Նժդեհ. «Պատերազմի մասին չեմ պատմում, որ շուտ մոռանամ»…
Նժդեհի հետ իր ծննդյան օրը հանդիպեցինք…
-Դե քանի տարեկան ես Նժդեհ ջան,- սովորականի պես սկսեցի մեր զրույցը:
-12, չէ վայ, այսօր դարձա 13,- ժպտում է Նժդեհը և պարզվում է նրա ծննդյան օրն է…
-Մոմ փչելիս երազանք պահել ես՞:
-Հա մեկը ինձ համար, բայց այդ մեկը չեմ ասի, գաղտնիք է (ժպտում է), մյուսն էլ բոլորիս համար, որ էլ պատերազմներ չլինի իմ երկրում ու էնտեղի բոլոր մարդիկ առողջ լինեն:
Սիրիայի դեպքերից հետո Նժդեհ Կրպոյանի ընտանիքը շատերի պես որոշում կայացրեց հեռանալ երկրից և եկան Հայաստան:
Նժդեհը չի սիրում հիշել պատրեազմը.
-Չեմ պատմում, որ շուտ մոռանամ,- ասում է Նժդեհը և փոխարենը սիրով պատմում է Հալեպի իր ընկերների, դասերի ու թե ինչպես էր մեծ թենիսի հաճախում:
-Սպորտ շատ եմ սիրում, հատկապես մեծ թենիս եմ լավ խաղում: Մասնակցեցի համահայկական խաղերին: Երկրորդ մրցանակն ունեմ: Շատ էի ուրախացել, ամենափոքրը նրանցից ես էի, ինձնից տարիքով շատ ավելի մեծերն էին մասնակցում մրցմանը:
Նժդեհի համար հայաստանյան ամենավառ հիշողություններից մեկն էլ «Գուգարք» ճամբարում անցկացված ժամանակ է:
-Ամենից շատ խաղերն ինձ դուր եկան. ֆուտբոլ, բասկետբոլ էինք խաղում: Տարբեր տեղերից երեխաներ կային, սիրիահայ և տեղացի, բոլորս միասին էինք խաղում…
Ամռանը բացի ճամբարից Նժդեհի մայրիկը հուշեց, որ հայրիկին էլ է օգնել.
-Հայրիկս տպագրության փոքրիկ արտադրամաս ունի, խնդրեցի նրան, որ ես էլ աշխատեմ, հայրիկս էլ չմերժեց,- պատմում է Նժդեհը և հավելում, որ արդեն ինքնուրույն էլ է կարողանում տպագրություններ անել,- լինում էր, որ հայրիկս տալիս էր վերնաշապիկը, ես էլ վրան ինքնուրույն անհրաժեշտ պատկերն էի անում:
Վերջերս ծնողները որոշում են կայացրել նոր երկիր մեկնել…. Արդեն իսկ պատրաստ էին ճամպրուկները, բայց Նժդեհը այնքան էլ ուրախ չի, որ կրկին պետք է մեկնեն, ասում է, որ շատ ընկերներ ունի այստեղ.
-Դե իհարկե, դժվար կլինի, նոր շրջապատ, ոչ մեկին չեմ ճանաչում, բայց այստեղի ընկերներիս հետ անպայման կապը կպահպանեմ,- ասում է Նժդեհը:
Դիտումների քանակը` 3538