ՏԻՄ ընտրություններ. կանայք մեծ թվով ձայներ են հավաքել
Դեկտեմբերի 6-ին կայացած տեղական կառավարման մարմինների ընտրութունների արդյունքում Հայաստանում կին համայնքապետերի թիվը չավելացավ: Նախապես տեղեկացրել էինք, որ անցած կիրակի գյուղապետ էին ընտրելու 27 համայնքներում: Դրանից միայն երկուսում՝ Լոռու մարզի Արծնի գյուղում և Սյունիքի Չափնի գյուղում էին կանայք առաջադրված:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված նախնական տվյալների համաձայն, Չափնիում ինքնաառաջադրված Անահիտ Ավետիսյանը ստացել է 17 ձայն, նրա մրցակից՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Նորայր Թումանյանը ստացել է 20 ձայն:
Արծնիում անկուսակցական Լորինա Խաչանեսյանն առավել մեծ տարբերությամբ է պարտվել: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 21 ընտրող, իսկ մյուս թեկնածուն՝ ՀՀԿ կողմից առաջադրված Խնեգո Խաչանեսյանը ստացել է 71 ձայն:
Նույն օրը համայնքի ավագանու անդամների ընտրություններ էին նշանակված Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի 8 համայնքներում: Այս ընտրություններում կանայք համեմատաբար ակտիվ էին:
Ինչպես ներկայացրել էր WomenNet.am-ն.
Գեղարքունիքի Դդմաշեն համայնքում ավագանու անդամի 9 թեկնածու է առաջադրվել, նրանցից միայն մեկն է կին՝ ՀՀԿ-ական, գյուղի դպրոցում որպես ուսուցչուհի աշխատող Ժաննա Սարգսյանը: Նշենք, որ այս գյուղի գործող ավագանու վեց անդամների թվում ոչ մի կին չկա: Դեկտեմբերի 6-ի ընտրություններում հենց Ժենյա Սարգսյանն է ստացել առավելագույն թվով ձայներ՝ 205: Նրա մյուս մրցակիցներից մեկը ստացել է 159 ձայն, մյուսները՝ 88, 83, 82…
Գեղարքունիքի Նորաբակ գյուղում էլ առաջադրված է վեց թեկնածուներից մեկն էր կին: Անկուսակցական Նանար Մկրտչյանը ստացել է 24 ձայն ու կընդգրկվի համայնքի ավագանու կազմում: Այս գյուղում էլ ավագանու բոլոր հինգ անդամները տղամարդիկ են:
Լոռու մարզի Արծնի գյուղում ավագանու վեց թեկնածուից երեքը անկուսակցական կանայք են՝ Արմինե Հովսեփյան, Վերչալույս Փնջոյան, Իրինա Քոթոյան: Գյուղի ավագանին կազմված է հինգ անդամից: Դատելով ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներից, ոչ բոլոր կանայք հնարավորություն կունենան ընդգրկվել ավագանու կազմում. առաջադրված բոլոր թեկնածուներից առավել քիչ թվով ձայներ՝ 7 ստացել է Արմինե Հովսեփյանը: Մյուս երկու կանայք ստացել են 10 և 15 ձայն, կընդգրկվեն ավագանու կազմում:
Շիրակի մարզի Անուշավան գյուղում 7 անդամից բաղկացած ավագանու համար առաջադրվել էր 8 մարդ, որից երկուսը կանայք: Անկուսակցական, ուսուցչուհի Ռոզա Հակոբյանի օգտին քվեարկել է 132 ընտրող, իսկ Մանե Բայադյանը՝ 120 ձայն: Նրանք երկուսն էլ կընդգրկվեն ավագանու կազմում:
Շիրակի մարզի Արևիկ համայնքում ավագանու անդամի համար գրանցված 8 թեկնածուներից մեկն է կին՝ մանկավարժ, անկուսակցական Կարինե Գաբրիելյանը: Գյուղի ավագանին կազմված է յոթ անդամներից: Նա ստացել է 105 ձայն, կընդգրկվի ավագանու կազմում:
Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ավագանու անդամի համար գրանցված է 6 թեկնածու, նրանցից երեքը կանայք են՝ ՀՀԿ-ական Անգելինա Վերդյանը, ով գործող ավագանու անդամ է, անկուսակցական Մարիեն Սաղաթելյանն ու Մարինե Երանյանը: Անգելինա Վերդյանը ստացել է 44 ձայն, Մարինե Սաղաթելյանը՝ 30 ձայն, Մարինե Երանյանը՝ 31 ձայն: Ավագանին կազմված է հինգ անդամից: Նրանք բոլորն էլ կընդգրկվեն ապագա ավագանու կազմում:
Սյունիքի մարզի Նժդեհ համայնքում ավագանու համար առաջադրված է 6 թեկնածու, որից երեքն անկուսակցական կանայք են՝ Աիդա Օհանյան, Շուշան Հակոբյան, Ռուզաննա Դիլանյան: Նշենք, որ այս համայնքի գործող ավագանու բոլոր հինգ անդամները կանայք են, առաջադրված կանանցից երկուսը Աիդա Օհանյանը և Ռուզաննա Դիլանյանն այդ ավագանու կազմում են: Ռուզաննա Դիլանյանը ստացել է 11 ձայն, Շուշան Հակոբյանը՝ 7 ձայն, Աիդա Օհանյանը՝ 12 ձայն: Կանանցից երկուսը կընդգրկվեն ավագանու կազմում:
Կարդացեք թեմքյի շուրջ մեր կայքում.
Դիտումների քանակը` 3195