Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին

Հայաստանում, ինչպես հայտնի է, շարունակվում են Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները, ու  թեև հասարակական սեկտորի ու ընդդիմության ներկայացուցիչները  նախապես  պնդում են, որ էական փոփոխություններ նախագծում ակնկալել պետք չէ , այնումենայնիվ հույսը վերջինն է մեռնում:  Այդ թվում և ընտրական ցուցակներում կանանց թվի ավելացման վերաբերյալ դրույթի փոփոխության հարցում,  որով առաջարկվում է  կուսակցությունների ցուցակներում   սեռերի համամասնությունը  ամրագրված  20/80-ի փոխարեն գոնե 30/70 դարձնել:    

 

Ի՞նչ  է նախատեսվում  այս պահին   Ընտրական նոր օրենսգրքի նախագծով:  Նախագծի  84-րդ հոդվածում կանանց և տղամարդկանց համամասնությունը մնացել է  գործող օրենքի համեմատ  անփոփոխ ՝ 20/80, ընդ որում  անփոփոխ է մնացել  նաև  առաջարկվող հերթականությունը  2-րդ համարից սկսած ՝  յուրաքանչյուր հնգյակում    2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ … Նման հերթականությունը կանանց կազմակերպությունների  կողմից որակվում  է  որպես խտրական, քանի որ հենց այդ ձևակերպման պատճառով քաղաքական ուժերի մեծ մասը  ընդգրկել էր կին թեկնածուներին   6-րդ տեղից սկսած,    այն դեպքում, երբ ԱԺ անցնելու նվազագույն շեմը առաջին հնգյակն է: Դրա հետևանքով 2012-ին զգալի հետընթաց էր արձանագրվել նախորդ` 2007-ի ընտրությունների համեմատ` կուսակցությունների  ցուցակներում կանանց ընդգրկումը առաջին հնգյակներում  4 անգամ ավելի քիչ էր, իսկ առաջին տասնյակում` ավելի քան 2 անգամ նվազ:

 

Նշենք, որ   դեռևս   2012-ին ընդունված ԵԽԽՎ-ի թիվ 1898 բանաձևը` «Քաղաքական կուսակցությունները և կանանց քաղաքական ներկայացվածությունը», շեշտադրեց կուսակցությունների պատասխանատվությունը` օրենսդիր մարմնում և ամբողջ հասարակությունում գենդերային հավասարակշռության ապահովման, կանանց ներգրավելու և նրանց քաղաքական աճին և առաջընթացին նպաստելու առումով:

 

 

Այսօր  հասարակական սեկտորի ,  միջազգային  կազմակերպությունների, նաև գենդերային հարցերով   փորձագետների կողմից  հնչեցվող  առաջարկությունների համաձայն  ՝ սեռերի համամասնությունը կուսակցությունների   ցուցակներում պետք է  հասցնել  առնվազն  30/70-ի՝ ընդգրկելով կանանց առաջին տեղից սկսած ՝ յուրաքանչյուր  եռյակում:

 

 

Ինչու՞ հատկապես 30 տոկոսը:  Հիմնավորումները շատ են, նշենք  միայն, որ այս պահանջի հիմքում պառլամենտարիզմի համաշխարհային փորձն է, ըստ որի որոշումների կայացման մշակույթի վրա ներազդելու, քաղաքական խաղի կանոնները բարեփոխելու, քաղաքականությունն ավելի հումանիստական դարձնելու հնարավորությունն ի հայտ է գալիս միայն այն դեպքում, երբ ապահովված է կանանց ներկայացվածության «կրիտիկական զանգվածը», այսինքն` կանայք կազմում են խորհրդարանի ոչ պակաս, քան 30%-ը:

 

 

Հատկանշական է, որ այս  պահանջը հնչեցվում է   բացառապես հասարակական սեկտորի նախաձեռնությամբ   և   քաղաքական ուժերի կողմից դեռևս ռեալ   աջակցության   չի  արժանացել՝  գոնե այս պահի դրությամբ: Ուրբաթ օրը Ազգային ժողովում կայացած  բոլոր  խմբակցությունների հետ  քննարկուների  ընթացքում  պատգամավորներից    ոչ մեկը չանդրադարձավ կանանց մասնակցության հարցին:  Այստեղ թերևս ամենաուշագրավն այն է, որ անգամ  կին պատգամավորները խնդիրը չեն բարձրաձայնում ու կարծես  թե  հետաքրքրված չեն Ազգային ժողովում կանանց թվի ավելացմամբ:  Մինչդեռ նրանցից շատերը խորհրդարանում են հայտնվել  հենց   քվոտայի  շնորհիվ, որի նախաձեռնողները   կրկին  հասարակական կազմակերպություններն էին…

 

 

Նշենք, որ  ուրբաթ օրը կայացած  լսումներին   մասնակցում էին ԱԺ գրեթե բոլոր կին պատգամավորները:  Մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում   նրանցից և ոչ մեկը այս հարցը չբարձրացրեց, ավելին՝ որևէ կերպ դիրքորոշում չհայտնեց, որ կանանց թվի ավելացումը իրենց առհասարակ մտահոգում է:  Իրականում,  մտահոգվելու  լուրջ հիմքեր կան, քանի որ տարածքային  ցուցակի առակայության  դեպքում  մանդատ ստանալու  կանանց շանսերը  կիսով չափ կրճատվում են:

 

 

Քվոտան, ըստ էության  գործելու է միայն  տեղերի 50 տոկոսի համար, խորհրդարանի  մյուս կեսը համալրվելու  է  տարածքային ցուցակների հաշվին, որոնցում կանայք,  չնչին բացառությամբ,   անմրցունակ են «ձայն բերող» թեկնածուների համեմատ: Այնպես որ,  շատ հնարավոր է , որ նախագծում նշված  20/80 համամասնությունը , այն էլ  կանանց  2-րդ տեղից ընդգրկմամբ , լավագույն  դեպքում  կապահովի  կանանց նեկայացվածությունը  ապագա խորհրդարանի կազմում    ընդամենը 10 տոկոսի  չափով:  Իսկ եթե նախորդընտրությունների նման կրկին   գործի դրվի  «ինքնաբացարկի»  ինստիտուտը ,  ապա  կանանց  հարցում  առաջընթացի  մասին կարելի է ևս հինգ տարով մոռանալ…

 

 

Այնպես որ ,  այն կին պատագամավորները, ովքեր գուցե համոզված են, որ կշարունակեն իրենց պատգամավորկան կարիերան և  այսօր  ավելորդ են համարում  ճանապարհ հարթել  ուրիշ կանանց համար ՝ խոսելով քվոտայի   բարձրացման շուրջ, վաղը կարող են անձամբ  տուժել  նախատեսված   նորմայի  հետևանքներից …

 

Հիշեցնենք, որ անցյալ ընտրությունների դիտարկման արդյունքում պատրաստված  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում քվոտայի արդյունավետության վերաբերյալ հետևյալ դիտարկումն է արված.

 

«…Թեկնածուների առաջադրման քվոտայի արդյունավետությունը պետք է վերանայվի, որպես ժամանակավոր հատուկ միջոց` կանանց որպես թեկնածու լինելու իրավունքի և հնարավորության փաստացի հավասարությանը հասնելու նպատակով:

Պետք է խրախուսել կուսակցություններին ունենալ գենդերային քաղաքականություն և հանրորեն տրամադրել իրենց անդամների գենդերային բաշխվածության վերաբերյալ տվյալները: Կարելի է քննարկել, որպեսզի կուսակցություններին պահանջ ներկայացվի իրենց ղեկավար մարմիններում կանանց ներկայացվածություն ապահովել և թեկնածուներ ընտրելու ավելի թափանցիկ ու ժողովրդավարական եղանակներ ունենալ»:

 

 Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 3434

Գլխավոր էջ