Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով
Այսօր կայացած նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և կներկայացնի այն Ազգային ժողով:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ նախագծի վերջնական տարբերակը կձևավորվի ակտիվ քաղաքական քննարկումների միջոցով, որոնց հիմնական բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ, այդ իսկ պատճառով էլ քննարկումների մեծ մասը կկայանան Ազգային ժողովում: «Այսպիսով՝ ազդարարում ենք հանրային քննարկումների փուլը, որը պետք է տեղի ունենա խորհրդարանում: Քննարկումները կշարունակվեն մինչեւ հունիսի 1-ը, երբ, համաձայն Սահմանադրության փոփոխությունների, պետք է ուժի մեջ մտնի նոր Ընտրական օրենսգիրքը»,- ասել է Հարությունյանը:
Ակնկալվում է, որ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները կսկսվեն մարտի 14-17-ին կայանալիք հերթական քառօրյայի ժամանակ:
«Նախագծում ընդունել ենք հիմնականում վերջին երկու ընտրությունների արդյունքներով ներկայացված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտողություններն և առաջարկությունները»,- ասաց Հարությունյանը:
Նա շեշտադրել է Ընտրական օրենսգրքում տեղ գտած առնվազն երկու կարևոր նորամուծություն: Մասնավորապես, առաջարկվում է Երևանի օրինակով, այժմ նաև Գյումրու և Վանաձորի ավագանիները ընտրել համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետները կընտրվեն արդեն ավագանու կողմից, ինչպես Երևանում: Ընդ որում, առաջարկվում է, որ երկու քաղաքներում էլ ավագանու կազմը լինի 33 հոգի: Բացի երեք մեծ քաղաքներից՝ այլ համայնքների ղեկավարների և ավագանու ընտրությունը և դրա քվեարկության ընթացակարգը մնացել է նույնը:
«Սա առաջին քայլն է, և կարծում եմ, որ այս ցանկը հետագայում կընդլայնվի, ու մենք կգնանք քաղաքական ուժերի դերի մեծացման համայնքներում»,- ասել է Դավիթ Հարությունյանը:
Մյուս նորամուծությունը, որը անմիջապես բխում է Սահմանադրությունից, ԱԺ-ն պետք է ձևավորվի համամասնական ընտրությունների արդյունքում, մեծամասնականի տարբերակն այլևս չի նախատեսվում:
Խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են: Դրանք տեղի են ունենալու բացառապես համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով): Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է առաջադրի թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար : Ցուցակների մեջ ընդգրկված թեկանածուների սեռային համամասնությունը չի փոխվել , այն 20/80 է կազմում ( առավել մանրամասն այստեղ) :
41 ընտրատարածքի փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը` մարզերում: Վայոց ձորն ու Սյունիքը այսուհետ մեկ տարածք են կազմելու: Երևանի տարածքում կազմավորվելու են 4 ընտրական տարածքներ:
Ըստ նախագծի` նոր Ազգային ժողովում լինելու է նվազագույնը 101 պատգամավոր:
Ընտրական օրենսգրքով սահմանված է նաև կայուն խորհրդարանական մեծամասնության մոդելը, որը կազմելու է պատգամավորների 54 տոկոս:
Եթե ԱԺ ընտրությունների արդյունքում որևէ ուժ չստանա մանդատների 54 տոկոսը (առնվազն 53 մանդատ), ընդունվում է մանդատների բաշխման նախնական որոշում, որից հետո երեք օրվա ընթացքում ընտրական շեմը հաղթահարած ցանկացած կուսակցություն կամ դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել առավելագույնը երկու կուսակցությունների հետ՝ եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար, և նրանք վարչապետի թեկնածուի վերաբերյալ համաձայնության են եկել:
Հակառակ դեպքում նախատեսվում է քվեարկությունից 21 օր հետո անցկացնել Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլը, որին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններն ու դաշինքները:
Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը կամ դաշինքը ստանում է այնքան մանդատ, որ իր պատգամավորների ընդհանուր թիվը կազմի ԱԺ-ի 54 տոկոսը: Եթե հաղթող ուժը (լինի առաջին, թե երկրորդ փուլի արդյունքում) ստանում է մանդատների 2/3-ից ավելին, այդ դեպքում մանդատներ են բաշխվում մյուս ուժերին, որ ունենան ԱԺ-ի առնվազն 1/3-ը:
Օրենսգրքով առաջարկվում է երաշխավորված տեղեր հատկացնել առավել խոշոր 4 ազգային փոքրամասնություններին:
Դավիթ Հարությունյանի խոսքով` նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ որևէ առաջարակ չի մնալու առանց ուշադրության: Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ քննարկմանը:
Ընտրական օրենսգրքի նախագիծը եւ ուղեկցող բոլոր փաստաթղթերը հասանելի են ՀՀ Կառավարութան կայքում .
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով
Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով
Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»
Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
Դիտումների քանակը` 3687