ՅՈՒՆԻՍԵՖ: դպրոցների անվտանգությունը Հայաստանում Սպիտակի երկրաշարժից 27 տարի անց

Դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երկրորդ տարեկան «Activate Talks» միջոցառումը, որն այս տարի կրում էր «Գիտելիք հանուն կյանքի» կարգախոսը և նվիրված էր դպրոցների անվտանգության թեմային: Միջոցառմանը ելույթ ունեցան վեց բանախոսներ, ովքեր ներկայացրեցին թեման տարբեր տեսանկյուններից՝ կառավարության, հանրային հատվածի, երեխաների, դպրոցի ղեկավարության, ինչպես նաև ճարտարապետության և շինարարության: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը, ովքեր կարևորեցին ոլորտի բարեփոխումները և շեշտեցին յուրաքանչյուր քաղաքացու դերը ռիսկերի նվազեցման և անվտանգ միջավայրի ստեղծման համար:

«Այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համար հատուկ օր է», նշեց Տանյա Ռադոչայը: «Այսօր մեկնարկում է հիմնադրամի 70-ամյակը, որը կնշվի 2016 թվականին ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում, նշանավորելով երեխայի իրավունքների ոլորտի և´ ձեռքբերումները, և´ խնդիրները, որոնց դեռ պետք է միահամուռ կերպով լուծում տանք հետագա տարիների ընթացքում», ավելացրեց նա:

 

Միջոցառմանը ելույթ ունեցավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը: «Երկրաշարժը չէ բնական աղետն, այլ այն, որ մարդիկ, համակարգերն ու համայնքները պատշաճ կերպով պատրաստված չեն դիմակայելու, որը բերում է աղետալի հետևանքների: Յուրաքանչյուրս պետք է մեր մեջ դաստիարակենք անվտանգության մշակույթը և փոխանցենք այն մեր երեխաներին», – ասաց նա: Աշտարակի թիվ 1 հիմնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Բարսեղյանը քննարկեց դպրոցի մակարդակով աղետների ռիսկի նվազեցման աշխատանքների կազմակերպման ձևերը՝ երեխաներին լավագույնս ներգրավելու և կրթության միջոցով զարգացնելու նրանց դիմակայունությունը աղետների հանդեպ:

Մասնակիցները նաև լսեցին Երևանի թիվ 14 հատուկ հանրակրթական դպրոցի սան Սյուզի Ալեքսանյանին, ով կարևորեց հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումն ու ինքնուրույնության խթանումը, որի միջոցով նրանք նույնպես կարող են իրենց դերն ունենալ աղետներին դիմակայելու գործում:

 

Միջոցառումն ամփոփվեց «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Մերուժան Մինասյանի ելույթով, ով շեշտեց յուրաքանչյուր անձի անվտանգության կարիքների ապահովումը շինարարության և ճարտարապետության տեսանկյունից: «Երևանի դպրոցների մոտավորապես 30 տոկոսը չեն ապահովում անվտանգ միջավայր երեխաների համար, որը ծնողները հաճախ անտեսում են իրենց երեխայի համար դպրոց ընտրելիս», նշեց նա:

 

2014 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցել է Հայաստանի կառավարությանը, քաղաքային ճարտարագետ-շինարարներին և շահագրգիռ այլ կողմերի՝ կիրառելու դպրոցների անվտանգության մեթոդաբանությունը, որը հիմնված է 20 նախատիպային դպրոցների նախագծերի վերլուծության վրա: Գնահատվել են 60 առավել մեծ ռիսկի ենթակա դպրոցներ, որոնցից հինգը խորհուրդ չի տրվել այլև շահագործել որպես դպրոց, իսկ 55 դպրոց առանձնացվել է որպես խոցելիության բարձր աստիճան ունեցող,և առաջարկվել է իրականացնել դրանց արդիականացում ու վերակառուցում: 2015թ. հուլիսին Հայաստանի կառավարությունը հաստատեց 2015-2030 թթ. համար մշակված հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որը կնպատակաուղղվի 380 հանրակրթական դպրոցների: Առաջիկա 15 տարվա ընթացքում այդ դպրոցները կամրապնդվեն կամ նորից կկառուցվեն, իսկ դպրոցներից 46-ը կընտրվեն առաջիկա 5 տարվա համար:

 

Թումո կենտրոնում տեղի ունեցած միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման գործողությունների կայունության ապահովում Միջին Ասիայում և Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

 

 

 

###
«Activate Talks» միջոցառման ձևաչափը մշակվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից 2014 թվականին «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակի առթիվ՝ կրելով համախմբող դեր, որպեսզի կառավարությունները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածը, կրթական հաստատություններն ու այլոք միասին քննարկեն լուծումներն այն խնդիրներին, որոնց բախվում են ամենախոցելի իրավիճակում հայտնված երեխաները:

 

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունը: Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում՝ ստանձնած պարտավորությունները գործնական քայլերի վերածելու համար և առավել խոցելի ու մեկուսացված երեխաներին աջակցելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նպաստել բոլոր երեխաների բարեկեցությանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և տարվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկատվության համար  այցելեք  www.unicef.org

 

 

Դիտումների քանակը` 3605

Գլխավոր էջ