Կանայք Հայաստանի աշխատանքի շուկայում. միայն թվեր եւ փաստեր
Հիմնվելով ՀՀ ԱՎԾ տվյալների եւ Հայաստանում անցկացված մի շարք հետազոտությունների վրա WomenNet.am-ը ներկայացնում է թվեր եւ փաստեր աշխատանքի շուկայում առկա գենդերային անհավասարության վերաբերյալ.
- Հայաստանի բնակչության 52 % կանայք են և 48 % տղամարդիկ, սակայն տնտեսապես ակտիվ են տղամարդկանց 73 տոկոսը եւ կանանց ընդամենը 56 տոկոսը:
- Բարձրագույն կրթություն ունեն Հայաստանի աշխատանքային ռեսուրսների 26%-ը, կանանց մասնաբաժինը այդ թվում 59 % է կազմում , սակայն դա դեռեւս չի նշանակում, որ կանայք ավելի լավ են վարձատրվում:
- Հայաստանի աշխատանքային շուկայում կանանց և տղամարդկանց միջին աշխատավարձի միջև տարբերությունը կազմում է 34 տոկոս: Իսկ եկամուտների մասով տարբերությունն էլ ավելի մեծ է եւ հասնում է 40 տոկոսի: Համեմատության համար, ԵՄ անդամ երկրներում այս տարբերությունը 15.9 տոկոս է, իսկ աշխարհի միջինացված ցուցանիշը՝ 22.9 տոկոս է:
- Աշխատանքի վարձատրության շոշափելի խզումը պայմանավորված է աշխատանքի շուկայում առկա ուղղահայաց (կարիերայի հիերարխիայի անհավասար հասանելիություն) և հորիզոնական (ըստ մասնագիտությունների և զբաղվածության ոլորտների) խտրականությամբ :
- Հորիզոնական խտրազատումը բնութագրվում է նրանով, որ կանայք կենտրոնացած են այն ոլորտներում , որտեղ տարեկան գրանցվող միջին աշխատավարձից աշխատավարձները ավելի ցածր են: Ըստ ՀՀ ԱՎԾ վիճակագրության կանայք հիմնականում զբաղված են (50 և ավելի տոկոս ներկայություն) գյուղատնտեսության, ծառայությունների հանրային կառավարման, կրթության, առողջապահության և արվեստի ոլորտներում: Առավել մրցունակ համարվող ու բարձր վարձատրվող ոլորտներում, ինչպիսին են , օրինակ IT կամ ֆինանսական-ապահովագրական ոլորտները, կանայք քիչ են ներկայացված , իսկ ներկայացված լինելու դեպքում էլ ցածր վարձատրվող աշխատանք են կատարում:
- Կանանց շրջանում աշխատանքի շուկայում հորիզոնական խտրականության առկայությունը նաև մասնագիտությունների սահմանափակ ընտրության արդյունք է: 2010-14թթ.-ներին ՀՀ ԱՎԾ վիճակագրության համաձայն պետական և ոչ պետական բուհերում 28 մասնագիտական խմբերից 7-ում կանանց թիվը գերազանցել է 50 տոկոսի շեմը:
- Մինչդեռ բնագիտության և մաթեմատիկայի միջազգային ստուգատեսներում աղջիկներն ավելի բարձր առաջադիմություն են արձանագրում, ինչը բացառում է վերջիններիս մոտ ավելի թույլ զարգացած գիտելիքների ու հմտությունների պատճառով հետագայում մասնագիտական խտրական կողմնորոշման վարկածը: Ուղղակի կանայք մասնագիտանում են կարծրատիպային մոտեցումների համապատասխան «կանանց համար ավելի հարմար» ոլորտներում:
- Ուղղահայաց խտրազատումը առաջ է գալիս այ պատճառով, որ կանայք ավելի քիչ վարձատրվող ստորին եւ միջին օղակներում են առավել ներկայացված: Կանայք ավելի շատ աշխատաշուկայի պետական հատվածում են ներկայացված, ինչը նույնպես խորացնում է խտրազատումը: Այսպես, պետական հատվածում զբաղվածների շուրջ 60 տոկոսը կանայք են, բայց նրանց 50 տոկոսից ավելին ստորին օղակներում են զբաղված: Պետական հատվածում բարձրագույն պաշտոնների 90.2 և ղեկավար պաշտոնների 59.9 տոկոսը զբաղեցնում են տղամարդիկ:
- Աշխատանքի վարձատրության տարբերությունները միշտ չէ, որ մեղմանում են կանանց կրթական բարձր մակարդակով. պատճառը դժվարություններն են մասնագիտական առաջխաղացման հարցում, և այդպիսով ուղղահայաց խտրազատումը պահպանվում է անգամ այն ճյուղերում, որոնցում ավանդաբար գերակշռում է կանանց զբաղվածությունը (առողջապահություն, կրթություն, մշակույթ, սոցիալական ապահովություն, գյուղատնտեսություն):
- Թեև կառավարությունը որպես զբաղվածության և սոցիալական խնդիրների լուծման արդյունավետ ճանապարհ է դիտում փոքր և միջին ձեռնարկությունների առաջանցիկ զարգացումը, կանանց ներկայացվածությունը փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում ընդամենը 10% է, նույնիսկ միկրոբիզնեսու կանանց թիվը 25%-ից ոչ ավել է:
- Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թվում կանանց մասնաբաժինը 68,1% է կազմում, ընդ որում այդ կանանց 40%-ը ունեն բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն: Տնտեսապես ոչ ակտիվ կանանց 90%-ը տնային տնտեսուհիներ են, որոնք զբաղված են չվարձատրվող աշխատանքով: Կանայք կատարում են տնային տնտեսություններում չվճարվող աշխատանքի մեծ մասը, որը չի ստանում արժեքային որևէ գնահատական և չի արտացոլվում ազգային հաշիվների համակարգում:
- Գործազուրկների մեջ կանայք 54 տոկոս են կազմում, գրանցված գործազուրկների թվում կանայք 72 տոկոս են: 2001-2014 թ.թ. դինամիկայով գործազրկությունը կանանց շրջանում աճի միտում ունի: Գործազուրկ կանանց թվում 62 տոկոսը ունեն կրթություն ( բարձրագույն կամ միջին մասնագիտական), գործազուրկ տղամարդկանց թվում կրթություն ունեն 48 %-ը:
- Ընտանեկան պատՃառներով աշխատանքնը կորցրած գործազուրկների 100 տոկոսը կանայք են:
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության անցկացրած ժամանակի բյուջեի ուսումնասիրությունը (2008 թ) ցույց է տալիս, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում վճարվող աշխատանքի վրա, իսկ կանայք հինգ անգամ ավել ժամանակ են ծախսում չվճառվող աշխատատնքի վրա:
- Կանայք տնային տնտեսության աշխատանքի և ընտանիքի անդամների խնամքի համար ծախսում են միջինը 5 ժամ 12 րոպե, իսկ տղամարդիկ այդ աշխատանքին հատկացնում են միջինը 1 ժամ 03 րոպե: Իսկ 0-9 տարեկան երեխաների խնամքը կանանցից 6,6 անգամ ավելի շատ ժամանակ է խլում, քան տղամարդկանցից: Տղամարդիկ գրեթե 30%-ով ավելի շատ ազատ ժամանակ են ունենում, քան կանայք:
- Վճարվող աշխատանքը կնոջը չի ազատում տնային աշխատանքից նույն չափով, ինչ տղամարդկանց, ինչի հետևանքով կանայք, տղամարդկանց հետ համեմատած, ավելի մեծ ծավալով աշխատանք են կատարում:
- Հետազոտությամբ վեր հանված օգտագործվող ժամանակի կառուցվածքը ցույց է տալիս հայ հասարակությունում գոյություն ունեցող կարծարատիպերը ընտանիքում գենդերային դերերի բաշխման առնչությամբ: Կանայք են կրում հիմնական պատասխանատվությունը տնային աշխատանքի և ընտանիքի անդամների խնամքի համար, ինչի հետևանքով նրանց կատարած վճարվող աշխատանքը լիովին կախված է ընտանեկան ու աշխատանքային պարտականությունների համատեղման հնարավորություններից:
- Թեպետ «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրով» նպատակ է դրվել մինչև 2015 թվականը ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-6 տարեկանների) ընդգրկվածությունը հասցնել մինչև 90%-ի, սակայն 2014 թ. տվյալներով նախապրոցական հիմնարկներ են հաճախել 0-5 տարեկան երեխաների միայն 28.7%-ը, ընդ որում գյուղական վայրերում ընդամենը 16.6%-ը: Իսկ 0-2 տարեկան երեխաների միայն 6.2% է ընդգրկված ՆԽՀ-ում:
- Ընդհանուր առմամբ, գենդերային իրավիճակը աշխատանքի շուկայում բնորոշվում մարդկային կապիտալի՝ ի դեմս կանանց, ոչ արդյունավետ օգտագործմամբ:
- Եթե Հայաստանում ավելի շատ կանայք աշխատեին իրենց մասնագիտությամբ եւ ոչ թե իրենց կամքով կամ իրենց կամքի հակառակ սահմանափակվեին միայն տնային տնտեսուհու կարգավիճակով, ապա Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, առնվազն 50-60 միլիոն դոլարով ավելին կլիներ:
- Ընտանեկան բռնության հետեւանքով երկրին հասցրած տնտեսական կորուստը նախնական հաշվարկներով կազմում է տարեկան 400 հազարից մինչեւ 1,1 միլիոն ԱՄՆ դոլար:
WomenNet.am
Աղբյուրները.
«Կանայք եւ տղամարդիկ» վիճագրական գրքույկ , ՀՀ ԱՎԾ 2015
Աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ապահովման հետ կապված իրավիճակի ուսումնասիրություն, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, 2015
«Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրություն», Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ 2016
Պեկինի գործողությունների ծրագրի, Հազարամյակի զարգացման նպատակների և Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման ընթացքը Հայաստանի Հանրապետությունում. Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա – Եր, 2014.
Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում 2009-2012 թթ. ընթացքում: Այլընտրանքային զեկույց.- Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա, Եր, 2014.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք Հայաստանի աշխատանքի շուկայում. միայն թվեր եւ փաստեր
Որո՞նք են տղամարդկանց և կանանց եկամուտների միջև եղած տարբերությունների պատճառները
«Աշխատանքի շուկայում կանանց խնդիրները նույնն են գրեթե ամենուր»…
Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը
Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը
Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում
«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…
Ճապոնական ընկերությունները սկսել են թույլ տալ աշխատակիցներին իրենց երեխաներին բերել գրասենյակ
Ի՞նչ կորուստներ է կրում Հայաստանը գենդերային անհավասարության պատճառով
«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»
Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում
Կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման գծով Բարձր մակարդակի խումբ է ստեղծվել ՄԱԿ-ում
Աշխատող մայրերն ունենում են ավելի հաջողակ դուստրեր և ավելի հոգատար որդիներ
Կանայք, աշխատանք և տնտեսություն. գենդերային հավասարության մակրոտնտեսական օգուտները
Գյուղաբնակ կանայք. անարդարությունն աշխարհում եւ Հայաստանում
Դիտումների քանակը` 5209