Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Ըստ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած նոր Ընտրական օրենսգրքի նախագծի  ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է առաջադրի թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար:

 

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են թեկնածուներ և ձևավորում կուսակցության ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցության դաշինք տարածքային ընտրական ցուցակում  իրավունք ունի առաջարկելու թեկնածուներ, ընդ որում նախատեսվում է առաջարկել առնվազն 5 թեկնածու` յուրաքանչյուր 10 000 ընտրողի հաշվարկով մեկ  թեկնածու: Համապետական  ընտրական ցուցակը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը ընդհանուր կուսակցության ընտրական ցուցակն է, որում պետք է ընդգրկված լինեն թեկնածուները բոլոր տարածքներից, ինչպես նաև կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք: Յուրաքանչյուր ցուցակ պետք է ունենա փոքր հատված` երկրորդ մաս,  որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին:

 

Կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրենց համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմում են տարածքային ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընդգրկվել միայն մեկ տարածքային ընտրական ցուցակում:

 

 

Յուրաքանչյուր ընտրող ընտրում է կամ կուսակցությունը կամ կուսակցության ընտրական  ցուցակից կոնկրետ թեկնածու: Եթե կուսակցության ընտրական ցուցակի թեկնածուն ձայն է ստացել, ապա այդ ձայնը միաժամանակ հաշվվում է նաև կուսակցության օգտին:

 

Այս մոտեցումները արտացոլված են նախագծի 84-րդ հոդվածում, որով նախատեսվում է  կուսակցությունների ընտրական  ցուցակներում կանանց ներկայացվածության ոչ պակաս քան 20 տոկոսը, այսինքն այնքան, ինչքան նախատեսված էր 2011-ին ընդունված Ընտրական օրենսգրքով:

 

Մինչդեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում քվոտայի արդյունավետության վերաբերյալ հետևյալ դիտարկումն է արված.

 

«…Թեկնածուների առաջադրման քվոտայի արդյունավետությունը պետք է վերանայվի, որպես ժամանակավոր հատուկ միջոց` կանանց որպես թեկնածու լինելու իրավունքի և հնարավորության փաստացի հավասարությանը հասնելու նպատակով»: 

 

Ըստ էության նոր նախագծով հաշվի չի առնված այն փաստը, որ նախորդ քվոտան արդյունավետ չի եղել եւ անհրաժեշտություն կա քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Բացի այդ  աշխարհը վերջին հինգ տարվա ընթացքում առաջ է գնացել , նոր ավելի հավակնոտ նպատակներ են հռչակվել, այն է.  մինչեւ 2030 թվականը   հասնել զարգացման  բոլոր բնագավառներում կանանց ու տղամարդկանց 50/50 համամասնությանը:

 

Հոդված 84

 

 

Կուսակցության, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ընտրական ցուցակները

 

  1. Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար:

 

  1. Համապետական ընտրական ցուցակը բաղկացած է երկու մասից:

 

 

  1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 2-րդ համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80 և ոչ ավելի, քան 300 թեկնածու: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել համապետական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

 

  1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

 

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի 1-ին բաժնում 1), 2), 3), 4) թվագրմամբ նշվում են ամենամեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, երկրորդ մասի 2-րդ բաժնում 1), 2), 3), 4) թվագրմամբ նշվում են թվով երկրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, երկրորդ մասի 3-րդ բաժնում 1), 2), 3), 4) թվագրմամբ նշվում են թվով երրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, երկրորդ մասի 4-րդ բաժնում 1), 2), 3), 4) թվագրմամբ նշվում են թվով չորրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները:

 

Յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 և ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում:

 

  1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերում համարակալմամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը): Կուսակցության համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված թեկնածուների համար նշվում է նաև ազգությունը:

 

  1. Կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրենց համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմում են տարածքային ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընդգրկվել միայն մեկ տարածքային ընտրական ցուցակում:

 

  1. Կուսակցության համապետական ընտրական ցուցակը, ինչպես նաև տարածքային ընտրական ցուցակները հաստատվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ, իսկ կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ընտրական ցուցակները՝ սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով: Ընտրական ցուցակի բոլոր էջերը կնքվում և ստորագրվում են կուսակցության (դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձի կողմից:

 

  1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում կարող է ընդգրկվել առավելագույնը մեկ թեկնածու՝ այդ տարածքի յուրաքանչյուր 10000 ընտրողի հաշվարկով, բայց ոչ պակաս, քան 5 թեկնածու: Յուրաքանչյուր կուսակցության տարածքային ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը, սույն մասով սահմանված կանոնի հիման վրա, սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունները նշանակելուց հետո՝ 10 օրվա ընթացքում:

 

  1. Ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը:

 

  1. Ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում նշվում են պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:

 

Ընտրական օրենսգրքի նախագիծը եւ ուղեկցող բոլոր փաստաթղթերը հասանելի են ՀՀ Կառավարութան կայքում .

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»

Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

 

Դիտումների քանակը` 3479

Գլխավոր էջ