Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն
Կանանց թիվը ՀՀ Կառավարության աշխատակազմում 2010-ից ի վեր ավելացել է 39%-ից մինչև 45,8%, սակայն դա միայն թվացյալ հավասարություն է, քանի որ որոշումների ընդունման մակարդակում նրանք պակասում են: Դրա մասին են վկայում քաղաքական և հայեցողական պաշտոններում կանանց ներկայացվածության մասին վերջին տվյալները:
Իհարկե, կան նախարարություններ, որտեղ մասնագիտական որոշումների համար պատասխանատու վարչության պետերի զգալի մասը կանայք են (խոսքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասին է), բայց հստակ է ու անժխտելի՝ կանայք հազվագյուտ են զբաղեցնում այնպիսի պաշտոններ, որոնք այս կամ այն բնագավառում քաղաքական և ռազմավարական նշանակության որոշումներ կայացնելու մակարդակ են համարվում:
Հայաստանի գործադիր իշխանության քաղաքական պաշտոններում 20 նախարարներից ( ներառյալ աշխատակազմի ղեկավար-նախարարի) միայն 3-են կին (15%)՝ Արդարադատության նախարարը, Մշակույթի նախարարը և Սփյուռքի նախարարը: Դա մեծ ձեռքբերում է համարվում, քանի որ նախարարների կաբինետի կազմում երբեք երկուսից ավել կին-նախարար չի եղել:
Հետաքրքիր է, սակայն փաստ, կին նախարարի ավելացման հետ մեկտեղ գրեթե կրկնակի պակասեց կին փոխնախարարների թիվը: Հայեցողական պաշտոններում մոտ 80 փոխնախարարներից 4-ն են կին (5%), թեպետ ոչ վաղ անցյալում նրանք 7- էին:
Ինչ վերաբերում է վարչապետի անմիջական շրջապատին, ապա փոխվարչապետը՝ Վաչե Գաբրիելյանն է, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը Դավիթ Հարությունյանն է (վերջինիս երկու տեղակալներից մեկը կին է): Հովիկ Աբրահամյանի չորս օգնականներից միայն մեկն է կին, իսկ ահա 9 խորհրդականների թվում կանայք չկան: Անմիջական աշխատակազմից միայն մամուլի խոսնակն է կին:
Իրավիճակը քիչ թե շատ բարվոք է Կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներում՝ 21 ստորաբաժանումներից 7-ի պետերը կանայք են: Պետք է նշել, որ կանանց ներկայացվածությունը կառավարման մարմինների աշխատակազմերում չի դիտարկվում որպես կանանց մասնակցություն որոշումների ընդունման մակարդակում ՝ բացառությամբ քաղծառայության բարձրագույն պաշտոններից, որոնք որոշակի ազդեցություն ունեն որոշումների ընդունման գործընթացների վրա:
Ու թեպետ, Նախարարությունների աշխատակազմերում կանանց ամենաբարձր ներկայացվածությունը Կրթության և գիտության նախարարության կազմում է՝ 67%, իսկ ամենացածրը ՝ տրանսպորտի և կապի նախարարությունում ՝ 33%, սակայն քաղծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը չի գերազանցում 14%-ը:
Ինչ վերաբերում է Կառավարությանն Առընթեր գործող վեց մարմիններին՝ ՀՀ Ոստիկանություն, Անշարժ գույքի կադաստր , Պետական գույքի կառավարում և այլն, ապա այստեղ և ոչ մեկի ղեկավարը կին չէ:
Կանանց նման մասնակցությունը, ավելի ճիշտ՝ նրանց դե ֆակտո բացակայությունը գործադիրի կազմում հանգեցնում է նրան, որ կանայք ի պաշտոնե զրկված են նաև ներկայացված լինելու կարևոր հանձնաժողովներում: Օրինակ՝ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովում, որի անդամները նախարարների տեղակալներ ու օգնականներ են, 25 անդամներից միայն 3-ն են կանայք, այն էլ ոչ կառավարության կազմից. «Հայկական կարմիր խաչի» ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, «Ազնավուրը՝ Հայաստանին» կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Մադլեն Մարտիրոսյանը և «Հայ օգնության միություն» բարեգործական ՀԿ Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանը: Ավելորդ է նշել, որ վերջերս ստեղծված ՀՀ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում և ոչ մի կին չկա… Նույնիսկ ՀՀ վարչապետին կից Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդի կազմում հավասարություն չկա. 18 անդամներից 5-ն են կին ( 28%):
Կառավարության միջանցքներով շրջայցն ավարտելով, հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականին ընդունված ՀՀ գենդերային քաղաքականության ռազմավարական ծրագրով (2011-2015 թ.թ.) նախատեսվում էր.
«Ձեռնարկել հատուկ միջոցներ ապահովելու կանանց 30% ներկայացվածությունն օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների որոշումների ընդունման մակարդակներում»: Առ այսօր ծրագրի այս կետը դեռևս իրագործված չէ:
Է. Մակարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»
Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
Դիտումների քանակը` 4279