Յուրաքանչյուր կին ունի իր սեփական ուղին կերտելու իրավունքն ու ազատությունը
Մարտի 8-ը ոչ թե կանանց ծաղիկ նվիրելու, այն նրանց իրավունքների մասին բարձրաձայնելու օր է: Այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցող երթի նպատակը քաղաքացիներին կանանց իրավունքների ոտնահարումների մասին հիշեցնելն է:
«Կանանց իրավունքները Հայաստանում լիարժեք պաշտպանված չեն: Կանայք, ներկայացնելով բնակչության 52%-ը, ենթարկվում են բռնությունների և խտրականության՝ սկսած ընտանիքից մինչև հասարակական-քաղաքական տարբեր հարթակներ: Հայաստանի կանանց 61%-ը ենթարկվում է որևիցե տեսակի բռնության»,- ահազանգում են երթի մասնակիցները:
Ֆեմինիզմ պլատֆորմի նախաձեռնած երթն անցավ Երեւանի կենտրոնական փողոցներով՝ քաղաքացիներին նվիրելով թռուցիկներ, որոնք պատմում են Կանանց իրավունքների միջազգային օրվա ստեղծման պատմությունն ու խորհուրդը:
Օրը ֆեմինիստները եզրափակելու են ժամը 19:00-ին Էօն հակասրճարանում, որտեղ տեղի կունենա համերգ՝ տոնելու կին երաժիշտների ձեռքբերումները (համերգը տեղի է ունենում Էօնի և Ֆեմինիստ պլատֆորմի համագործակցության արդյունքում): Համերգի հասույթի մի մասը տրամադրվելու է Կանանց Ռեսուրսային կենտրոնի և Կանանց Աջակցման Կենտրոնի կողմից կազմակերպված ֆոնդին, որն ուղղված է ընտանեկան բռնությունից տուժած կանանց աջակցությանը:
Դիտումների քանակը` 2783