Միգրացիան աշխարհում եւ Հայաստանում

Այսօր Միգրանտների միջազգային օրն է. հենց այս  օրն է   1990թ-ին ընդունվել  «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության» ՄԱԿ-ի կոնվենցիան:  

 

«2015-ը կմտնի պատմության մեջ որպես միգրանտների տառապանքների եւ ողբերգությունների տարի:  Վերջին 12 ամսվա  ընթացքում, ավելի քան 5000 տղամարդ, կին եւ երեխա է մահացել՝ փորձելով գտնել պաշտպանություն  եւ կյանքի ավելի լավ պայմանների. Տասնյակ հազարավոր մարդիկ շահագործման եւ դաժան վերաբերմունքի  զոհ դարձան», -ասված է   ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձում, որով նա կոչ է անում լուծումներ տալ միգրանտների հետ կապված խնդիրներին:

 

Միջազգային միգրացիայի աճի միտումները համաշխարհային հանրությանը մտահոգող խնդիրներից մեկն է դարձել: Գլոբալիզացիան, ժողովրդագրական աճը, զարգացող և զարգացած երկրների կենսամակարդակների անհավասարությունը, այլ բազմաթիվ քաղաքական և սոցիալ-տնտեսական գործոններ նպաստում են ամբողջ աշխարհում միգրացիոն գործընթացների անընդհատ աճին: Նշենք, որ միջազգային միգրացիան դա անհատների կամ խմբերի մշտական բնակավայրի փոփոխության գործընթաց է, որն արտահայտվում է այլ երկիր տեղափոխման ձևով։ Միգրանտը, դա մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով մի երկրից այլ երկիր տեղափոխված անձն է։ Բոլոր երկրներն էլ հանդիսանում են միջազգային միգրացիայի ծագման, տրանզիտի և վերջնական հանգրվանի տարածքներ, այդ պատճառով բոլոր երկրներն էլ առնչվում են այս երևույթի դրական և բացասական հետևանքներին:

 

Հայաստանում նույնպես միգրացիան աճում է: Մասնագետներն առանձնացնում են միգրանտների 4 տիպեր՝ մշտական, սեզոնային, երկարատև ու կրթական: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի կողմից  կատարված հետազոտության՝ Հայաստանում միգրանտների ամենամեծ թվով աչքի են ընկնում Շիրակի ու Գեղարքունիքի, ապա Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերը: Միգրացիայի պատճառները կարելի է դասակարգել երկու խմբի՝ սոցիալ-տնտեսական (աշխատանքի բացակայություն և ցածր աշխատավարձեր) ու մարդկային զարգացման (պրոֆեսիոնալ աճ և ինքնաիրացում, որակյալ կրթություն, առողջապահական կարիքներ):

 

Հայաստանցի միգրանտների համար ամենանախընտրելի երկրներն են՝ Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները:  ՀՀ  Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Միգրացիոն գործընթացները 2011-2014 թթ» հետազոտության արդյունքների համաձայն՝ տնային տնտեսությունների (տ/տ) 8.9%-ը 2011-2014թթ. ներգրավված են եղել արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում, որոնք կազմել են 15 և բարձր տարիքի անդամների 10.3%:

 

Ըստ 2014թ. ՏՏԿԱՀ արդյունքների՝  2011- 2014թթ. արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների 15 և բարձր տարիքի անդամների` 19.6%-ի տեղաշարժերը 2014թ. դրությամբ եղել են ներհանրապետական` Երևան քաղաքում/ՀՀ մարզերում, 10.1%-ը` ԼՂՀ-ում, իսկ մնացած 70.3%-ը` միջպետական, որի գերակշիռ մեծամասնությունը` 89.6%-ը Ռուսաստանի Դաշնությունում:

 

Միգրացիոն գործընթացներում ներգրավված և մեկնումներից վերադարձածների  74.3%-ի բացակայության տևողությունը կազմել է մինչև մեկ տարի (այդ թվում՝ 31.2%-ի բացակայությունը կազմել է երեք ամիս և պակաս), իսկ 25.7%-ինը` մեկ տարի և ավելի: Ընդ որում, վերադարձածների շուրջ 70% Ռուսաստանի Դաշնությունից է: 2011-2014թթ.-ին իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2014թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած, 15 և բարձր տարիքի տնային տնտեսությունների անդամների 14.3%-ի բացակայության տևողությունը հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել է՝ 3 ամիս և պակաս, 51.1%-ինը՝ 4-12 ամիս, իսկ 34.6%-ինը՝ մեկ տարի և ավելի:

 

Հետազոտության արդյունքներով՝ 2011- 2014թթ. 3 ամիս և ավելի տևողությամբ Հայաստանից մեկնած և 2014թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած միգրանտների միջին տարեկան գնահատականը կազմել է շուրջ 28.2 հազ. մարդ:

 

Ողջ աշխարհում  ավելացել է ներգաղթյալների թիվը

 

Վերջերս Կովկասի ինստիտուտում կազմակերպված «Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա արտագաղթը և դրա հետևանքները Հայաստանի վրա» խորագրով քննարկմանն ժամանակ Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրեց,   որ այս տարվա ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Եվրոպա տեղափոխվել է շուրջ 800 հազար ներգաղթյալ։

 

Նրա խոսքերով՝ ողջ աշխարհում իր երկիրը լքել և փախստականի կարգավիճակ է ձեռք բերել 60 միլիոն մարդ: Ըստ Իլոնա  Տեր-Մինասյանի՝  ներգաղթյալներն իրենց ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների, ինչի հետևանքով միգրացիոն հոսքերի ընթացքում ավելի քան 4000 ներգաղթյալ մահացել է ճանապարհին: «Ներգաղթյալները ցանկանում են գտնել կայունություն, ցանկանում են ապրել առանց պատերազմների և արյունահեղության, ցանկանում են գտնել անվտանգություն իրենց երեխաների համար, սակայն դրան հասնում են մեծ վտանգի, շատ հաճախ կյանքի գնով»,- ասաց նա:

 

 

Խոսելով միգրանտների  նկատմամբ  վերաբերմունքի մասին Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ  Միգրացիայի միջազգային կազմակերության կողմից 140 երկրներում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ   Եվրամիությունում համամետաբար միակ հանդուրժող պետությունը Ֆրանսիան է, որտեղ բնակչության 46 տոկոսն է դեմ ներգաղթյալների հոսքին: Ու թեպետ  հասարակության կրթված զանգվածը առավել հանդուրժող է ներգաղթյալների հանդեպ, այդուհանդերձ, հետազոտությունը ցույց է տվել, որ  եվրոպացիները այնքան էլ հանդուրժող չեն միգրացիոն հոսքերի նկատմամբ: Այսպես, Իտալացիների 52%-ը համարում է, որ պետք է կրճատվի ներգաղթյալների թիվը, Մեծ Բրիտանիայում 10-ից 7-ն է այդպես է կարծում, իսկ գերմանացիների 61 տոկոսը կարծում է, որ ներգաղթյալներն այնպիսի աշխատանք են կատարում, որը հարիր չէ կատարել եվրոպացուն»,- նշեց  Իլոնա Տեր-Մինասյանը

 

Սիրիայում պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են բռնել Եվրոպայի ճանապարհը:  Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ,  այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ հակամարտությունից ի վեր միայն  Իտալիան ընդունել է շուրջ 141 հազար փախստականի, Սերբիան և Խորվաթիան՝ 300 000-ից ավելի փախստականի:

 

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն էլ նշեց, որ Սիրիայի հարևան երկրների ճամբարներում գտնվում է 3,5-4 մլն փախստական, որից 2 մլն-ը՝ Թուրքիայում, 1.5 մլն-ը՝ Լիբանանում, ինչպես նաև կան փախստականներ Հորդանանում, Իրաքում: Փախստականները հիմնականում ապրում են ճամբարներում, մինչդեռ Հայաստան տեղափոխված սիրահայերը  ապրում են կամ հարազատների տանը կամ էլ վարձով բնակարաններում:

 

Անդրադառնալով սիրիահայերի՝ Հայաստան հոսքին, Հ. Միքայելյանն ասաց, որ հիմնական հոսքը գրանցվեց 2012-ին, երբ 5-6 հազար սիրիահայ եկավ Հայաստան: 2013-2014-ին այնքան էլ ինտենսիվ չէր հոսքը, իսկ 2015-ին կրկին հոսքն ակտիվացել է:  Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստան է տեղափոխվել 13-16 հազար սիրիահայ, շատ սիրահայեր էլ տեղափոխվել են Լիբանան. նրանց թիվը հասնում է շուրջ 20 հազարի:  Կան սիրահայեր էլ, որոնք մեկնել են այլ երկրներ՝ հիմնականում Եվրոպա: Ոչ պաշոտնական տվյալներով այսօր Սիրիայում  դեռ 30-35 հազար սիրիահայ է ապրում:

 

 

«Սիրիահայերը Հայաստանում չեն ապրում ճամբարներում, ինչպես փախստականներ, այլ ապրում են վարձու բնակարաններում, փորձում են ինտերգրվել, երեխաներին կրթություն տալ և այստեղ աշխատել: Իհարկե նրանք աջակցություն են ստանում նաև ՀՀ կառավարությունից»,- ասաց նա, նկատելով, որ այդուհանդերձ, բազմաթիվ սիրիահայեր էլ հեռացել են, նրանք  Հայաստանը օգտագործել են որպես տարանցիկ երկիր: Փորձագետը նաև հայտնեց, որ սիրիահայերից բացի այլ ազգի փախստականներ Հայաստան չեն եկել:

 

 

Նշենք, որ  ՄԱԿ ՓԳՀ –ի գրասենյակը, ըստ իր առաքելության զբաղվում է    փախստականներով, այսինքն, մարդկանցով, ովքեր փախչում են  պատերազմներից, քաղաքական հետապնդումներից եւ բնական աղետներից, եւ, հետեւաբար, կարիք ունեն միջազգային պաշտպանության. Միգրացիայի միջազգային  կազմակերպությունը զբաղվում է   միգրացիայի կարգավորման, այս ոլորտում համագործակցության զարգացման խնդիրներով: Միգրացիոն գործընթացները,ըստ  ՄՄԿ մոտեցումների, սերտորեն  կապված են  տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման, ինչպես նաեւ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման  հետ:

 

Մ.Մարգարյան

 

Դիտումների քանակը` 5910

Գլխավոր էջ