Աշխատանքային միգրացիան՝ ՄԻԱՎ վարակի տարածման հիմնական պատճառ
Հայաստանում ՄԻԱՎ վարակի տարածվածության բարձր ցուցանիշների գլխավոր պատճառն աշխատանքային միգրացիան է:
2011-2015թթ. Հայաստանում գրանցված ՄԻԱՎ վարակով հիվանդների կեսից ավելին՝ 57%-ը, հավանաբար վարակվել է արտերկրում՝ մասնավորապես Ռուսաստանում, իսկ վարակակիրների մոտ 13%-ը կազմում են նրանց զուգընկերները: Հետևաբար դեպքերի 70%-ում առկա է միգրացիայի գործոնը՝ պարզաբանում են ոլորտի մասնագետները:
Ներկայում 100 հազար բնակչի հաշվով ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թվով առաջին տեղում է Շիրակի մարզը, որին հաջորդում են Լոռին ու Գեղարքունիքը (70.8)` հայտարարեց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ համաճարակաբան Վարդան Արզաքանյանը Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ:
«Իսկ ինչու՞ այդ մարզերում՝ նման հարց կառաջանա: Պատճառն աշխատանքային միգրացիան է, որն ուղղված է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այս հիվանդությունները տարածվածության տեսակետից մոտ 4 -4,5 անգամ շատ են»,- ասաց Վարդան Արզաքանյանը:
Արզաքանյանի համոզմամբ՝ «խոցելի խումբն աշխատանքային միգրանտներն են», ինչը հաշվի առնելով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իրականացնում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը գյուղական համայնքներում» ծրագիրը, որն արդեն ընդգրկել է 100 համայնք:
Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի սոցիալական աշխատող Լիլիթ Ալեքսանյաննանդրադարձավ իրենց կազմակերպության իրականացրած իրազեկման միջոցառումներին՝ նշելով, որ «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» և «Պատմի՛ր ընկերոջդ» ծրագրերի շրջանակներում մասնագետները նկատել, որ մարդիկ սկսել են ավելի անկաշկանդ այցելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետոզոտման, սակայն դեռ կան խոչընդոտներ:
«Տարածված կարծրատիպերի և վախերի հետևանքով այն մարդիկ, ովքեր անգամ ցուցաբերել են ռիսկային վարքագիծ, խուսափում են ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվելուց: Իսկ դա միայն նպաստում է ՄԻԱՎ-ի տարածմանը», – ասաց Լիլիթ Ալեքսանյանը:
1988-2015թթ. Գեղարքունիքի մարզի բնակիչների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 165 դեպք, որից 124-ն արձանագրվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ: Վարակվածների ավելի քան 59%-ը 25-39 տարիքային խմբում է: Իսկ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ուղին և թմրամիջոցների ներարկային օգտագործումը՝ 12%:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը, կանխարգելման ու իրազեկման աշխատանքները Գեղարքունիքի մարզում» թեմայով քննարկումը կազմակերպվել էր Գավառի քաղաքացիականերիտասարդական կենտրոնի հետ համատեղ:
Մարզային քաղաքացիական երիտասարդական կենտրոնների հետ քննարկումների շարքի նպատակն է խթանել մարզերում բնակվող երիտասարդների համար կենսական հարցերի վերաբերյալ իրազեկությունը, աջակցել երիտասարդներին բարձրաձայնել առկա խնդիրների մասին և գտնել հնարավոր լուծումները՝ համագործակցելով պետական կառույցների հետ:
Փառանձեմ Ավագյան, «Մեդիա կենտրոն»
Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:
Դիտումների քանակը` 3908