Հովհաննես. «Սիրիայում ուզում էի բժիշկ դառնալ, հիմա էլ որոշել եմ նկարիչ լինել…»

 

Զինվոր, եկեղեցի, եռագույն… շատերի համար սովորական դարձած այս գեղանկարի թեմատիկայի ետևում պարզվեց մի ամբողջ պատմություն է թաքնված:

 

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանն անցկացվող «Նանսենը և երեխաները»   համերգի ժամանակ հանդիպեցի 12-ամյա Հովհաննես Լևոնյանին, ով  գունային փոքրիկ լուծումներով՝ ավարտին էր հասցնում գեղանկարը:

 

«Իմ հայրիկը» այսպես էր տղան անվանել նկարը, որը պարզվեց իրական պատմություն ունի:

 

–         Իմ հայրիկին եմ փորձել պատկերել իր ընկերների հետ: Սիրիայում հայրիկս զոհվել է պատերազմի ժամանակ: Դրա համար էլ որոշեցի զինվորական հագուստով նրան պատկերել: Ու շատ էի ուզում, որ եկեղեցի լինի նաև, սուրբ Սարգիս եկեղեցին եմ պատկերել ու մեր եռագույնը,- պատմում է Հովհաննեսը:

Արդեն մեկ տարի է, ինչ Հովհաննեսը իր քրոջ, եղբոր ու մայրիկի հետ տեղափոխվել են Հայաստան ապրելու:

 

–         Մեզ հետ է նաև տատիկս, հորեղբայրս, բայց մայրիկիս մայրիկը, մորաքույրներս տարբեր տեղեր են՝ Սիրիայում, Լիբանանում… առաջ լավ էր, բոլորս միասին էինք, հիմա չէ: Ասում եմ, որ իրենք էլ գան մեզ միանան, ասում են, խոսք են տալիս, բայց դեռ չեն անում,- ժպտում է:

 

Հովհաննեսը քույրիկի հետ միասին հաճախում է Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց, շատ է սիրում նկարել նաև քանդակագործությամբ է զբաղվում: Հատկապես սիրում է դիմանկարներ պատկերել.

 

–         Հենց առաջին նկարը, որ արեցի մի տատիկի էի պատկերել, հորեղբայրս նկարիչ է, երբ տեսավ, հավանեց ու ասաց, որ պետք է շարունակեմ նկարել: Հետո եկանք այստեղ, հիմա նաև կավից եմ բաներ պատրաստում,- ասում է Հովհաննեսը և ցույց տալիս մի փոքրիկ կավե քանդակ,- ձկնորսի եմ պատկերել, ունեմ այս քանդակի ավելի մեծ տարբերակը, հիմա էլ ուզեցի, որ միայն դեմքը լինի:

 

Իմ հարցին, թե քույրիկին չես փորձել նկարել, ժպտում է.

 

–         Մի անգամ նկարեցի, շատ տգեղ ստացվեց, էլ չեմ նկարում, բայց մի անգամ կավից մի աղջիկ էի պատրաստել ու քույրիկիս նվիրել, էն էլ փոքր եղբայրս գլուխը վնասեց,-ծիծաղում է…

 

Հովհաննեսը պատմում է և Հայաստանի իր բացահայտումների մասին, սկսելով ճաշացանկից.

 

Մի անգամ հորեղբայրս գումար տվեց և ասաց, որ գնամ ու մեր մոտի խանութից խաչապուրի գնեմ: Ես երբեք Սիրիայում խաչապուրի չէի կերել… շատ հավանեցի: Այ օրինակ առաջին անգամ էստեղ եմ կանաչ պոմիդոր տեսել, մեզ մոտ չկար, դա էլ հավանեցի,- ասում է Հովհաննեսը:

 

Իսկ ահա դժվարությունների համար առաջինը խոսում է լեզվի խնդրի մասին.

 

–         Բակում հաճախ, որ «սխալ» էի խոսում, երեխաները ծաղրում էին, իսկ դպրոցում էդպես չէր, տնօրենը, ուսուցիչները, երեխաները, բոլորը ինձ լավ էին վերաբերում… Ամենից շատ դասարանում Դավիթի հետ եմ ընկերություն անում, իրեն արաբերեն համարյա բոլոր տառերը սովորեցրել եմ: Դպրոցում հաճախ էին ինձ ասում՝ արաբերեն բառեր իրենց սովորեցնեմ:

 

Իսկ ահա Սիրիայում ամենից շատ ընկերներից Վրեժին է կարոտում.

 

–         Իմ ամենամոտ ընկերն է Վրեժը, հիմա իրենք Լիբանանում են, բայց հաճախ ենք իրար զանգում, խոսում: Ասում եմ, որ գա մեզ մոտ, խոստացել եմ, հենց գա մեր հրապարակն եմ ցույց տալու, որ ես էլ առաջին անգամ եկա, էնտեղ էինք գնացել:

 

Հովհաննեսը պատերազմի մասին խոսել չի սիրում,  իմ հարցին, թե ինչ ես տեսել, լռում է, բայց  հետո, թե մի անհանգստացեք, ասեք, ինչ եք ուզում իմանալ, կպատմեմ.

 

–         Սնայպերով մարդկանց եմ տեսել, հենց դեմ դիմաց ու շատ էի վախեցել ու մի կերպ, չգիտեմ ոնց,  վազեցի տուն հասա, մեր շենքի վերևն էլ մի անգամ ռումբ պայթեց, վերջին անգամն էլ հարձակվել էին մեր բակի վրա….

 

Հիմա ամենից շատ հայրիկիս եմ կարոտում ու մեր տունը, բայց եթե անգամ խաղաղ էլ լինի, չեմ գնա, էստեղ հարազատ ա,- ասում է Հովհաննեսը:

 

Հովհաննեսն ասում է, որ երազանքները փոխվել են.

 

–         Սիրիայում ուզում էի բժիշկ դառնալ, հիմա էլ որոշել եմ նկարիչ լինել…

 

Դիտումների քանակը` 4258

Գլխավոր էջ