Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը
WomenNet.am –ը փորձել է շոշափել Ազգային ժողովի պատգամավորների տրամադրվածությունը այս հարցի շուրջ, մինչ Ընտրական օրենսգրքի շուրջ լայն քննարկումների մեկնարկը:
Հովհաննես Սահակյան,
ՀՀԿ , ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ.
«Քննարկումներ կծավալենք և կհասկանանք, թե որն է ամենաճիշտ տարբերակը»
– Ձեր կարծիքով՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը կարող է նպաստել ԱԺ–ում կանանց թվի ավելացմանը:
– Կանանց դերակատարումը քաղաքական, հասարակական կյանքում և առավել ևս բարձրագույն պաշտոններում անշուշտ պետք է ավելացվի: Կարծում եմ, որ նախընտրական ցուցակներում կանանց ներգրավվածության 20 տոկոսի պահանջը առնվազն պետք է պահպանվի, եթե ոչ՝ ավելանա: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որ ցուցակներում այս պահանջը չեն պահպանել և Ազգային Ժողովում էլ կին պատգամավոր չունեն, ապա Հանրապետականն այդ իմաստով առաջամարտիկ է և ՀՀԿ խմբակցության կազմը դա արտացոլում է :
– Իսկ արդյո՞ք անհրաժեշտություն չեք տեսնում, որ կնոջ ինքնաբացարկի կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում նրա փոխարեն ԱԺ պետք է գա կուսակացական ցուցակով հաջորդ կինը:
– Դա իրականում մի քիչ բարդ մեխանիզմ է , որովհետև կա նաև հերթականություն և այստեղ կարող են իրար տարբեր շահեր բախվել, տարբեր խնդիրներ առաջ քաշվել: Բայց իհարկե մենք այդ խնդրի, մտահոգության հետ կապված քննարկումներ կծավալենք և կհասկանանք, թե որն է ամենաճիշտ տարբերակը:
Վահան Բաբայան,
ԲՀԿ խմբակցության նախկին անդամ.
«Քվոտաներով կին քաղաքական գործիչ չեն դառնում»
–Ի՞նչ եք կարծում, 100 – տոկոսանոց համամասնականի անցումը ինչպես կանդրադառնա ԱԺ–ում կանանց թվի ավելացման վրա:
– Կանանց ներգրավումը այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակում կարծում եմ կախված է առաջին հերթին քաղաքական դաշտում նման կանանց առկայությունից: Կանայք կարող են ակտիվ լինել հասարակական դաշտում ,բայց չլինել քաղաքականության մեջ: Աշխարհում կանայք միշտ իրենք են գրավել իրենց տեղը ոչ ոք այն չի նվիրել իրենց, կարծում եմ:
–Իսկ գուցե այնուամենայնիվ պե՞տք է ինչ–որ մեխանիզմ կամ մոտեցում քվոտավորման արդյունավետությունը բարձրացնելու համար:
– Քվոտաներով կին քաղաքական գործիչ չեն դառնում:
Մարգարիտ Եսայան,
ՀՀԿ խմբակցություն.
« Կանանց պակաս չի լինի»…
–Ի՞նչ եք կարծում, 100 տոկոս համամասնականի անցումը ինչպես կանդրադառնա ԱԺ–ում կանանց թվի ավելացման վրա:
–Կարծում եմ՝ շատ արդյունավետ, կանայք նոր խորհրդարանում կլինեն այն թվով , ինչպես կպահանջի օրենքը,կանանց պակաս չի լինի:
– Կյանքը ցույց տվեց, որ միայն քվոտա ամրագրելը քիչ է, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ այդ քվոտայի արդյունավետության բարձրացման համար:
– Բոլոր կին պատգմավորներն էլ այսօրվա խրհրդարանում աշխատում են գրագետ , նվիրված և պրոֆեսիոնալ: Ոչ թե քվոտան է բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը, այլ՝ աշխատանքը:
-Ի՞նչ եք կարծում, քանի կին պատգամավոր պետք է լինի Ազգային Ժողովում:
-Վերջերս ես աֆրիկյան մի երկրում էի, որտեղ պատգամավորների թվի կեսը կանայք էին, իհարկե, մեր իրականության մեջ դա չափազանց մեծ շռայլություն կդիտվի, բայց, հուսամ, նոր խորհրդարանում՝ 2017-ի, մենք ավելի շատ կլինենք, քան այսօր։
Ալեքսանդր Արզումանյան ,
«Ժառանգություն» խմբակցություն .
«Այս հարցում պետք է բացառել մանիպուլյացիան»
– Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց աջակցող քվոտայի կիրառմանը
– Ես ինքս քվոտավորման կողմնակից եմ, քանի որ դեռևս մեր հասարակությունը այդքան չի զարգացել, որ դա գիտակցաբար անի: Բացի քվոտայից պետք է պարտադիր լինի ու գործի այն նորմը, որ դուրս եկող կնոջ փոխարեն ցուցակով հաջորդ կինը գա Ազգային ժողով: Այսինքն , պետք է բացառել մանիպուլյացիան՝ կին ներառել ցուցակում օրենքի տառին համապատասխանելու համար, բայց հետո կնոջը խնդրել, որ հրաժարական տա ու բերել հաջորդ տղամարդուն: Եթե մենք խոսում ենք քվոտայից, ուրեմն որոշակի թվով տեղեր պետք է ամրագրվեն յուրաքանչյուր կուսակցության կին ներկայացուցիչների համար: Միայն այդպես, կարծում եմ, հնարավոր կլինի ինչ-որ հարց լուծել կանանց ներկայացվածւթյունը ապահովելու առումով:
Ռուզաննա Մուրադյան,
ՀՀԿ խմբակցություն.
«Կուսակցությունը ծրագիր ունի կանանց ներկայացվածության ավելացման ուղղությամբ»
-Կարծում եմ, համամասնական ընտրակարգի անցումը կնպաստի քաղաքական գործընթացում կանանց մասնակցության ակտիվացմանը: Սա ևս մեկ քայլ է ՝ ի նպաստ կանանց քաղաքականության մեջ ներգրավման առումով : Ասեմ, որ ՀՀԿ-ն մշակել է կուակցության ներսում ռազմավարական ծրագիր, որն ուղղված է կանանց դերի բարձրացմանն, ինչպես նաև Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածության ավելացմանը:
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ քվոտայի արդյունավետության բարձրացման համար:
-Անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ և գործիքներ, որոնք կնպաստեն հասարակության տարբեր շերտերի՝ կանանց,տղամարդկանց, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների ընդգրկվածությանը ընտրացուցակներում:
-Հնարավո՞ր է առաջարկով հանդես գաք ԸՕ քննարկման ժամանակ` ուղղված այս խնդրի կարգավորմանը:
-Իմ գործունեության ընթացքում միշտ էլ հանդես եմ գալիս տարբեր օրենսդրական նախաձեռնություններով և առաջարկություններով, Ընտրական Oրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ նույնպես պատրաստվում եմ ներկայացնել մի շարք առաջարկներ:
Զրուցեց ՝ Լիա Խոջոյանը
Դիտումների քանակը` 3068