Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը
Շատերը մտածում են, որ գենդերային հավասարության ու ժողովրդագրության նպատակներն իրար հակասում են: Իրականում, սխալվում են: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետության կողմից իրականացվող ճիշտ գենդերային քաղաքականությունը հաջողությունների է հանգեցնում ոչ միայն տնտեսական աճի, այլ ժողովրդագրական ցուցանիշների բարելավման առումով: Ահա այս փորձի հիման վրա Հայաստանի կառավարությունը որոշակի քայլեր է նախատեսել «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի» շրջանակում:
Այս ծրագրի շուրջ վերջերս կազմակերպված խորհրդարանական լսումներում բավականին ուշագրավ մոտեցումներ են հնչեցվել, երիտասարդ ընտանիքներին ու հատակապես երիտասարդ մայրերին աջակցելու ուղղությամբ: Նշենք, որ լսումները կազմակերպվել էին եւ մասնակիցների թվում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների Արտեմ Ասատրյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը բացման խոսքում ասաց, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական իրավիճակի համակողմանի գնահատման և իրականացվող նպատակային միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական հետևանքների նվազեցումն ու իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է: ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքով, հեռահար այդ ծրագրերի արդյունքները ակնհայտ կլինեն առաջիկա տասը տարվա ընթացքում։
Քննարկման ընթացքում շեշտադրվեցին լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ՝ ծնելիության բարձրացում, մայրերին եւ երիտասարդ ընտանիքներին աջակցություն, այդ թվում բնակարանային պայմանների բարելավում, կանանց աշխատանքի եւ երեխաների խնամքի համատեղելու բարենպաստ պայմանների ապահովում, պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հետ պայքար:
Թեպետ ծնելիության ցուցանիշով Հայաստանն այսօր շատ առաջ է զարգացած երկրներից, բայց միտումները տանում են նրան, որ հետագայում այդ ցուցանիշը կրկնակի կնվազի:
- Համեմատած 90-ականների սկզբի, երբ ծնվում էր 80 հազար երեխա, այսօր Հայաստանում գրանցվում է 40-42 հազար ծնունդ:
- Փորձագիտական գնահատականներով` 2035 թվականին մայրական հիմնական ներուժը նվազելու է, քանի որ 90-ականների սկզբին ծնված 80 հազար երեխաներից 40 հազար աղջիկներին, ովքեր հիմա 26 տարեկան են, փոխարինելու է գալու աղջիկների 15 հազարանոց բանակը (2000-ականներին ծնված երեխաները 30 հազար էին, ստացվում է` մայրանալու պատրաստ աղջիկների թիվը կլինի 15 հազար):
Մայրական ներուժը պակասում է նաեւ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների պատճառով: Դրա հետեւանքով, Հայաստանում տարեկան չեն ծնվում ավելի քան 1400 աղջիկներ եւ այս միտումը շարունակելու դեպքում , ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների, մինչև 2060 թ-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ պոտենցիալ ապագա մայր: Այսինքն, մի խնդիր, որի հիմքում կարծրատիպային պատկերացումներն են հասարակությունում կնոջ պակաս արժեքի եւ դերի վերաբերյալ, լուրջ ժողովրդագրական հետեւանքներ ունի նաեւ:
Ծրագրի առողջապահական մասով , ՀՀ առողջապահության նախարարի Արմեն Մուրադյանը նախ արձանագրեց վերջին տարիների հաջողությունները մայրական, մանկական մահացության, հղիության արհեստական ընդհատումների, անպտղության կրճատման ուղղությամբ։ Մասնավորապես, նշվեցին 15 տարեկան աղջիկների սկրինինգային ծրագրերը, որոնք ապահովում են հետագայում նրանց անպտղության խնդրի լուծումը և մայրանալը։
Դրա հետ մեկտեղ , նախարարի դիտարկմամբ, իրականությունն այն է, որ մենք մեր հարևան երկրներից 3 անգամ պակաս գումար ենք հատկացնում հղիությունը վարելու համար։ Ընդ որում, նախատեսվող հետազոտությունների ծավալները նրանց մոտ կրկնակի անգամ մեծ են։
– Մենք 4 անգամ պակաս միջոցներ ենք հատկացնում հղիության ախտաբանության, 2.5 անգամ պակաս՝ թերհաս երեխայի բուժման համար: Այսօր ծննդօգնության ոլորտը ծախսում է 8.5 միլիարդ դրամ` ապահովելով 43 հազար ծնունդ: Մենք առաջարկել ենք ոլորտին հատկացնել 14 միլիարդ դրամ գումար միայն առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացման համար,- ասաց նախարարը:
Հաջորդ խնդիրը, որն անմիջապես կապ ունի ծնելիության հետ, դա երիտասարդ ընտանիքների մոտ ընդամենը մեկ երեխա ունենալու միտումն է, որ առկա է այսօր Հայաստանում: Այս միտումը հաղթահարելու հարցում առաջին հերթին կարեւորվում է ծրագրի սոցիալական բաղադրիչը՝ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը եւ կանանց համար աշխատանքն ու երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր ելույթում համոզմունք հայտնեց, որ երկրում ժողովրդագրական ներկայիս պատկերը փոխելու նպատակով հարկավոր է միաժամանակ լուծել բնակարանային ապահովության, զբաղվածության և առողջապահական խնդիրները:
– Մասնավորապես, բնակարանային ապահովության խնդիրն առարկայական է մեր երիտասարդ ընտանքների համար, դա շաղկապվում է զբաղվածության հարցի հետ, հատկապես եթե աշխատավարձերը ցածր են: Ծրագրի հաստատման դեպքում հնարավոր կլինի ցանկացած աշխատավարձով նորաստեղծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստեղծել: Սա կարող ենք իրագործել սոցիալական բնարականային ֆոնդի ձևավորման նոր ռազմավարությամբ,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորությունից կարող են օգտվել տարբեր եկամուտ ունեցող ընտանիքները: «Ծրագիրն այն խմբերի համար է, որոնք բավարար եկամուտներ չունեն, միջին աշխատավարձով ընտանիքների համար, ինչպես նրանց համար, ում եկամուտները բարձր են, բայց բավարար չեն անմիջապես բնակարան ձեռք բերելու համար»,- ասաց Արտեմ Ասատրյանը, նշելով, որ այս նպատակների համար նախատեսված է առանձին հիմնադրամի ստեղծում` ոչ միայն բյուջեի, այլեւ հնարավոր այլ ռեսուրսների ներգրավման միջոցով: Առաջնահերէությունը տրվելու է այն խմբերին, ովքեր արդի հիփոթեքային ծրագրերում չեն կարող ներառվել:
- Համաձայն 2011 թվականի մարդահամարի տվյալների` շուրջ 37 հազար տնային տնտեսություններ ունեն բնակարանի կարիք, նրանցից 13 հազար 786-ն ապրում է ժամանակավոր կացարաններում ու տնակներում, 2 հազար 260-ը` բնակության համար հարմարեցված տարածքներում, 130-ն ընդհանրապես անօթևան է: 21 հազար տնային տնտեսություններ ապրում են գերբնակեցված բնակարաններում:
Իր ելույթում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը կարևորեց բնակարանային պայմանների բարելավումը, տարբեր տարիքային խմբերին պատկանող հղի կամ մայրացած կանանց աջակցությունը, երիտասարդ ու բազմազավակ ընտանիքների աջակցության այլըտնրանքային մոտեցումների ներդրումը: Նրա ներկայացմամբ , ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկը՝ տարբեր տարիքային խմբերի կանանց աջակցությունն է : Այսինքն, խնդիրը կայանում է նրանում, որ պետությունը կարողանա ապահովել այն ոսկի միջինը, երբ կանայք եւ՛ շատ երեխաներ կունենան, եւ՛ իրենց մասնագիտական աշխատանքից չկտրվեն: Խոսքն անշուշտ միայն նախադպրոցական հիմնարկների առկայության մասին չէ, հայտնի փաստ է , որ դրանց թիվն ու հասանելիությունն այսօր խիստ անբավարար են:
- Թեպետ «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրով» նպատակ է դրվել մինչև 2015 թվականը ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-6 տարեկանների) ընդգրկվածությունը հասցնել մինչև 90%-ի, սակայն 2014 թ. տվյալներով նախապրոցական հիմնարկներ են հաճախել 0-5 տարեկան երեխաների միայն 28.7%-ը, ընդ որում գյուղական վայրերում ընդամենը 16.6%-ը:
Այդ ուղղությամբ առաջարկվել է չորս ծրագրային միջոցառում, որոնք միտված են խրախուսելու մայրությունը եւ միաժամանակ չկորցնելու կանանց ներուժը աշխատանքային շուկայում: Դրանց թվում են. դայակի ինստիտուտի ներդրումը, մինչև 22 տարեկան հղի կամ մայրացած ուսանող կանանց վարձավճարների որոշակի սուբսիդավորումը, մինչև 24 տարեկան արդեն մայրացած կանանց բուհ ընդունվելու համար նախապատրաստական ուսուցման սուբսիդավորումը, ինչպես նաեւ աջակցությունն է այն կանանց, ովքեր ընտանեկան պատճառով դուրս են մնացել աշխատանքային շուկայից եւ այժմ վերպատրաստման կարիք ունեն :
- Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցող աշխատանքային ռեսուրսների 59% -ը կանայք են, այլ հարց է , որ նրանցից շատերը տնտեսապես ակտիվ չեն:
- Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թվում կանանց մասնաբաժինը 68,1% է կազմում, հիմնականում այդ կանայք տնային տնտեսուհիներ են, ընդ որում նրանց 40%-ը ունեն բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն:
- Ընտանեկան պատճառներով աշխատանքը կորցրած 100% -ը կանայք են:
Առանձին տողով շոոշափվեցին նաեւ բազամազավակ մայրերի խնդիրները: Քննարկմանը հրավիրված էին նաև բազմազավակ մայրեր, որոնց հոգսերն ու խնդիրներն ընդհանուր էին: Բազմանդամ ընտանիքի ` 5 երեխաների մայր Ռոզա Ճնգրյանը ներկայումս իր ամուսնու և 4 երեխաներով միասին ապրում է ավագ որդու նորաստեղծ ընտանիքի հետ:Ինչ խոսք, երիտասարդ, աճող ընտանիքին բնակարան է պետք, սակայն բնակարանային պայմանների բարելավման համար արտոնյալ հիմքերի բացակայության պատճառով ողջ ընտանիքն ապում է «խեղդվող պայմաններում»:
- 2011 թվականի մարդահամարի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունում առկա 763584 տնային տնտեսություններից 4 եւ ավելի 0-17 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների թիվը կազմում է 13658, այսինքն 1.8 տոկոս: Այդ ընտանիքների մեծ մասը աղքատ են:
- Հայաստանում մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության 1.8 անգամ ավելի բարձր ռիսկ (54.9%)` հանրապետական միջին մակարդակի համեմատ (30.0%), ինչպես նաև ավելի բարձր ռիսկ այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ
Վեց երեխաների մայր Նունե Գևորգյանը քննարկմանը եկել էր ամուսնու` Արմեն Մարկոսյանի հետ: Ամուսինների մտահոգությունը բազմանդամ ընտանիքների թվի նվազումն է, որ սոցիալական և բնակարանային չլուծված խնդիրների պատճառով բազմաթիվ ընտանիքներ անգամ երրորդ երեխայի ծնունդը համարում են «շռայլություն»:
Ակնհայտ է , որ այսօր սոցիալական խնդիրներ ունեցող բազմաթիվ ընտանիքների համար երեխայի գոյատեւումն արդեն իսկ խնդիր է, սակայն, եթե նրանք իմանան, որ պետությունը պատրաստ է աջակցել իրենց առջև ծառացող բազում խնդիրների լուծմանը, ապա իրենք էլ կհամարձակվեն այլ կերպ պլանանվորել իրենց կյանքը ավելի շատ երեխաներ ունենալու առումով:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը
Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում
«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…
Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը
Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը
Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված
Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»
Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում
Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում
Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո
«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…
Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
Դիտումների քանակը` 3629