Միխաիլ Սահակաշվիլին հորդորում է ընդգրկել կանանց ու տղամարդկանց ընտրական ցուցակներում 50/50 ձեւաչափով

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր նախկին կուսակցությանը մի քանի խորհուրդներ է տվել: Վրացական լրատվամիջոցների   փոխանցմամբ, Սահակշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Մեր կուսակցությունը միշտ հանդես է եկել նորարարական գաղափարներով ու գործելաոճով, ուստի և հիմա պետք է հանդես գա մի քանի նոր նախաձեռնություններով: Դրանցից առաջինը պետք է լինի կանանց համար լիակատար հավասարության ապահովումը: Արդիականացման ընդհանուր գործընթացների շրջանակում պետք է հայտարարել, որ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների ցուցակում 50 տոկոսը պետք է կանայք լինեն:

 

Առաջին հերթին մենք այդպիսով ընդգծում ենք վրացական հասարակության մեջ կնոջ դերը, դա օբյեկտիվորեն կնպաստի թարմացմանն ու լավագույնս մեզ կպատրաստի ընտրություններում անխուսափելի հաղթանակին: Վստահ եմ, որ արժանի կին թեկնածուներ գտնել և ընտրելու հարցում մենք դժվարություններ չենք ունենա: Բացի այդ, մենք պետք է անհաղապաղ հասարակությանը ներկայացնենք այդ թեկնածուներին»,  – գրել է Վրաստանի  նախկին նախագահը  ֆեյսբուքյան իր էջում:

 

Առանց մեկնաբանությունների թողնելով   Վրաստանի նախկին նախագահի խորհուրդները,  նշենք , որ  վրացական  աղբյուրների  հաղորդմամբ, երկրի   Ընտրական օրենսգրքում  դեռ 2011-ին ամրագրված  փոփոխությունների համաձայն, ցուցակներում կանանց ներկայացվածությունն ապահովող քաղաքական ուժերը լրացուցիչ ֆինանսական միջոցներ են ստանում:

 

 

Դիտումների քանակը` 3098

Գլխավոր էջ