Զարուհի Փոստանջյանը կոչով է դիմել կանանց նկատմամբ բռնության խնդրով զբաղվող ՀԿ-ներին
Միավորել ուժերը Ստամբուլի կոնվենցիան ստորագրելու շուրջ.
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը մոտ ժամանակներում կնախաձեռնի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) ստորագրումը» , – այսպիսի պատասխան է ստացել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր հարցմանը, որով սույն թվականի փետրվարի 29-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Ինչպես հաղորդում է «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը, պատգամավորի հարցումը նպատակ ուներ պարզելու թե ինչու՞ Հայաստանը չի ստորագրում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվեցիա), քննարկումների ի՞նչ փուլում է գտնվում Կոնվենցիային միանալու հարցը, ի՞նչ խոչընդոտներ են առկա այն ստորագրելու և վավերացնելու համար և ե՞րբ է նախատեսվում ստորագրումը և վավերացումը:
Հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացված պատասխանը Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել կոչով քաղաքացիական հասարակությանը, մտահոգ քաղաքացիներին, ովքեր պայքարում են բռնության կանխարգելման համար` միավորել ուժերը հիշյալ հարցի շուրջ, ցուցաբերել ակտիվություն և ուշադրություն՝ Կոնվեցիան շուտափույթ ստորագրելու համար:
Նշենք , որ Կոնվենցիան ընդունվել է Ստամբուլում 2011-ին եւ ուժի մեջ մտել 2014 -ի օգոստոսի 1-ից : Այն դատապարտում է կանանց նկատմամբ ցանկացած բնույթի բռնությունը` սեռական բռնությունից մինչև ֆիզիկական և հոգեբանական: Ստամբուլի կոնվենցիայով պետությունները պարտավորվում են ոչ միայն պատասխանատվության ենթարկել բռնություն գործադրողներին, այլև աջակցել և պաշտպանել բռնության զոհերին:
2015-ի տվյալներով Եվրոպայի խորհրդի միայն 9 անդամ երկիր դեռ չէին ստորագրել կոնվենացին, դրանց թվում Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Չեխիան, Իռլանդիան, Լատվիան, Լիխտեյնշտեյնը, Մոլդովան և Ռուսաստանը:
Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կենտրոնակայանում տեղի ունեցածՀամաշխարհային լիդերների հանդիպմանը ՄԱԿ-ի անդամ պետություններից յուրաքանչյուրը, այդ թվում Հայաստանը , պարտավորություններ վերցրեցին ՝ գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Հայաստանի կողմից ստանձնված պարտավորություններում նշված է, որ պետությունը պարտավորվում է աջակցել 2013-ին ընդունված «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորւոթյունների» ՀՀ Օրենքի իրականացմանը, ինչպես նաեւ ստորագրել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Մոլորակ 50/50 մինչեւ 2030» . ինչ է պարտավորվել Հայաստանը
Դիտումների քանակը` 3087