«Այնպես չէ, որ մեր աղջիկներին չենք սիրում, բայց տղա ունենալու մոլուցքը շատ մեծ է»…

«Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատումներն ազդում են Հայաստանի իմիջի  վրա», – այսպիսի կարծիք հայտնեց  «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի  օրերս տեղի ունեցած նիստում ՀՀում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

 

Նրա խոսքով ՝ պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության խնդիրը բացասական հետեւանքներ է թողնում  երկարաժամկետ ժողովրդագրական միտումների առումով՝ թուլացնելով  սեռերի  բնականոն  հավասարակշռությունը եւ առաջ բերելով սոցիալական բարդ խնդիրներ:

 

« Ես ինքս վաղուց եմ լսել այս մասին, դեռ այն ժամանակներից, երբ գաղափար չունեի, որ Հայաստանում պետք է աշխատեմ: Եվրախորհրդում քննարկում էինք ժողովրդագրական խնդիրներ և իմացա, որ Հայաստանն այս առումով խնդիրներ ունի: Հետևաբար, այս առումով երկրի իմիջն անկում է ապրում, բացի այդ, հասարակությունն է առաջին հերթին տուժում, քանի որ Հայաստանը կորցնում է ավելի քան 1400 աղջիկ», – ասաց նա՝ նշելով, որ այս հարցում Եվրամիությունը պատրաստակամ է օգնել Հայաստանին եւ  ՀՀ կառավարությանը՝  750 հազար եվրո է հատկացնելով այս հարցի լուծման համար:

 

« Խնդիրը չի կարող լուծվել վարչական միջոցներով միայն, դրա համար պետք է բարձրացնել նաև բնակչության իրազեկվածությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ըստ հաշվարկների՝ հասարակության 50 տոկոսի իրազեկվածության բարձրացումը կարող է 10 տոկոսով նվազեցնել այս բացասական երևույթի առկայությունը:

 

Նշենք, որ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստում ներկայացվեցին նախորդ ժամանակահատվածում իրականացված ծրագրային գործողությունները, արձանագրված ձեռքբերումները, աշխատանքների իրականացման ընթացքում քաղված դասերը:

 

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նիստում կոչ արեց կնոջ դերի բարձրացմանն ամենօրյա ուղղորդված աշխատանք իրականացնել, քանի որ պտղի սեռի խտրական ընտրության հիմնական պատճառը կանանց ու տղամարդկանց անհավասարությունն է, կնոջ տեղի եւ դերի վերաբերյալ հասարակության կարծրացած ընկալումներն են:

«Բավական երկար ժամանակ է, մենք խոսում ենք սեռով պայմանավորված հղիության ընդհատման մասին, այսօր, իսկապես, առաջին անգամ է, որ որոշակի արդյունքներ պետք է ամփոփենք, կարողանանք հասկանալ՝ որքանով էր արդյունավետ մեր աշխատանքը: Ազգային վիճակագրության հրապարակած թվերը ցույց են տալիս, որ այս հարցում կա որոշակի ստաբիլացում: Նույնիսկ այն ծանր թվերը, որ մենք ունեինք երրորդ երեխայի դեպքում, նվազել են, ինչը  ուրախալի փաստ է»,- նշեց Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախատեսվում են օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք միտված են նվազեցնել՝ հղիության սեռով պայմանավորված ընդհատումները:

 

Մասնավորապես, ըստ նրա, կլինեն փոփոխություններ, որով կարգելվի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը, ինչպես նաև կամրագրվի սպասելու ժամանակը, երբ հղիության ընդատման համար կնոջ կողմից գրավոր ցանկությունից հետո կտրվի երեք աշխատանքային օր՝ սպասելու համար, որպեսզի կինը մտածելու ժամանակ ունենա մինչև վերջնական որոշում կայացնելը:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ հայտնեց, որ քաղաքացիական հասարակության և պետական կառույցների ջանքերի համադրմամբ հաջողվել է հասարակական ընկալման մեջ բավական լուրջ փոփոխություն մտցնել՝ սեռով պայմանավորված ընդհատումների հարցում:

 

«Համոզիչ փաստարկներով հնարավոր է ներկայացնել խնդիրը, մարդիկ հասկանում են: Սեռով պայմանավորված աբորտները ես համարում եմ գենդերային բռնության տեսակ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս բոլոր հարցերը կստանան նաև տարբեր օրենսդրական լուծումներ:

 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը հիշեցրեց, որ առաջին անգամ  պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթը  բացահայտվեց  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած 2011 թ. հետազոտության արդյունքներով, որը  ցույց տվեց,  որ հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ:

 

Նրա խոսքերով՝ այս հետազոտությունից հետո խնդրի մասին բարձրաձացվեց ավելի բարձր մակարդակով և համապատասխան հանձնարարականներ տրվեցին: Մասնավորապես,  մշակվեցին տարբեր ծրագրեր, որոնք իրենց արտացոլումը գտան նաև առողջապահության, սոցապ նախարարությունների անելիքների շարքում:

 

Այս գործընթացին, ըստ Արմեն Գալստյանի,  միացան նաև տարբեր հասարակական կազմակերպություններ և արդյունքը եղավ այն, որ Կառավարությունն առողջապահության և սոցապ նախարարություններին հանձնարարեց մշակել սեռով պայմանավորված ընդհատումների դեմ հստակ գործողությունների ծրագիր:

 

Արդյունքում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխություններ իրականացվեցին: Մանսավորապես,  առաջարկվում է ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը: Առաջարկվող փոփոխությունները հստակ սահմանում են, թե ի՞նչ ժամկետում, ո՞ր դեպքում կարելի է դիմել հղիության արհեստական ընդհատման, սահմանվում են նաև հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո բժշկի անելիքները: Դրանք չանելու դեպքում բժիշկներին տուգանքներ են սպառնում:

 

Միաժամանակ նա  նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն՝ երկրորդ, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան  դեպքում շեղումը նվազել է, մինչդեռ փոքր ինչ շեղում կա առաջին երեխայի դեպքում, ինչը թեև վտանգավոր չէ, քանի որ գտնվում է բնական շեղման սահմաններում, բայց այդ աճը այնուամենայնիվ անհագստացնում է: «Դրա համար մեր ծրագրային գործողություններն ուղղելու ենք նաև առաջին երեխայի դեպքում այդ շեղումը հարթեցնելուն»,- ասաց նա:

 

Իսկ ինչպիսի՞ իրավիճակ է Հայաստանում տարածաշրջանային մյուս պետությունների հետ համեմատ, Արմեն Գալստյանը հարցին ի պատասխան նշեց, որ «Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի տարիների ընթացքում մեկը մեկի ձեռքից վերցնում էին առաջին տեղը, իսկ Վրաստանը երրորդ տեղում է»:

 

«Տարածաշրջանում այլ պետություն չկա, որ նման խնդիր ունենա: Խնդիրը նրանում է, որ մեզանում կա տղա ունենալու մոլուցք, քանի որ մեր պատկերացումներով ընտանիքը բաղկացած է երկու երեխայից, ինչն արդեն  շեղում է, ուզում ենք, որ առաջինն անպայման տղա լինի, երկրորդը՝ լավ կլինի, որ տղա լինի: Այնպես չէ, որ մեր աղջիկներին չենք սիրում, աղջիկ ենք ունենում, շատ լավ պահում ենք, բայց տղա ունենալու մոլուցքը շատ մեծ է», -ասաց նա:

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ հայտարարեց, որ վերջին շրջանում  ծնունդների թվում ունենք սեռային հարաբերակցության լավացում:  Նա նույնպես նշեց, որ երկրորդ, երրորդ, չորրորդ երեխաների պարագայում սեռերի հարաբերակցությունը նկատելիորեն լավացել է: «Պետք է արձանագրենք, որ դա պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունք է: Հայաստանը փոքր երկիր է և փորձը ցույց է տալիս, որ եթե պետական կառույցները, ՀԿ-ները նույն մեխին խփում են նույն կողմից, ապա դրական տեղաշարժեր իսկապես լինում են»,- ասաց նա:

 

Սակայն, ըստ նրա, սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը դեռևս մտահոգիչ է, ուստի կարծում է, որ ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագիրը դրական արդյունքներ կունենա:

 

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նիդերլանդներ»), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ:

 

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության մակարդակի նվազեցմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հասնել երեխայի սեռի կանխակալ ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների նվազագույնը 15%-անոց դրական փոփոխության, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը՝ առնվազն 10%-ով։

 

 

Հիշեցնենք, որ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2011 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների այս միտումը շարունակելու դեպքում  մինչև 2060 թ-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ պոտենցիալ ապագա մայր:

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 4020

Գլխավոր էջ