Սիրիահայ ձեռներեցներ. «Կին լինել չլինելը որևէ բանով չի խանգարում: Եթե աշխատող ես, ուրեմն կաշխատես»:

Սիրիահայ ձեռներեց կանայք՝   Արևելյան արտադրանքի «Հալեպ» խանութների ցանցի հիմնադիր Ալին Սարյանը և  «Հայլենդ էկովիլիջ» համալիրի հիմնադիր Քերոլայն Զաքարյանն ուրախությամբ են փաստում, որ Հայաստանում բիզնես նախաձեռնելիս ոլորտում միակն են եղել: Սակայն այսօր պատրաստ են մրցակցությանը:

 

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը՝  երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարելով այսօր մեկնարկելիք ամենամյա բարեգործական տոնավաճառի մասին,  հատուկ ներկայացրեց նաև  հայրենիքում գործարարությամբ զբաղվող ու դրական արդյունքներ գրանցած այս կանանց:

 

«Իմ լավ ընկերները, իմ գործընկերները Ալին Սարյանը և  Քերոլայն Զաքարյանը, մարդիկ ովքեր իրենց օրինակով շատ բան ունեն սովորեցնելու մեզ բոլորիս, անձամբ ինձ: Երկուսն էլ Հայաստան են վերադարձել, հայրենիքում հիմնել են իրենց բիզնեսները, փաստորեն ոչ միայն ապահովում են իրենց տնտեսական կայունությունը, այլև մի քանի հարյուր ընտանիքի տնտեսական կայունության հարց են կարգավորում իրենց գործունեությամբ»,-ասել է Լ. Ասատրյանը:

 

Ալին Սարյանը խոստովանում է՝ սկզբում շատ դժվար էր. «Հայաստան եկանք 1998-ին, մասնագիտությամբ շինարար էի, աշխատում էի Հալեպի քաղաքապետարանում: Մենք մեր որոշումով եկանք: 98-ին այստեղ շինարարության ոչ մի նշույլ չկար: Հետևաբար սկսեցի մտածել, ինչից սկսել: Քանի որ այնտեղ ընդգրկված էի Հին Հալեպի զարգացման ծրագրում, հետևաբար ծանոթ էի իրենց ամեն ինչին՝ բույրին, համեմունքներին, մշակույթին: Որոշեցի  դա օգտագործել: Սկսեցի փոքրից: Կին լինել չլինելը որևէ բանով չի խանգարում: Եթե աշխատող ես, ուրեմն   կշարունակես աշխատել»:

 

Ձեռներեց կինը հիշում է, որ պատերազմի ավարտից շատ չէր անցել, օրենքներն անընդհատ փոփոխվում էին. «Հաշվապահս չէր հասցնում օրենքները յուրացնել, երկու ամիս անց նորից փոխվում էին: Սկիզբը այդ գործում մենակ էի, ոչ ոքի մտքով չէր անցել նման բան անել: Նորություն էր: Դա ինձ բավական օգնեց: Հիմա ինչպես ամեն ոլորտում, այստեղ էլ մրցակցություն կա: Եվ ես պատրաստ եմ»:

 

Ինչո՞ւ Հայաստան եկող սիրիահայերի մեծ մասը դժգոհում է, որ չի կարողանում որևէ բանով զբաղվել. «Իրենք պարտադրողաբար դուրս եկան այնտեղից, ոչ իրենց կամքով: Դա մեծ նշանակություն ունի: Հետո, եթե ռեալ պիտի խոսեմ, ապա սկզբում ես էլ կարծում էի, որ Հայաստանն է պատճառը: Հետո ասացի՝ չէ, մի վայրկյան, այդպես չէ, ուր էլ տեղափոխվես, դա իր հետ բերում է համակերպվելու անհրաժեշտություն: Իրենք դեռ չեն ուզում համակերպվել»:

 

«Հայլենդ էկովիլիջ» համալիրի հիմնադիր Քերոլայն Զաքարյանն  էլ ձեռներեցության իր ոլորտում շատ մրցակիցներ չունի. ««Էկոռեզորթ» չկար Հայաստանում, երբ մենք սկսեցինք: Մենք ունենք ռեստորան՝ հայկական ու լիբանանյան խոհանոց, սնունդ էկոլոգիապես մաքուր է: Մեր սնունդը պատրաստված է մեր արտադրանքից: Քանի որ այդպիսի բան չկա Հայաստանում, մեր բիզնեսն անմիջապես ծաղկեց: Ունենք փայտից սարքված հյուրանոց: Երբ նոր էինք սկսում գործը, մտածում էինք, որ հիմնական հաճախորդները լինելու են տուրսիտներ ու արտասահմանցիներ, բայց ուրախ եմ ասելու, որ մեծ մասամբ հաճախորդները Երևանից են, կազմակերպություններն են»:

 

Զաքարյանը ցանկանում է իր փորձը ներկայացնել հայաստանցի կանանց, օգնել նրանց. «Եթե չես տեսել նման բաներ, ինչպես կարող ես  սկսել նման գործ ու ղեկավարել: Այստեղի կանայք դեռ սովորելու բաներ ունեն, և ես վստահ եմ, որ կամաց-կամաց իրենք էլ կսկեն ու հաջողություն կունենան»:

 

Ալին Սարյանն այլ կարծիք ունի: Խոստովանում է, երբ  նոր Հայաստան էր եկել, տղամարդկանց էր «փնտրում». «Սննդի շուկայում կանայք էին, ոսկու շուկայում կանայք էին, դպրոցներում կանայք են: Լուրջ եմ ասում, այս երկիրը մայրերի ուսերի վրա էր, 98-ին ուղղակի խեղդվում էի, ասում էի՝ ուր են, տեսնում էի 5-6 տղամարդ միմյանց հետ զրուցում են, արևածաղիկ են ուտում: Հիմա պատկերն այլ է, բայց եթե ձեր մայրերն ու քույրերը 98-ին չլինեին…»:

 

Սիրիահայ այս կանայք իրենց արտադրանքը, փորձն ու հաջողությունները ներկայացրել են  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից  կազմակերպված  բարեգործական ամենամյա տոնավաճում: Այցելուների թվում են նաև Հայաստանում հավատարմագրված դիվանգիտական ներկայացուցչությունների ղեկավարների կանայք: Լիլիթ Ասատրյանն ասում է, որ միջոցառման նպատակը կին արտադրողներին խրախուսելն է:

 

«Այն միջոցները, որ հանգանակվում են, մենք ուղղում ենք կոնկրետ նպատակների իրականացմանը, մասնավորապես այս պարագայում մեր նպատակն է  խրախուսել ձեռներեցությունը մեր երկրում: Կանանց կողմից փոքրիկ, նորարարական բիզնես գաղափարները պատրաստ կլինենք հնարավորությունների սահմաններում աջակցել ու ֆինանսավորել, որպեսզի կյանքի կոչվեն»,- ասում է  ասոցիացիայի նախագահը:

 

Նշենք, որ տոնավաճառն անցնում է  Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում :

 

Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 4360

Գլխավոր էջ