունենան իրենց հավակնությունները դրսևորելու ընտրությունների միջոցով,  ապա և առաջին, և երկրորդ-երրորդ տեղերում անպայման իրենց տեղը կունենան: Այլ հարց է , որ իմ դիտարկմամբ՝ անհրաժեշտ թվով կին գործիչներ չկան: Կան, բայց քիչ են: Ու ես շատ կուզեի, որ լինեն ավելի շատ :

 

 

 

Մարգարիտ Եսայան,

 ՀՀԿ խմբակցության պատգամավոր.

«Սեռային պատկանելությունը կարևոր չպիտի լինի, պիտի գնահատվի մասնագետը, գործիչը, պրոֆեսիոնալը»

 

–         Ինչպիսի՞ն է  հավասարության խնդիրը մեր երկրում եւ  երբևէ առնչվել եք սեռի հատկանիշով  խտրականության  դրսևորումների  հետ

–         Լիակատար հավասարություն կանանց և տղամարդկանց միջև Հայաստանում դեռ չունենք, բայց բոլոր ճանապարհները տանում են դեպի դա: Բազմաթիվ ընտրողներ, քաղաքացիներ ինձ դիմում են նամակներով, հեռախոսազանգերով, հանդիպումների ժամանակ ներկայացնում են իրենց նեղվածությունը, դժգոհությունը, փորձել եմ ոմանց օգնել, աջակցել գործատու- աշխատող հարաբերություններում առաջացած խնդիրները հարթեցնելու համար։ Երբեմն ստացվել է, երբեմն՝ ոչ այնքան։

–          Ի՞նչ է հարկավոր, որպեսզի անհավասարության խնդիրը մեր երկրում մի քիչ մեղմվի:

–        Կարծում եմ,  կարևոր նախապայման է տնտեսության զարգացումը, ինչը կհանգեցնի  ավելի ապահով և կանխատեսելի տնտեսական և սոցիալական իրականության: Եթե տնտեսական իրավիճակը դառնա ավելի կայուն և զարկ տրվի ներքին արտադրողին, ներքին շուկաներին և տնտեսության տարբեր ճյուղերի ռիթմիկ աշխատանքին, կունենանք և ավելի բարձր վարձատրվող տղամարդիկ,  և ավելի արժանապատիվ ու արդար վարձատրվող կանայք։

–         Ո՞ր ոլորտներում է  առավել  արտահայտված կանանց և տղամարդկանց անհավասարությունը:

–          Բոլոր ոլորտներում էլ դա կա, բայց ինձ համար, որպես ՀՀ ԱԺ պատգամավորի, առավել անընդունելի է, երբ քաղաքական դաշտում , խորհրդարանական աշխատանքում կին լինելու հանգամանքը շեշտվում է: Համոզված եմ, սեռային պատկանելությունը կարևոր չպիտի լինի, պիտի գնահատվի մասնագետը, գործիչը, պրոֆեսիոնալը և պիտի գնահատվի նրա կատարած գործը, անկախ այս կամ այն սեռին պատկանելու հանգամանքից։ Կարծում եմ, երբ շարունակ շեշտում և բաժանարար գիծ են մտցնում կին-տղամարդ առումով, դրանով ստորադասում են կնոջը, սա, ինձ համար անընդունելի է։

–         Քանի կին պատգամավոր պետք է լինի Ազգային Ժողովում:

–         Վերջերս ես աֆրիկյան մի երկրում էի, որտեղ պատգամավորների թվի կեսը կանայք էին, իհարկե, մեր իրականության մեջ դա չափազանց մեծ շռայլություն կարող է դիտարկվել,  բայց, վստահ եմ, նոր՝ 2017-ի խորհրդարանի կազմում , մենք ավելի շատ կլինենք, քան այսօր։

 

 

 

Լեւոն Մարտիրոսյան,

 ՄԻԱԿ կուսակցության համահիմնադիր .

«Չեմ կարծում, որ որեւէ մեկը դեմ է, որ կանայք շատ իրավունքներ ունենան եւ հավասար լինեն»:

 

–         Ինչպե՞ս եք պատկերացնում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունը::

–         Կանանց եւ տղամարդկանց հավասարությյունը ես պատկերացնում եմ որպես իրավունքների հավասարություն, որը պետք է դրսեւորվի տարբեր ոլորտներում` ընտանիքում, քաղաքականության մեջ : Ես կարծում եմ, որ մեր երկրում կանայք մեծ իրավունքներ են վայելում, ինչը նաեւ մեր ավանդույթների ուժով է` մենք միշտ հարգել ենք կանանց եւ մայրերին:  Օրինակ, լրագրողների մեծ մասը ակտիվ, երիտասարդ կանայք եւ աղջիկներ են , ինչը իմ կարծիքով շատ լավ է: Պարզապես նաեւ կանայք հանրային կյանքի տարբեր ոլորտներում` քաղաքականության մեջ, բիզնեսում, հասարակական գործունեության մեջ պետք է մի փոքր ավելի համարձակ լինեն, չվախենան ներգրավվել:

–         Ինչքանով է , Ձեր կարծիքով,  գործում այսօր Հայաստանում Կանանց ու տղամարդկանց  հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը:  

–         Կարծում եմ, օրենքը գործում է այնքանով, որքանով կանայք ցանկանում են, որովհետեւ որեւէ տղամարդ  չի խոչընդոտում դրան: Չեմ կարծում, որ որեւէ մեկը դեմ է, որ կանայք շատ իրավունքներ ունենան եւ հավասար լինեն:

–         Իսկ քաղաքական դաշտում կանանց  համար  ի՞նչ խոչընդոտներ կան, Ձեր կարծիքով:

–         Ոչ մի, կարծում եմ, կանանց ցանկությունն է միայն խոչընդոտը, այսինքն, եթե արժանի  կանայք շատ լինեն, նրանք շատ հանգիստ եւ մեխանիկորեն տեղ կգրավեն քաղաքական կյանքում: Հայաստանում շատ չեն այն կանայք, ովքեր նման ցանկություն ունեն:

–         Իսկ ո՞րն  է դրա պատճառը:

–         Կարծրատիպերը, երբեմն, եռանդի բացակայությունը: Ես ճանաչում եմ շատ կանանց, այդ թվում լրագրողների, ովքեր կարող են շատ արդյունավետ զբաղվել քաղաքականությամբ: Կարծում եմ, ժամանակ է հարկավոր, ընդ որում` ոչ շատ: Առաջիկայում երիտասարդ կանայք ավելի շատ կլինեն քաղաքականության մեջ:

 

 

 

Զարուհի Փոստանջյան,

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար .

«Ինձ այդքան էլ հեշտ չէ խտրականության ենթարկել»

 

–         Ինչպե ՞ս  եք պատկերացնում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունը:

–         Իմ պատկերացմամբ , կանանց եւ տղամարդկանց հավասարությունն, առաջին հերթին, այն է, երբ կանայք եւ տղամարդիկ հավասար հնարավորություն ունեն ազատ օգտվելու իրենց քաղաքական ու քաղաքացիական իրավունքներից: Այդ ազատություբը   պետք է ապահվի պետությւոնը ` իր կառույցներով եւ օրենսդրությամբ:

–         Հայաստանում  Կանանց իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքն առկա է, Ձեր կարծիքով, այն լիարժե՞ք է գործում :

–         Ոչ, այն չի գործում, եթե  գործեր, ապա որոշումների կայացման օղակներում կանանց ներգրավվածություն այսպիսին չէր լինի: Վիջագրական  տվյալնրի համաձայն, Հայաստանում կանայք թե գիտելիքներով , թե կրթության մակարդակով չեն զիջում տղամարդկանց, ընդգրկված են պետական կառավարման օղակներում, բայց հիմնականում ցածր մակարդակում, որտեղ   կազմում են վաթսունից ավելի տոկոս: Այսինքն  մենք ունենք այդ պոտենցիալը, որը, սակայն լիարժեք  չի օգտագործվում:

–         Իսկ ո ՞րն է դրա պատճառը,  գուցե կանայք հավակնություններ չունե՞ն

–         Կանայք ունեն հավակնություններ, բայց դրա հետ մեկտեղ  նրանք ծանրաբեռնված են այլ հոգսերով: Բացի այս, կանայք նաեւ չեն ցանկանում պայքար տանել այդ դաշտում` վերին օղակներում, որտեղ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է: Այդ խնդիրը կա, բայց իհարկե, առաջին հերթին  նշանակություն ունի պետության ոչ պատշաճ վերաբերմունքը:

–         Դուք, երբեւէ Ձեր նկատմամբ զգացե՞լ եք  խտրական մոտեցում 

–         Գիտեք, մենք մի պետությունում ենք ապրում, որտեղ յուրաքանչյուր անձ է ենթարկվում խտրականության` տարբեր ոլորտներում: Իսկ իմ պարագայում մի փոքր այլ է, որովհետեւ ես քաջ գիտեմ իմ իրավունքները եւ գիտեմ` ինչպես  իրացնել այդ իրավունքները, այս առումով, ինձ այդքան էլ հեշտ չէ խտրականության ենթարկել: Այսինքն, խտրականության են  ենթարկվում նրանք, ովքեր չգիտեն իրենց իրավունքների մասին ու չեն պայքարում դրանց իրացման համար: Այս հանգամանքը շատ կարեւոր է, հետեւաբար, եթե  կանայք կրթված են, նրանց նկատմամաբ խտրակնություն դրսեւորոելն այդքան էլ հեշտ չէ: Սա վերաբերվում է բոլոր ոլորտներին:

–         Ազգային ժողովում  կանանց թվի ավելացման  նախադրյալներ տեսնում եք՝ հաշվի առնելով Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները

–         Նախ ասեմ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները կայանան, համամասնական ընտրակարգը պետք է լինի փակ ցուցակով, ոչ թե այն տարբերակով, որն առաջարկվում է Ընտարական օրենսգրքի  նախագծում: բացի փակ համամսնական ցուցակից,  նախատեսված է նաեւ տարածքային  ցուցակը, որով ըստ էության,  նախկին մեծամասնական ցուցակի սկզբունքով  են պատգամավորներն ընտրվելու:  Իսկ  մենք լավ  գիտենք, որ տեղերում ` հաջողության հասնելու  կանանց շանսերը` մի շարք պատճառներով պայմանավորված, շատ ցածր են:  Այս առումով, իհարկե, առաջընթացի մասին խոսք լինել չի կարող:

Անկասկած է, որ եթե մենք ուզում  ենք ձգտել ժողովրդավարական պետություն դառնալուն, ապա  օրենսգրքում  առկա այդ թվացյալ փոքրիկ դետալները կարեւոր են, որովհետեւ դրանք իրականում արտացոլում են, արդյո՞ք  մենք ուզում ենք  անցկացնել  իրական ժողովրդավարական ընտրություններ կամ  ադյո՞ք մեր իրականում ուզում ենք բարձրացնել կանանց ներկայացվածությունը, թե հակառակը  նպատակ ունենք այնպես անել, որպեսզի նրանց մասնակցությունը  լիարժեք չլինի: կարծում եմ, Ընտրական օրենսգիրքը պետք  ընդունվի միասնական  պլատֆորմի ներքո, որպեսզի պատկանի բոլորիս:

 

 

Զրուցեցին ՝  Լիա Խոջոյանը,  Մարիաննա Ղահրամանյանը

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Բլից-2 . Տեսնու՞մ եք արդյոք կանանց ու տղմարդկանց միջեւ անհավասարությունը

«Մեկ քայլ առաջ դեպի հավասարություն…» / լրացված

«ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավ

«ՀԱՎԱՍԱՐ» ցուցահանդեսը Ազգային ժողովում

Ռուզաննա Մուրադյան. «30/70 համամասնության ամրագրումն երաշխիք է ու մեծ ձեռքբերում»

Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»

Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…

Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ

Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»

 

 

Դիտումների քանակը` 3519

Գլխավոր էջ