ԵԽԽՎ նոր բանաձև. անցում քվոտաներից դեպի հավասարություն

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները  պետք է  անցում կատարեն  քվոտաներից  հավասարության սկզբունքին – այսպիսի հանձնարարականներով է  հանդես եկել  Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ-ն) ապրիլի 18-ից- 22-ը Ստրասբուրգում ընթացող գարնանային նստաշրջանի շրջանակում:  Քննարկելով  «Քաղաքականության մեջ կանանց ներգրավածության բարելավմանն ուղղված միջոցառումների ազդեցության գնահատականը» վերնագրով զեկույցը, ԵԽԽՎ անդամաներն   ընդունեցին  երեկ  թիվ  2111 (2016)  նույնանուն բանաձևը:

 

 

Այդ  բանաձևով ԵԽԽՎ-ն կոչ է անում  Եվրախորհրդի անդամ ու դիտորդի կարգավիճակ ունեցող երկրներին, ինչպես նաև գործընկեր պետություններին հավասարության սկզբունքը ներդնել  Սահմանդրության ու ընտրական օրենսդրությունում՝ կանանց ներկայացվածությունը քաղաքականության մեջ ընդլայնելու  նպատակով:

 

 

ԵԽԽՎ անդամները նշել են, որ պետությունները պետք է ձեռանրկեն արդյունավետ միջոցներ և ապահովեն ընտրովի ու այլ մարմիններում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածությունը:

 

 

Բանաձևը, որն ընդունվել է իտալացի խորհրդարանական Ելենա  Ցենտեմերոյի զեկույցի հիման վրա, առաջարկում է խնդրի լուծման համար իրականացնել համընդհանուր  մոտեցումներ, որտեղ ներառված կլինեն կանանց աջակցող միջոցներ, այդ թվում  քվոտավորում, կանանց քաղաքական գործունեությունն անձնական կյանքի հետ համատեղելու հնարավորությունների ստեղծում, քաղաքական կուսակցություններում կանանց ներկայացվածության ապահովումը խթանող ֆինանսավորում, ինչպես նաև նշված միջոցների չկիրառման դեպքում պատժամիջոցների նախատեսում:

 

 

Ընդունված բանաձևն առաջարկում է ուսումնասիրությունների պարբերական անցկացում ազգային, տարածաշրջանային, տեղական մակարդակբներում կանանց ներկայացվածության  վերաբերյալ: Նշվում է, որ դրանք կարող են դրական ազդակներ լինել ազգային օրենսդրության ու քաղաքականության բարելավման համար:

 

 

Նշենք, որ  ԵԽԽՎ-ի պատգամավորների ուշադրությնը ապրիլի 21-ին ներկայցված «Քաղաքականության մեջ կանանց ներգրավածության բարելավմանն ուղղված միջոցառումների ազդեցության գնահատականը» զեկույցի հեղինակ  իտալացի պատգամավոր Ելենա  Ցենտեմերոն Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ է: Հիշեցնենք, որ Հայստանի կուսակցություններից  ԵԺԿ-ին անդամակցում են  ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» և ընդդիմադիր «Ժառանգությունը»:

 

 

Ելենա  Ցենտեմերոյի զեկույցում , մասնավորապես, ասված է. «Չնայած վերջին տասնամյակում գործիչները զգալիորեն բարելավել են քաղաքականության մեջ կանանց ներկայացվածությունը, Եվրոպայաի խորհուրդի անդամ շատ երկրներում այս առումով մեծ անհամաչափություն կա»:

 

 

Հեղինակի դիտարկմամբ, հասարակական կյանքում կանանց ներգրավվածությունը պայմանավորվում է մի քանի գործոններով՝ քաղաքական (ընտրական համակարգեր, կուսակցությունների կողմից՝ թեկնածուների ընտրության վերաբերյալ կանոնակարգեր), սոցիալական (սոցիալական ապահովության համակարգ, աշխատանքի ու ընտանեկան կյանքի հավասարակշռում, ծնողական արձակուրդի պայմաններ), տնտեսական (գենդերային բացի լրացում, տարբեր մասնագիտություններ ու կարիերայի հասանելիության ապահովում), ինչպես նաև մշակութային (մասնավորապես  գենդերային դերերի վերաբերյալ կարծրատիպեր):  Քաղաքականության մեջ ակտիվ կանանց համար  կարևոր են լրատվամիջոցների մատչելիության  ու քարոզարշավների ֆինանսավորման հետ կապված խնդիրները:

 

 

Ըստ զեկույցի քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության ընդլայնմանն ուղղված միջոցառումներից առավել արդյունավետ է  քվոտավորումը, հատկապես եթե  օրենսդրության պահանջները չկատարելու դեպքում նախատեսվում են պատժամիջոցներ: Երկարաժամկետ առումով դրական արդյունքների ապահովման համար, սակայն, անհրաժեշտ են ուղեկցող այլ միջոցառումներ ևս:

 

 

Դրական և ուղեկցող միջոցառումների ընտրությունն ու համադրությունը կախված է յուրաքանչյուր երկրի սոցիալական, մշակութային ու քաղաքական դաշտից, նշված է զեկույցում:

 

 

Շվեդիայի և այլ երկների փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության մակարդակը հասարակության մեջ կանանց դերի անմիջական  արտացոլումն է հանդիսանում: Այն բնութգրվում է որոշակի որակական և քանակական չափանիշների նիջոցով և ա?տահայտվում  նաև  այլ ր ոլորտներում:

 

 

Զեկույցի հեղինակը ներկայացրել է ընտրական, քվոտավորման համակարգերի ու մեխանիզմների, սահմնադրությունների  ու սահմանդրական իրավունքի, ՏԻՄ ընտրություններին կանանց մասնակցության, 2005-2015 թթ Եվրոպական երկրների խորհրդարաններում կանանց ներկայացվածության տվյալներ,  Թուրքիայում 2015-ի նոյեմբերին կայացած ընտրությունների դասերը, Շվեդիայի և այլ երկրների փորձը:

 

 

Չնայած  քաղաքական մարմիններում կանանաց ներգրավվածության մեծացմանն ուղղված ջանքերին, հավասարության ու ոչ խտրականության վերաբերյալ ստանձնած օրենսդրական պարտավորություններին ԵԽ  Խորհրդարանական Վեհաժողովը խիստ թերի է գնահատում կանանց ներկայացվությունը ԵԽ անդամ շատ երկրների խորհրդարաններում: Թեպետ   ՝  ԵԽ անդամ երկրների բնակչության կեսից ավելին կանայք են (զեկույցում ներկայացված տվյալների համաձայն եվրոպայում  ապրող է 826 մլն մարդկանցից, 426 մլն-ը կանայք են), այդ երկրների 1/3-րդի խորհրդարաններում կանանց թիվը չի հասնում 20 տոկոսի:

 

 

«Նման մակարդակը խեղաթյուրում է ներկայացուցչական մարմնի բնույթը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել: Անդամ պետությունները պետք է վերանայեն ընտրությունների կանոնակարգերը, նրանք պետք է կանանց մասնակցությունը խթանելու վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ որդեգրեն, որոնք երկարաժամկետ առումով կապահովեն կայունություն ու արդյունավետություն»,-նշվում է զեկույցում:

 

 

Վեհաժողովը սատարում է  գենդերային հավասարության սկզբունքին, և համարում,  որ  դրա հետևողական կիրարկումը կհանգեցնի ընտրովի ու տարբեր այլ  մարմիններում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածությունը:

 

 

Նշվում է, որ տարեցտարի ԵխԽՎ-ում կանանց ներկայացվածության առումով աճ է գրանցվում, սակայն դա պայմանավորված  է երկրների ցուցանիշներով, որպես օրինակ ներկայացվում է ԽՎ-ում Իռլանդիայի ու Լիտվայի պատվիրակություններում  կին խորհդարանականների թիվը. 2009-ին  երկու երկրների դեպքում էլ կանայք կազմում էին 25 տոկոս (12-ից 3-ն են կանայք եղել), իսկ 2014-ին Իռլանդիայի պարագայում այդ թիվը հասել է 55 տոկոսի (11-ից  6-ն են կանայք), իսլ Լիտվայի դեպքում 9 տոկոս (11 պատգամավորներից մեկն է կին): Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակության կազմում  կանայք 50 տոկոս են կազմում:

 

 

Զեկույցի հեղինակը կարևորում է ԵԽ անդամ երկրներում քվոտավորման օրենսդրական ամրագրումը: Զեկույցում նշվում է, որ վերջին տարիներին խորհրդարանական ընտրությունների համար քվոտավորում է ներդրվել Ալբանիայում, Հայաստանում, Բելգիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Պորտուգալիայում, Սլովենիայում, Իսպանիայում ու այլ երկրներում: Այս երկրների խորհրդարաններում կանանց ներգրավվածության ցուցանիշտ տատանվում է 41.1 տոկոսից (Իսպանիա) մինչև 10.7 տոկոս (Հայաստան):

 

 

Ավստրիայում, Չեխիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Միացյալ Թագավորությունում որոշ քաղաքական կուսակցություններ որոշել են կամավոր սկզբունքով ընտրացուցակներում տեղեր հատկացնել կանանց, նաև առաջադրել նրանց թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով: Դրա շնորհիվ կանանց ներկայացվածությունը այդ երկրներում տատանվում է 39.6 տոկոսից (Նորվեգիա) մինչև 19 տոկոս (Չեխիա): Բուլղարիայում, Դանիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում ու Լիխտեյնշտեյնում քվոտավորում չկա, այստեղ էլ խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը տատանվում է 42.5 տոկոսից (Ֆինլանդիա) միչև 20 տոկոսի (Լիտենշտեյն) սահմաններում:

 

 

Հետաքրքիր են  Լեհաստանի և  Դանիայի օրինակները: Լեհաստանում գործում է քվոտավորումը, ըստ որի ընտրացուցակներում թեկնածուների 35 տոկոսը պետք է լինեն կանայք: Այդուհանդերձ, 2011-ին խորհրդարանում կանանց ներկայացվածության ցուցանիշը կազմեց 24 տոկոսը: Դանիայում, որտեղ քվոտավարում չի գործում, կանայք խորհրդարանականների 39 տոկոսն են կազմում:

 

 

Համադրելով ԵԽ անդամ պետություններում գործող օրենսդրական մեխանիզմները, առկա փաստերը, զեկույցի հեղինակը մի քանի եզրակացություններ է ներկայացնում.

 

 

Գենդերային հավասարությունը, այդ թվում քաղաքականության մեջ կանանց ու տղամարդկանց ներկայացվածությունը,  կոնսենսուսային նպատակ է: ԵԽ անդամ երկրները պարտավոր են ապահովել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի պահանջները, այն է. «Խտրականության արգելում . Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:

 

 

Քաղաքական գործիչները, կառավարությունները, խորհրդարանները մեկ անգամ չէ, որ հայտարարել են  գենդերային հավասարություն ու քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության ավելացմանն իրենց նվիրվածության մասին: Այսօր հարցն այն է, թե ինչպես պետք է արագացնել այդ գործընթացը, որն անտանելի դանդաղ է ընթանում:

 

 

Զեկույցում նշվում է, որ անցած տարվա օգոստոսի 30-ին խորհրդարանների կին խոսնականների հանդիպմանը կոչ է արվել գաղափարի  ու գործողությունների միասնականություն ցուցաբերել, ինչ փոփոխությունների իրականացման հզոր շարժիչ ուժ կդառնա:

 

 

Գենդերային հավասարության հասնելու համար զեկույցի հեղինակի գնահատմամաբ շատ կարևոր են իրականացվող միջոցառումների գնահատումը, դրանց ճիշտ ու խոր վերլուծությունը, որպեսզի վեր հանվեն առկա անհավասարության իրական պատճառները: Կանանց ներկայացվածությունը պետք է ապահովել ոչ միայն գործադիր ու օրենսդիր մարմիններում, այլև տարբեր մակարդակներում՝ այդ թվում տարածաշրջանային ու տեղական մարմիններում:

 

 

Զեկույցի հեղինակը կարևորում է մոնիտորինգների իրականացումը, որոնք թույլ չեն տա ոտնահարել կամ շրջանցել գենդերային հավասարության ապահովմանն ուղղված իրավական ակտերը: Այս ամենին զուգահեռ անհրաժեշտ են նաև ուղեկցող միջոցառումներ՝ ինչպիսին ասենք կանանց կարողություններն ու հմտությունները զարգացնող ուսուցման ու իրազեկման դասընթացներն են, կին քաղաքական գործիչների քարոզարշավի ֆինանսավորումը և այլն:

 

 

Իհարկե,  խնդիրներն ու խոչընդոտները, որոնց բախվում են կին գործիչները, երկրներում տարբեր են՝ կախված տվյալ երկրի տնտեսական, սոցիալական, մշակութային առանձնահատկություններից:  Հետևաբար տարբեր մարտահրավերներին տրվող պատասխաններն էլ պետք է տարբեր լինեն:  Սակայն զեկույցի հեղինակը կարևորում է հարցի լուծման համար համալիր մոտեցմումները:

Հ. Կարապետյան

Զեկույցն ամբողջությամբ  այստեղ

Թիվ 2111 (2016)  բանաձևն այստեղ

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում

Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է եվրոպացի կին գործընկերներին ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող քվոտայի փոփոխությունը

Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»

Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին

Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում

«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»

Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…

Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին

Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը

«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները

Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

 

Դիտումների քանակը` 2588

Գլխավոր էջ