Սեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի աղջիկ հրամանատարը

«Իմ փորձից եմ ասում, ցանկացած մասնագիտության մեջ սեռային տարբերություն չկա, կարեւորը մարդ իր աշխատանքին մեծ պատասխանատվությամբ մոտենա: Ցանկացած արգելք, դժվարություն հաղթահարելու համար կամքի ուժ է հարկավոր: Իմ մոտ դա , կարծես  թե, ստացվում է»,-  ասում է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով 2014թ-ից նշված ջոկատի հրամանատարությունը ստանձնել է ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, 34-ամյա Էվելինա Խաչատրյանը:  Մամուլն՝ անդրադառնալով հրամանատարի պաշտոնում երիտասարդ աղջկա նշանակմանը՝  ԱԻՆ համակարգի պատմության մեջ աննախադեպ համարեց այն:

 

«Այստեղ միայն ես եմ իգական սեռի ներկայացուցիչ, եւ հավաքարարը»,-ժպտալով նշում է ծնունդով լճաշենցի Էվելինան: Փրկարարությունն իրականում նրա երազանքի մի մասը չի եղել, դեռ փոքրուց երազել է իրավաբանի մասնագիտություն ստանալու մասին: Մեծանալով հասկացել է, որ այդ մասնագիտությունն իր էությանը խորթ է: Սովորել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան  պետական լեզվաբանական համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետում` ստանալով գերմաներեն-անգլերեն լեզուների ուսուցչուհու որակավորում: Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, գերմաներենին:  Մովսես Խորենացու անվան համալսարանի Սեւանի մասնաճյուղում 2 տարի գերմաներեն է դասավանդել: Սեւանի ակնաբուժական կլինիկայում նաեւ օպերատոր է աշխատել:

 

Դպրոցական տարիներից լողալ իմացող Էվելինան պրոֆեսիոնալ լողով զբաղվել է ուսանողական տարիներին: Մանկավարժական գործունեությանը նախորդել է «Հայկական Կարմիր Խաչ» (ՀԿԽԸ) ընկերությունում կամավորությունը: 2005-2010թթ.-ին ՀԿԽԸ-ում ջրափրկարարության ծրագրի հրահանգիչ է եղել:

 

«Շահեցի ջրափրկարարության ծրագիր, որը ֆինանսավորվեց «Գերմանական Կարմիր Խաչ» ընկերության կողմից: Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում անցկացրի բազմաթիվ դասընթացներ, վերապատրաստում էինք կամավոր ջրափրկարարների: Փորձի փոխանակման համար գործուղվեցի Սերբիա, այնուհետեւ Գերմանիայի Մյունխեն քաղաք: Վերադարձից հետո շարունակեցի պրակտիկ եւ տեսական դասընթացները»,-ասում է նա: Վերջինիս խոսքով` ճակատագրի գործոնն էլ իր դերն ունեցել է ջրափրկարարի մասնագիտության հարցում: Ընտանիքը ոչ միայն դեմ չի եղել, այլեւ բոլոր հարցերում սատարել է Էվելինային: Մայրն է աղջկան ուղղորդել դեպի Արտակարգ իրավիճակների նախարարություն` աշխատանքի ընդուվելու  համար:

 

«Այդքան խորը չէի մտածում,  չէի գնա  ԱԻ նախարարություն, եթե մայրս ինձ չհուշեր , որ լողի իմ ունեցած գիտելիքները կարող են անմիջական կապ ունենալ ԱԻ ծառայության հետ, շնորհակալ եմ նրան դրա համար: Նախարարն ընդունեց ինձ, տեսավ ինչ մասնագետ եմ: Այն ժամանակ դեռ հատուկ նշանակության ջրափրկարարական աշխատանքների իրականացման խմբի հրամանատարի տեղակալ էի, փրկարար ծառայության լեյտենանտ»,-պատմում է Է. Խաչատրյանը:

 

Նա լրջությամբ ու մեծագույն հավատով է մոտենում իր աշխատանքին: Մտավախություն ունեցել է, որ հասարակության կողմից ճիշտ չի ընկալվի ընտրած մասնագիտությունը, բայց ի ուրախություն Էվելինայի` հրամանատարի պաշտոնում նշանակվելը չի զարմացրել անգամ կոլեկտիվի արական սեռի ներկայացուցիչներին:

 

Ասում է, որ փրկարարի համար 24 ժամն անգամ չի բավականացնում. «Փրկարարի աշխատանքը իրականում  ունի սկիզբ, իսկ ավարտը չկա: Մեր ջոկատում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն` 4 հերթափոխով, եւ ես, լինելով ջոկատի հրամանատար, միշտ իրենց կողքին եմ: Ինձ եւս աշխատանքի հստակ ժամ չկա, առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան ժամը 6-ը չենք սահմանափակվում, անհարաժեշտության դեպքում  ծառայում ենք մինչեւ վերահաս վտանգը կասեցվի, մարդկանց կյանքին վտանգ չսպառնա: Մեծ մասամբ աշխատում եմ դեպքերին ներկա լինել, քանի որ փորձը ինձ էլ է անհրաժեշտ, յուրաքանչյուր դեպքի ժամանակ բոլորս էլ նոր բաներ յուրացնում ենք: Ցանկացած դեպք իր յուրահատկությունն ունի»,-նշում է նա: Այսօրվա պես հիշում է առաջին սուզումը` 2013թ-նն էր, Սեւանա լճում, 3-3,5մ խորություն եւ ընդամենը կես ժամ: Ընկերոջ` Վահեի հետ է սուզվել, հաղթահարել է սկզբնական վախը: Առաջին սուզումից հետո Սեւանա լճի ավելի խորը հատվածներ է նվաճել: Նա անձամբ մարդկային կյանքեր չի փրկել: Ասում է, որ փրկարարի աշխատանքը սառնասրտություն է պահանջում: Մի դեպք, սակայն, չի ջնջվում նրա հիշողությունից:

 

«Մայիսին էր…  Ահազանգ ստացվեց, որ Դդմաշեն-Ծաղկունք գյուղերի միջակայքում ավտովթար է տեղի ունեցել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հասանք դեպքի վայր, մեքենան ջարդված վիճակում էր, երիտասարդ տղամարդը դուրս էր թռել մեքենայից, մահացել, աննկարագրելի վիճակում էր, շատ դաժան տեսարան էր»,-  վերհիշում  է ջոկատի հրամանտարը: Յուրաքանչյուր դեպքից հետո ջոկատով քննարկում են, վերլուծում կատարած աշխատանքները, փորձում շտկել թերությունները:

 

Էվելինան տպավորված է վերադարձել վերապատրաստման նպատակով Ճապոնիա գործուղումից: Աշխարհի շատ երկրների ներկայացուցիչների հետ նա մասնակցել է «Աղետների եւ ռիսկի կառավարումը համայնքներում» թեմայով դասընթացին: Վերջինիս խոսքով` Հայաստանը եւ Ճապոնիան սեյսմիկ ակտիվության  առումով նմանություններ ունեն:

 

«Մարդկային մեկ կյանքը Ճապոնիայի համար մեծ արժեք ունի: 95թ.-ին իրենց մոտ երկրաշարժ է տեղի ունեցել, մեծ ավերածություններ են եղել, ինչպես 88թ.-ին մեզ մոտ Սպիտակի երկրաշարժը: Ճապոնիայում մեծ դասեր են քաղել դրանից: Մեզ տարան նաեւ երկրաշարժից տուժած վայրերը, որոնք ոչինչ չէին հիշեցնում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Ընդամենը մեկ-երկու շենք էր պահպանված որպես մշակութային նմուշ, հուշարձան: Խոսեցինք աղետը վերապրածների հետ, պատմեցին, թե ոնց են փրկվել, իրենց խորհուրդները տվեցին, թե նմանատիպ աղետներից ինչպես պաշտպանվել: Այնտեղ նույնիսկ փոքր երեխաները գիտեն ինչպես պաշտպանվել վերահաս աղետից, աղետների վերաբերյալ առարկաներ են դասավանդվում դպրոցներում»,-պատմում է նա:

 

Էվելինան բնույթով իրատես է, երազանքներ էլ չի կառուցում, որ հետո հիասթափություն չապրի, փորձում է իրականության զարկերակը պահել:

 

Արփինե Մինասյան,

Գեղարքունիքի մարզ

Դիտումների քանակը` 4549

Գլխավոր էջ