«Մենք այնքան «ապակյա առաստաղներ» ու պատեր ենք քանդել…». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հանդես է եկել   ուղերձով   Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որում ներկայացրել է  իր պաշտոնավարության օրոք ձեռնարկված քայլերը կանանց առաջընթացը խոչընդոտող  արհեստական արգելքները  հաղթահարելու ուղղությամբ: 

 

 

… Հետպատերազմյան Կորեայում մեծանալու տարիներին հիշում եմ, որ նկատել էի մի սովորույթ. կանայք, աշխատանքի գնալիս իրենց կոշիկները թողնում էին շքամուտքին, իսկ հետո երկյուղած ետ էին նայում: «Նրանք տարակուսում են` արդյոք երբևէ նրանք նորից կհագնեն այդ  կոշիկները», – բացատրում էր մայրս:

 

Ավելի քան կես դար անց, այդ հիշողությունը շարունակում է հետապնդել ինձ: Այսօր աշխարհի աղքատ շրջաններում կանայք շարունակում են լույս աշխարհ բերել երեխաներ՝ վտանգի ենթարկելով իրենց սեփական կյանքը: Մայրական մահացությունը բազմաթիվ կանխելի վտանգներից մեկն է: Շատ հաճախ իգական սեռի նորածինները ենթարկվում են սեռական օրգանների խեղման: Աղջիկների վրա հարձակվում են դպրոց գնալու ճանապարհին: Կանանց մարմինները պատերազմներում օգտագործվում են որպես մարտադաշտ: Այրի կանայք անտեսված են ու անապահով:

 

Մենք կարող ենք հաղթահարել այս խնդիրները` միմիայն զորացնելով կանանց որպես փոփոխություն կրողների: Արդեն ավելի քան 9 տարի է ես փորձում եմ այս գաղափարախոսությունը ներդնել ՄԱԿ-ում: Մենք այնքան «ապակայա արաստաղներ» ու  այլ արհեստական արգելքներ  ենք  քանդել, որ նրանց  բեկորներով ողջ հատակն է պատվսծ: Այժմ մենք ազատվում ենք անցյալի նախապաշարմունքերից, որպեսզի կանայք կարողանան նոր առաջավոր դիրքեր զբաղեցնել:

 

Ես նշանակեցի ՄԱԿ-ի զինված ուժերի առաջին կին հրամանատարին` մեր Կազմակերպության մեջ կանանց ներկայացուցչությունը հասցնելով  իր պատմական բարձրակետին:  Ներկայում ունենք կին առաջնորդներ խաղաղության և անվտանգության ոլորտում` մի բնագավառ, որը մի ժամանակ գտնվում էր տղամարդկանց բացառիկ իրավասության ներքո: Երբ ես եկա ՄԱԿ,  խաղարարար առաքելություններում չկային կին առաջնորդներ: Իսկ այժմ ՄԱԿ-ի առաքելությունների գրեթե մեկ քառորդը գլխավորում են կանայք, ինչը, թեև, բավարար չէ, սակայն հսկայական առաջընթաց է:

 

Ես շուրջ 150 հրաման եմ ստորագրել Գլխավոր քարտուղարի օգնականի կամ տեղակալի պաշտոններում կանանց նշանակելու համար: Ոմանք եկել են միջազգային համբավ ունեցող բարձրաստիճան կառավարական գրասենյակներից, իսկ ոմանք էլ ղեկավար պաշտոններ են ստանձնել իրենց իսկ երկրներում: Նրանք բոլորն էլ օգնել են ինձ ապացուցելու, որ շատ հաճախ կինը կարող է լավագույն թեկնածուն լինել տվյալ աշխատանքի համար:

 

Այս իրական առաջընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով մենք ստեղծել ենք մի նոր շրջանակ, որը պատասխանատվության տակ է առնում ՄԱԿ-ի ամբողջ համակարգը:  Եթե մի ժամանակ գենդերային հավասարությունը պարզապես դիտվում էր որպես ողջունելի գաղափար, այժմ այն դարձել է կայուն իրականացվող քաղաքականություն: Նախկինում գենդերային զգայունության վերաբերյալ դասընթացը կամընտրական էր, իսկ ներկայում այն պարտադիր է ՄԱԿ-ի աճող թվով աշխատակիցների համար:

 

Անցյալում, ՄԱԿ-ի բյուջեի միայն մի փոքր մասն էր հատկացվում գենդերային հավասարության և կանանց զորացման խնդիրների լուծմանը, իսկ այժմ այդ ռեսուրսները չափորոշված ու հաշվարկված են գրեթե յուրաքանչյուր երրորդի համար:

 

Կոնֆուցիոսն ուսուցանում էր, որ աշխարհը կարգի բերելու համար նախ և առաջ մենք պետք է սկսենք մեր իսկ շրջապատից: Ունենալով  ՄԱԿ-ի կին առաջնորդների արժանիքների վերաբերյալ ստույգ ապացույցներ, ես ամենուրեք արտահայտվել եմ ի շահ կանանց իրավունքների և հնարավորությունների ամրապնդման: Ինչպես խորհրդարաններում, համալսարաններում և հանրահավաքներում, այնպես էլ համաշխարհային առաջնորդների հետ անձնական զրույցներում, կորպորացիայի ղեկավարների հետ հանդիպումների և նահապետական հասարակություններ կառավարող ազդեցիկ մարդկանց հետ կոշտ զրույցների ժամանակ ես համառորեն պահանջել եմ կանանց հավասարություն և հորդորել եմ միջոցներ ձեռնարկել դրան հասնելու համար:

 

Պաշտոնս ստանձնելու ժամանակ աշխարհի 9 խորհրդարաններում չկար կանանց ներկայացուցչություն: Մեր ջանքերի շնորհիվ այդ թիվը նվազեց` հասնելով 4-ի: 2008 թվականին ես մեկնարկեցի «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունը» քարոզարշավը, և այսօր բազմաթիվ առաջնորդներ ու նախարարներ, հարյուրավոր խորհրդարանականներ ու միլիոնավոր այլ անձինք միացել են այդ կոչին:

 

Ես առաջին տղամարդն էի, ով նախաձեռնեց HeForShe (տղամարդը հանուն կնոջ) քարոզարշավը, և միլիոնավոր մարդիկ միացան այդ նախաձեռնությանը: Ես կանգնեցի այն ակտիվիստների կողքին, որոնք կոչ էին անում հրաժարվել կանանց սեռական օրգանների խեղումից և նրանց հետ տոնեցի մեր հաղթանակը, երբ, Ընդհանուր վեհաժողովը ընդունեց այդ նպատակին հասնելուն ուղղված առաջին բանաձևը: Ես միանում եմ բազմաթիվ մարդկանց կոչերին, ովքեր գիտակցում են, որ կանայք կարող են խթան հանդիսանալ մինչև 2030 թվականը Կայուն զարգացման համարձակ օրակարգի հաջողության հասնելու և կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրի առաջխաղացման գործում:

 

Կանանց միջազգային այս օրը թեպետ ինձ դեռ շարունակում է վրդովմունք պատճառել կանանց ու աղջիկների իրավունքների ժխտման հանգամանքը, այնուամենայնիվ, ինձ հուսադրում են այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են այն հաստատուն գաղափարով, համաձայն որի կանանց զորացումը կարող է նպաստել հասարակության առաջընթացին:  Եկե´ք տրամադրենք հաստատուն ֆինանսավորում և անվեհեր աջակցություն, ինչպես նաև ցուցաբերենք անկոտրում քաղաքական կամք հասնելու գենդերային հավասարության ամբողջ աշխարհում: Մեր ընդհանոր ապագայի համար չի կարող լինել դրանից առավել մեծ ներդրում:

 

Բան Կի Մուն

UN in Armenia

Դիտումների քանակը` 2894

Գլխավոր էջ