Մրցանակներ երեխաների առողջության, սնուցման և խնամքի հիմնահարցերը լուսաբանելու համար
Այսօր հայտնի դարձան երեխաների առողջության, սնուցման և խնամքի հիմնահարցերի լուսաբանմանն նվիրված լրագրողական մրցույթի հաղթողները: Խրախուսական մրցանակների են արժանացել WomenNet.am կայքում հրապարակված երկու հոդվածները` Նունե Հովսեփյանի «Մտահոգող ցուցանիշներ` թերսնուցում և թերքաշություն․ պայքար հանուն առողջ սերնդի» եւ Նելլի Բաբայանի «Երեխաներին ճիշտ սնելն այնքան էլ գումարի խնդիր չէ» հոդվածները:
Մրցույթը հայտարարվել էր 2015թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության կողմից: Այն նպատակ ուներ խրախուսել երեխայի խնամքի, առողջության և սնուցման թեմաներով հավասարակշռված լուսաբանումը:
Առողջապահության և մեդիա ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրին գնահատել էր 23 լրագրողական նյութ, որի արդյունքում ընտրվեցին երկու հիմնական և վեց խրախուսական մրցանակներ: Հիմնական երկու մրցանակները՝ պլանշետների տեսքով ստացան Լիանա Մարգարյանը՝ ռադիո «Վան»-ի լրատվական ծառայությունից և Աստղիկ Կարապետյանը` Իրավաբան.նեթ լրատվական կայքից: Խրախուսական մրցանակներ ստացան Լիլիթ Տերտերյանը (Հանրային հեռուստատեսություն), Տիգրան Հովակիմյանը («Քյավառ» հեռուստաընկերություն), Գայանե Մկրտչյանը (ԱրմենիաՆաու), Նելլի Բաբայանը (WomenNet.am), Նունե Հովսեփյանը (WomenNet.am) և Ամալյա Գաբրիելյանը (NEWS.am Medicine):
«Հայաստանում երեխաների 19 տոկոսն ունեն թերաճություն՝ այսինքն նրանց հասակը հետ է մնում տարիքային միջինից: Սա ոչ միայն աղքատության կամ ընտանիքի միջոցների անբավարարության հետևանք է, այլև գիտելիքների պակասի, տեղեկացվածության բացի ու դրա վստահելի աղբյուրների բացակայության արդյունք: Խնդիրների լուծման հարցում լրագրողների դերը շատ կարևոր է՝ երեխայի առողջության հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման, նաև լավագույն փորձն ու ճիշտ գործելակերպերը ներկայացնելու համար»,- նշեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առողջապահության ծրագրի ղեկավար Միհրան Հակոբյանը:
Մրցույթը կազմակերպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից՝ ՀՀ Առողջապահության նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը առաջին 1000 օրերի ընթացքում՝ հղիությունից մինչև երկու տարեկան:
«Ծրագրի ընթացքում բավականին աշխատանք է կատարվել Հայաստանի բոլոր մարզերում բուժաշխատողների վերապատրասման, նրանց խորհրդատվական հմտությունների զարգացման և ծնողների իրազեկման ոլորտում: Սակայն բուժաշխատողների կողմից իրականացվող խորհրդատվությունը հասանալի է միայն սահմանափակ թվով մարդկանց: Այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք զանգվածային լրատվամիջոցների դերը հանրության լայն շրջանների իրազեկման հարցում¦,- նշեց ԱՄՆ ՄԶԳ Առողջապահական ծրագրերի ղեկավար Աստղիկ Գրիգորյանը:
Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանի ներկայացմամբ ծրագրի շրջանակներում մինչ օրս մոտ 9000 վաղ հասակի երեխաների ծնողներ են մասնակցել երեխաների սնուցման և խնամքի թեմաներով դասընթացների և հանրային միջոցառումների և տեղեկացել երեխաների սնուցման և պատշաճ խնամքի հարցերի շուրջ: “Այս ամենը կնպաստի ընտանիքներում երեխաների առողջ սնուցման և պատշաճ խնամքի ձևավորմանը», – հավելեց նա:
WomenNe.am –ը շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին` նորանոր հաջողություններ մաղթելով նրանց:
P.S. Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքի բոլոր նյութերը “Առողջ սնունդը եւ կանայք” խորագրի ներքո, ինչպես նաեւ միացեք “Սննդի անվտանգությունը կանանց ձեռքերում է” ֆեյբուքյան մեր խմբին:
Դիտումների քանակը` 3833