«Կարծրատիպերը կոտրվում են». հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները Հայասատնում

«Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն  Արմեն Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող հայաստանցիների խնդիրների մասին:  Մինչ «Պոստ Սկրիպտում» ակումբ հասնելը լրագրողներից մի քանիսն ականատես եղան, թե ինչ մեծ դժվարությամբ սայլակով շարժվող Ալավերդյանը հասավ  3-րդ հարկ: Տիգրան Մեծ հրատարակչության շենքի վերելակը, որի օգնությամբ կարող էր վերև բարձրանալ Ալավերդյանը, չէր աշխատում: Երկու տղամարդ սայլակի կողքերից բռնած նրան մամուլի ակումբ հասցրեցին: Ալավերդյանն արդեն ասուլիսի ընթացքում երևույթը խտրականություն որակեց:

 

Լուսանկարներում՝ «Ունիսոն» ՀԿ-ի կողմից կազմակերպած ֆլեշմոբը

 

 

«Ինչո՞ւ եք սահմանափակում իմ կարողությունները» 

 

Ալավերդյանը ներկա լրագրողներին կոչ արեց  օգտագործել հաշմանդամություն ունեցող տերմինը, «սահմանափակ կարողություններ ունեցող»-ի փոխարեն: Նկատենք, որ Հաշմանդամություն ունեցող անձանց   միջազգային օրվա կապակցությամբ  մի շարք պաշտոնական  ուղերձներում, այդ թվում   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի  ուղերձում   հենց «սահմանափակ կարողություններով անձինք» ձևակերպումն է օգտագործել:

 

«Ինչո՞ւ եք սահմանափակում իմ կարողությունները: Դուք անսահմանափակ կարողություններ ունե՞ք: Դա, իրոք, վիրավորական է ու սխալ»,-ասաց նա:

 

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին խոսելու, ինչպես նաև, ՄԱԿ-ի ձևակերպմամբ, դրանք լուծելու համար առկա ռեսուրսների մոբիլիզացման օր է:

 

«Իհարկե ոչ միայն այդ օրը, սակայն դա ևս մի առիթ է այդ մասին մտածելու համար»,-ասաց Ալավերդյանը:

 

Այս տարի ՄԱԿ-ն առանձնացրել է 3 առաջնահերթ խնդիրներ՝ մատչելի և ներառական քաղաքներ, վիճակագրական տվյալների ճշգրտում ու դրանց հետ կապված խնդիրների լուծում, «անտեսանելի» հաշմանդամություն:

 

«Վերջին դեպքում խոսքը հոգեբանական ու մտավոր խնդիրներ ունեցողների մասին է: ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում տարեկան 1 մլն մարդ ինքնասպանության է դիմում, նրանց  մեջ շատ են նման խնդիրներ ունեցող մարդիկ: Սա ևս մեր երկրին վերաբերում է»,-ասաց Ալավերդյանը:

 

Կարծրատիպերի մասին

 

Կազմակերպության նախագահը համեմատում է Հայաստանում այս ոլորտում 20 տարի առաջ և հիմա եղած ու առկա խնդիրները. «Անհամեմատելի է: Լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների աշխատանքի շնորհիվ մենք լրիվ փոխել ենք հասարակական մտածելակերպը: Ես կարող եմ ասել, որ անձամբ ինձ համար, զգալի փոփոխությունն այն է, որ ես Երևան քաղաքի փողոցներում, զբոսայգիներում հանգիստ կարող եմ զբաղվել իմ գործերով, ու ոչ ոք խղճահարությամբ լի հայացքը չի սևեռում վրաս: Սովետական այս կարծրատիպը մենք կոտրեցինք»:

Մատչելի քաղաքի մասին

Ինչ վերաբերում է քաղաքի մատչելիության վերաբերյալ հարցին, ապա այստեղ էլ, ՀԿ նախագահի համոզմամբ, առաջընթաց կա. «Միանշանակ, կա: Հավատացեք: Ես վերջերս վերադարձել եմ Կիև քաղաքից, որը տարածքային առումով ավելի մոտ է Եվրոպային ու ասոցացման հարցերով ավելի առաջ է Հայաստանից: Ես քաղաքի կենտրոնում որևէ անցում չեմ տեսել, որը հարմարացված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց կամ մանկասայլակների համար: Ես չեմ ասում, որ Երևանում ամեն ինչ իդեալական է, բայց փողոցների մեծ մասը հարմարեցված է: Ունենք 10 ավտոբուս, որը չափազանց քիչ է, բայց դա անտեսել, չի կարելի: Ես հորդորում եմ բոլոր պետական մարմիններին, որ այդ բեռն ամբողջությամբ չթողնեն քաղաքապետարանի ուսերին, քաղաքապետարանն այս տեմպերով շատ ուշ կլուծի հարցը: Մենք հենց տրանսպորտով ենք հետ եվրոպական երկրներից»:

 

Ալավերդյանը նկատեց, որ Եվրոպայում էլ ամեն ինչ իդեալական չէ, սակայն լուրջ մշակութային օջախները, առևտրի կենտրոնները, պետական հիմնարկները հարմարեցված են հաշմանդամություն ունեցողներ մարդկանց համար:

 

«Կան հարմարեցված մուտքեր, վերելակներ, սանհանգույցներ: Բայց կան փոքր օբյեկտներ, որոնք մատչելի չեն»,-ասաց նա:

 

ՀԿ նախագահին առավել անհանգստացնում է փաստը, որ անաշխատունակ մարդկանց ամսական տալիս են 20 հազար դրամ թոշակ. «Կարելի՞ է գոյատևել դրանով: Թող փորձեն 20 հազար դրամ տվողները մեկ ամսվա ընթացքում ապրեն այդքան գումարով: Այստեղ խախտվում է  մարդու կյանքի իրավունքը, ոչ թե արժանապատվությունը: Մարդն ամբողջությամբ կախված է իր հարազատներից, բարեկամներից, հարևաններից»:

 

 Հաշմանդամություն ունեցող երեխաների  խնդիրների մասին

 

«Երեխան պետք է լինի հասարակության մեջ, եթե երեխան մեկուսացված է, ապա առողջական ու այլ խնդիրները երկորրդ պլան են մղվում, որովհետև երեխան զարգանում է իր հասակակիցների հետ շփման միջոցով»,-ասաց Արմեն Ալավերդյանը:

 

Կազմակերպության նախագահն ընդգծում է, որ նախակրթարաններից սկսած Հայաստանում իրական ներառականություն չկա. «Մանկապարտեզներում շատ մեծ խնդիրներ են առաջանում, երբ հաշմանադամություն ունեցող երեխայի ծնողները ռիսկի են դիմում ու երեխային ուսումնական հաստատություն տանում: Նույնիսկ ներառական 150 դպրոցները չեն կարող ընդունել սովորելու ունակ հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաներին: Օրինակ, կույր երեխային կարո՞ղ է ներառական դպրոցն ընդունել: Ասենք, ընդունեց: Ոչ խոսող գրքեր ունեն, ոչ բրայլյան գրեր ունեն, ոչ մասնագետներ ունեն, ի՞նչ պետք է անի երեխան այնտեղ: Եվ մենք մինչև 2025 թ. պետք է ունենանք 100 տոկոսով ներառական դպրոցներ, ավելի լավ է դանդաղ գնանք, որովհետև գաղափարը փայլուն է, բայց իրականացումը կաղում է»:

Հաշմանդամություն ունեցողները և աշխատանքը

 

ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կարինե Մադոյանի խոսքով, հաշմանդամություն ունեցող մադկանց մի մասը խնդիրները ձեռք է բերել աշխատավայրում: Նա հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք ունի առողջ և անվտագ աշխատանքի իրավունք: Անվտանգ պայմաններ ստեղծելու պարտականությունը դրված է գործատուի վրա:

 

«Գաղտնիք չէ, որ ոչ բոլոր գործատուներն են ցանկանում լրացուցիչ ծախսեր կատարել անվտանգ պայմաններ ստեղծելու համար: Աշխատավայրում անվտագ պայմանների վերահսկողությունն իրականացնում էր աշխատանքի պետական տեսչությունը, որը հիմա չի գործում: Միգուցե դա էր պատճառը, որ 2013-ին  աշխատավայրում մահացու ելքով 2 դեպք էր գրանցվե, իսկ 2014-ին այն հասել էր 9-ի»,-ասաց Մադոյանը:

 

Հայաստանի Գործատուների միության հաշմանդամություն ունեցող անձանց խմբի նախագահ Նուշիկ Մելքոնյանն էլ առաջընթաց որակեց օրենքի ընդունումը, որի համաձայն, պետական սեկտորը պետք է աշխատանքի ընդունի հաշմանդամություն ունեցող մարդկանց, պահանջը շուտով կտարածվի նաև մասնավոր սեկտորի վրա:

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 4467

Գլխավոր էջ