Հռիփսիմե Խուրշուդյան․ «Կյանքի գնով էլ լինի՝ կպայքարեմ օլիմպիական մեդալի համար»
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Հավաքականի հաջողությանը մեծապես նպաստեցին Եվրոպայի չեմպիոնների կոչմանն արժանացած Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշոդյանը, ովքեր հայտարարեցին, որ նվիրումեն իրենց սպորտային հաղթանակները Արցախում մարտնչող հայ զինվորներին:
Կանանց գերծանր քաշայինների պայքարում անգերազանցելի էր Հռիփսիմե Խուրշուդյանը։ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն այս անգամ դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ ինչպես ինքն է ասում ձգտելու է ավելի բարձր արդյունքների․
«Չեմպիոնին վայել տրամադրությամբ եմ վերադարձել Հայաստան։ Բալիկիս ծնվելուց և հարթակ վերադառնալուց հետո առաջին լուրջ հաղթանակս էր։ Ես 1 տարում 9 ոսկե մեդալ նվաճել էի, բայց 1 ամսում 6 ոսկի մեդալ՝ դեռ ոչ, ու դա անելը հերոսություն էր իմ կողմից։ Օլիմպիական խաղերին էլ կյանքի գնով էլ լինի՝ պետք է պայքարեմ մեդալի համար, ինչ կիլոգրամների էլ ուղարակեն՝ ես պատրաստ եմ»,-ասաց Հռիփսիմեն։
Հայրենիք վերադառնելուց հետո լրագրողների հետ զրույցում Նազիկ Ավդալյանն ասաց, որ բարդ էր ողնաշարի ծանր վնասվածքից հետո հարթակ վերադառնալն ու բարձր արդյունքներ ցույց տալը.
«Շատ ուրախ ու երջանիկ եմ, բայց նույն տեմպով շարունակելու եմ մարզումներս։ 7 տարի ընդմիջումից հետո շատ դժվար էր մեծ սպորտ վերադառնալը և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես։ Ասել էի՝ առանց նորից լուրջ արդյունք ցույց տալու հրաժեշտ չեմ տա սպորտին։ Ոչ մեկին չի հետաքրքում, թե դու ինչ վնասվածք ունես։ Մեծասնությունը չէր հավատում, որ կկարողանամ, քանի որ այդպիսի վնասվածքից հետո վերադառնալ ծանրամարտ այդքան էլ հեշտ չէ, բայց ես իմ մեջ ուժ գտա և հաղթահարեցի դժվարությունները»,- ասաց Եվրոպայի չեմպիոնուհին։
Դիտումների քանակը` 4622