«Մադոննան»՝ կալաշնիկովով. մի նկարի պատմություն

Հրացանով այս հայուհուն ես լուսանկարել եմ 1992թ. Ստեփանակերտում, – պատմում է ֆոտլրագրող  Օլեգ Կլիմովը ։ Այն ամենը, ինչ գիտեի այդ պահին այս կնոջ մասին, այն էր, որ նա ոտքով եկել էր Շահումյանի շրջանից, որտեղ թեժ մարտեր էին ընթանում։ Ես չգիտեի՝ ի՞նչ է նրա անունը, ինչո՞ւ է ձեռքին հրացան։ Լուսանկարիչները միշտ փնտրում են կերպարներ, կլիշե, որ կխորհրդանշեն ժամանակը, իրադարձությունը։ Հարյուրավոր փախստականներ կային, բայց ես հենց նրան ընտրեցի, քանի որ ձեռքին հրացան կար։ Լուսանկարեցի ու գնացի առաջ։

 

Երբեմն զինվորական լուսանկարչի մեջ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ «ինքն աշխարհը փրկում է պատերազմից», և երևի սա է միակ պատճառը, որ դրդում է մեզ նորից վերադառնալ այդ սարսափների վայրը՝ ճակատային գիծ (թեև հոգու խորքում իրականում հրաշալիորեն հասկանում ենք, որ մեր մտածածը պատրանք է, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ մեծ պատերազմը կարող էին կանգնեցնել մի լուսանկարը կամ ազնիվ հեռուստառեպորտաժը)։

 

…Ես մինչ օրս էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եմ փորձում գտնել լուսանկարներիս հերոսներին (իհարկե, ոչ բոլորին), գուցե միայն նրանց, ում ոչինչ չեմ ասել կամ հարցրել, լոկ լուսանկարել եմ…

 

Ու 20 տարի հետո որոշեցի փնտրել լուսանկարիս այս կնոջը։ Բայց մինչ այդ` 1992-ին, լուսանկարը տպագրվել էր հոլանդական թերթի առաջին էջում, 2000-2001թթ. Մոսկվայում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում «Պարզապես պատերազմ» խորագրով անհատական ֆոտոցուցահանդեսիս շապիկն էր եղել։ 2004թ. Նիդեռլանդների լուսանկարների թանգարանն այն ընտրել էր որպես իմ ֆոտոցուցահանդեսի գլխավոր լուսանկար, և այդ նկարի մեծ չափերով պլակատը փակցվել էր թանգարանի շենքին, իսկ ցուցահանդեսիս կազմակերպիչը կատակով այդ լուսանկարն անվանել էր «Մադոննան՝ կալաշնիկովով»։

 

«Կանայք ընդդեմ պատերազմին» միջազգային կազմակերպությունն էլ լուսանկարը մեծ պաստառներով տպագրել էր և փակցրել ամբողջ Ամստերդամում։ Նրանց չգիտես ինչու թվացել էր, որ հրացանով այս կինը հաստատ զինվորի մայր է և հաստատ դեմ է պատերազմին։ Ես, իհարկե, դեմ չէի կանանց այդ կարծիքին, բայց ինքս էլ անձամբ չգիտեի, թե ո՞վ է լուսանկարում պատկերված կինը։

 

Եվ ահա 20 տարի անց հանդիպում եմ լուսանկարիս «հերոսուհուն»։ Կինը, բնականաբար, ինձ չճանաչեց, բայց ես նրան իսկույն ճանաչեցի. երկու շաբաթ անընդմեջ փնտրել էի Ղարաբաղի շուկաներում, փողոցներում՝ պատահական անցորդներին ցույց տալով այդ կնոջ լուսանկարը։ Ոչ ոք չէր ճանաչում նրան։ Ոմանք խորհուրդ էին տվել փնտրել Ռուսաստանում, ոմանք ծիծաղել էին ինձ վրա՝ համարելով զուր փնտրտուք։ Երբ Արցախի հյուսիսային մասով առաջ էի շարժվում, մի տղամարդ ճանաչեց լուսանկարում պատկերված հայուհուն. «Ես գիտեմ այդ կնոջը։ Նա ձուկ է վաճառում Սևանի մոտ»։

 

Հետո արդեն հեշտ էր. ես գտա նրան Սևանա լճի մոտ գտնվող Կարճաղբյուր գյուղում։ Էլա (Էլմիրա) Հարությունյան (իմ այս լուսանկարում նա 42 տարեկան է)։ Ապրում է փախստականների ճամբարում։ Վաղ առավոտից տեղի ձկնորսներից ձուկ է հավաքում և վաճառում մոտակա քաղաքում։ Դա նրա եկամտի միակ աղբյուրն է։ Լուսանկարում նրա գլխավերևում ամուսինն է՝ Լավրենտին։ Նա մահացել է։ «Մահացել է վշտից,- ասում է Էլլան»։ Այն ժամանակ (20 տարի առաջ), երբ ես նրան լուսանկարել եմ, նրանք սպասում էին որդուն՝ Անդրանիկին, որը պետք է գար Երևանից, ու Էլլան հենց նրան պետք է հանձներ իր ձեռքի Կալաշնիկով հրացանը։ Այդ զենքով Անդրանիկը մեկնել է ճակատ ու նրան այլևս ոչ ոք չի տեսել։ Անդրանիկն անհետ կորել է Մարտակերտի շրջանում ընթացող կռիվների ժամանակ, կորել է մոր տված զենքով։ Սակայն, միևնույն է, Էլլան մինչ օրս էլ հավատում է, որ Անդրանիկը ողջ է, գուցե գերության մեջ է ու մի օր հաստատ կվերադառնա… Իսկ իմ լուսանկարելուց մի քանի օր առաջ Էլլայի հորը մորթել էին Գյուլիստանի եկեղեցում։ 70 տարեկան էր։

 

«Գյուղ տանկ էր մտել։ Ռուսներ էին,- հիշում է Էլլան։ -Ռուս սպան մեզ ասաց, որ անհապաղ հեռանանք անտառ, որովհետև գիշերը գյուղը ռմբակոծելու էին։ «Առավոտյան նորից հետ կգաք»,- վստահեցրեց։ Հավատացինք ու գնացինք, բայց ծերերից շատերը մնացին։ Հայրս՝ Գրիգորը, ասաց, որ ոչ մի տեղ էլ չի գնա. նրա ոտքերը ցավում էին։ Մտածեցինք՝ առավոտյան հետ կգանք, և ոչինչ չվերցրինք մեզ հետ, ոչի՛նչ։ Գիշերը Շահումյանն ուժգին հրետակոծեցին, կրակում էին գրադից, թնդանոթներից։ Մենք թաքնվել էինք անտառում և նշմարում էինք միայն հրդեհի բոցերը և լսում ուժեղ պայթյունների վայրի կաղկանձը։ Առավոտյան Շահումյան մտան թուրքերը (հայերն այսպես են անվանում ադրբեջանցիներին), սկսեցին կողոպտել և սպանել բոլոր նրանց, ովքեր չէին կարողացել կամ չէին հասցրել հեռանալ։ Այնտեղ՝ եկեղեցում էլ հենց հորս սպանել էին, դանակով կտրել էին կոկորդը…»։

 

Իմ լուսանկարի «իր պատմությունը» պատմելու ընթացքում Էլլան չէր լալիս, բայց երբեմն նրա աչքերն ամբողջովին արցունքոտվում էին, և երբ թվում էր, թե ուր որ է՝ արցունքները դուրս կհոսեն այտերն ի վար, բայց դրանք զարմանալիորեն անհետանում էին աչքերի խորքում։

 

«Այս ամենից հետո իմ փոքր տղան՝ Սաշան (Ալեքսանդրը այն ժամանակ 16 տարեկան էր), փախավ տնից ու գաղտնի միացավ կռվող տղաներին»,- ասում է Էլլան։

 

2,5 տարի Սաշան ծառայեց ղարաբաղյան բանակում։ Թաքնվում էր մորից, չէր ուզում հետ դառնալ, ուզում էր կռվել։ Այդժամ ինքը՝ Էլլան, հասավ Ղարաբաղ, գնաց որդու հրամանատարի մոտ և պահանջեց. «Վերադարձրեք որդուս, նա իմ միակ, վերջին հույսն է»։ Եվ որդուն վերադարձրին։ Հիմա Սաշան ևս ապրում է Կարճաղբյուր գյուղում, ունի երեք զավակ։ Ավագի անունն Անդրանիկ է՝ անհայտ կորած եղբոր պատվին։

 

«Տունը, որտեղ այժմ ապրում է Էլլան, նախկին պիոներական ճամբարի բուժկետն է,- պատմում է տեղացի ձկնորսներից մեկը և հիշում, թե ինչպես եկավ Էլլան՝ գեղեցիկ և հպարտ։ -1992թ. հունիսի վերջն էր։ Այդ տարի մեզ մոտ նույնիսկ ձյուն եկավ ամառվա կեսին, և մեր հովիվը սառել էր ցրտից։ Էլլան, մյուս փախստականները Ղարաբաղից հանգրվանեցին նախկին պիոներական «Լճափ» ճամբարում»։ Մինչ օրս էլ Էլլան ապրում է այդ նույն ճամբարում։

 

Ի՞նչ կարող էի ես ասել, պատմել այդ կնոջը, բացի նրանից, որ Ռուսաստանում և Հոլանդիայում նրա լուսանկարը դարձել է կինն ընդդեմ պատերազմի խորհրդանիշ։ Ես պատմում էի, պատմում, հետո Էլլային նվիրեցի մեծ չափերով տպագրված իր լուսանկարը։ Նա այն կախեց պատից՝ զոհված հարազատների լուսանկարների կողքին, իսկ վաղ առավոտյան գնաց շուկա՝ թարմ ձուկ վաճառելու։ 20 տարի հետո ես լուսանկարը հանձնեցի տիրոջը եւ 20 տարի անց եւս մեկ անգամ լուսանկարեցի նրան…

 

Ասում են՝ բոլոր պատերազմները նման են իրար՝ միայն ահ և սարսափ։ Դա այդպես է, քանի դեռ դու չես հայտնվում պատերազմում և չես լսում մարդկային պատմությունները, որոնք երբեք նման չեն լինում իրար։

 

… 2005-ին  բժիշկները Էլլա Հարությունյանի մոտ ախտորոշեցին չարորակ ուռուցք։ Վիրահատություն, քիմիա… Եվ այս ամենը հենց այն ժամանակ էր, երբ նրա լուսանկարը «զբաղված էր» կանայք ընդդեմ պատերազմի քարոզչությամբ։ Հազարավոր մարդիկ դիտում էին այդ նկարը, և նրանցից ոչ ոք, այդ թվում` ես, չգիտեր, որ այդ պահին հենց այդ կինը մահվան ու կյանքի կռիվ է մղում։ Գուցե հազարավոր այս մարդկային հայացքների ջերմությունն էր, որ ինչ-որ կերպ օգնեց Էլլային ապրելու… Ես ուզում եմ դրան հավատալ, այլապես ինչո՞ւ եմ լուսանկարում…

 

***

Հայտնի ֆոտոլրագրող Օլեգ Կլիմովը ծնվել է 1964թ. Տոմսկում։ Սովորել է Կազանի համալսարանի աստղաֆիզիկայի բաժնում։ Ֆոտոլրագրությամբ զբաղվում է 1989-ից։ Եղել է մոլորակի «թեժ» կետերում` Աբխազիա, Չեչնիա, Կոսովո, Իրաք, լուսանկարել «պատերազմի դեմքը»: 1990թ. ղարաբաղյան իրադարձությունների լուսաբանման համար արժանացել է ԽՍՀՄ «Ռեպորտաժի արքա» մրցանակին։

 

Աղբյուրը՝ «Հայ զինվոր», 2013 թ.

 

 

Դիտումների քանակը` 4116

Գլխավոր էջ